Պատմության հայկական օրը. մարտի 31


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում հանդիպում է Ի. Ալիևին, Ադրբեջանի նախագահը սպառնում է` «խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը զորքը դուրս բերի Ադրբեջանի տարածքից»։

  • Պետքարտուղար Ջոն Քերրիի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպումը տեղի էր ունեցել Միջուկային անվտանգության գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Ալիևը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր գործադրելու համար, միաժամանակ, պնդել ` «խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը և անհապաղ ու առանց նախապայմանների զորքը դուրս հանի Ադրբեջանի տարածքից»։
  • Ժամեր անց սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

2011 - Սերժ Սարգսյանն անդրադառնում է Ստեփանակերտից թռչող կամ այնտեղ վայրէջք կատարող առաջին քաղաքացիական օդանավը ռմբակոծելու մասին Ադրբեջանի հայտարարություններին. «Այդ ավիաթռիչքի առաջին ուղեւորը ես եմ լինելու... Շվեյցարիայի համադաշնությունն ամբողջովին մեզ կպաշտպանի»։
2005 - Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ ցավոտ է լինելու և հայերի, և ադրբեջանցիների համար։ 

  • Սակայն գաղտնի ոչինչ չի արվելու։ «Էդ հո գրիչ չի, որ գաղտնի հանես, ընկերոջդ տաս»,- պարզաբանում է Սերժ Սարգսյանը։

2001 - Կոմունիստների համագումարում հայ կոմունիստները Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում են որպես Արևմուտքի կամակատար։
2000 - Հայաստան էր ժամանել Համաշխարհային սկաուտական շարժման առաջնորդ Ժակ Մորելոն։ 

  • Նա Հայաստանի իշխանություններից պահանջում էր արդար դատաքննություն իրականացնել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի նկատմամբ։ Մորելոն Հարություն Հարությունյանին անվանեց աշխարհի գլխավոր սկաուտներից մեկը։

2004 - Հայաստանում իշխանափոխության են սպասում։ 

  • Ռոբերտ Քոչարյանի ենթականերն ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանին և Արտաշես Գեղամյանին սպառնում են ձերբակալությամբ։ «Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ, երբ բացեիբաց ասում են, որ լինելու է արյունահեղություն, կարծում եմ, որ իրավապահ մարմինները անելիք ունեն»,- Ազգային ժողովում լրագրողներին ասում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

1998 - ԵԱՀԿ դիտորդները հայտարարում են, որ նախորդ օրը կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլը գովեստի արժանի է։ 

  • Սակայն դեռ շատ հեռու է եվրոպական չափանիշներից՝ խաբել են ընտրողներին, կեղծվել են ընտրողների ստորագրությունները, բազմաթիվ էին անօրինական քվեաթերթիկները։

1998 - Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է ընտրատեղամասերից մեկը և հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը՝ Քոչարյանի օգտին քվեարկված հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ 

  • Հանձնաժողովի անդամ Էմմա Խուդաբաշյանը կարճ և ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։

1995 - Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է:

  • «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, ըստ որի բանակցային ողջ գործընթացին, այդ թվում`Մինսկի համաժողովի մասնակից են երկու պետություններ և մեկ այլ հակամարտող կողմ` Լեռնային Ղարաբաղը: Սրանից բացի, Մինսկի համաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին կարող են հրավիրվել շահագրգիռ այլ կողմեր»:
  • Հենց այդ`Մինսկի համաժողովում էլ պետք է որոշվեր Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը:

1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
1992 - Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
1909 - Հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը։

  • 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Նիկիտա Մնդոյանց (ծնվ. Մոսկվա), դաշնակահար, կոմպոզիտոր
1958 - Բոհումիլ Կլեպլ (ծնված. Մոսկվա), հայազգի չեխ դերասան
1939 - Ռուբեն Ալթունյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009)
1929 - Լևոն Վարդանյան (ծնվ. Երևան, մ. 2015), դերծովակալ, ռազմական հետախույզ
1926 - Կիմ Արզումանյան (ծնվ. Գորիս, մ. 2002), դերասան, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)

  • Կինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի մետաքսյա Սիմոնյանն է (1926-1987)։

1923 - Վազգեն Գևորգյան, հայ գրականագետ, թարգմանիչ
1918 - Անդրանիկ Տեր-Ստեփանյան (ծնվ. Սիմֆերոպոլ, մ. 1996), հրթիռային համալիրների ինժեներ-կոնստրուկտոր
1913 - Թաթուլ Դիլաքյան, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1908 - Զավեն Բախշինյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1989), Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ
1907 - Մարգար Սեդրակյան (մ. 1973), կոնյակագետ, ինժեներ-տեխնոլոգ, Հայկական ԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961)

  • Սեդրակյանի ստեղծած կոնյակները բազմիցս ոսկե մեդալների են արժանացել կոնյակների համամիութենական և համաշխարհային մրցույթներում։
  • Սեդրակյանի հիշատակին նվիրված է «Վասպուրական» կոնյակը։
  • Երևանի կոնյակի գործարանի շենքի առջև կանգնեցվել է Սեդրակյանի արձանը:

1888 - Ալֆրեդ Օհանովիչ (ծնվ. Լվով, մ. 1984) քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր, փաստաբան, սենատոր, հայ համայնքի ակտիվիստ