Պատմության հայկական օրը. մարտի 7


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:

  • Ավելի ուշ պարզ է դառնում, որ միջնորդերը կողմերին առաջարկել էին լրացնել բանակցային ձևաչափն ու հանդիպումներ անցկացնել նաև նախագահների հատուկ ներկայացուցիչների միջև: Վերջին տարիներին Ալիևն ու Քոչարյանը ավելի քան 15 հանդիպում էին ունեցել, սակայն, բանակցությունները ցանկալի արդյունքը չէին տվել: Գործընթացը աշխուժացնելու համար որոշվում է 2-3 ամիսը մեկ հանդիպումներ կազմակերպել նախագահների անձնական ներկայացուցիչի միջև: Հայաստանում այդ պաշտոնը ստանձնում է փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը, Ադրբեջանում` փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

1992 - Հայաստանի Հարապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • 1992թ. նոյեմբերին Սիրիայում բացվեց Հայաստանի դեսպանությունը:
  • 1993թ. փետրվարին Հալեպում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
  • 1997թ. սեպտեմբերին Հայաստանում հիմնվեց Սիրիայի դեսպանությունը:

1981 - Բացվեց Երևանի Մետրոպոլիտենը. առաջին գնացքները սկսում են երթևեկությունը։

  • Այդ օրը շահագործման է հանձնվում հինգ կայարան` «Բարեկամություն», «Սարալանջի» (1983 թվականին վերանվանվում է «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (1992 թվականին վերանվանվում է «Հանրապետության հրապարակ»), «Սասունցի Դավիթ»:

1929 - ՀԽՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատում է քրդական նոր այբուբենի կիրարկման պլանը:

  • Խորհրդային կարգերի հաստատումից հետո քրդերն օգտագործում էին Հակոբ Ղազարյանի (Լազո) կազմած այբուբենը, որը հայտնի էր «Շամս» անունով: Հետագայում պարզվում է, որ այբուբենն ուներ լեզվագիտական թերություններ, ուստի որոշվում է կազմել նորը:
  • Լատինատառ քրդական այբուբենը ստեղծելու աշխատանքներն իրականացնում են Արաբ Շամիլովը և Իսահակ Մարագուլովը, որն էլ ավարտվում է 1929-ին:
  • Պրոֆեսոր Հովսեփ Օրբելուն առաջարկվում է մինչև 1929թ. վերջը կազմել քրդերենի քերականությունը և ներկայացնել ՀԽՍՀ լուսժողկոմատին:

1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Անահիտ Մխիթարյան (ծնվ. Նյագան), ռուս ձյուդոիստ, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ
1983 - Ռեմի Փանոսյան (ծնվ. Մոնպելյե, Ֆրանսիա), ֆրանսիացի դաշնակահար և կոմպոզիտոր
1974 - Եվա Ադալյան (ծնվ. Երևան), դեկորատոր նկարիչ, դիզայներ, ֆլորիստ

  • Ամեն տարի մասնակցում է ինչպես Սփյուռքի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Քալիֆորնիայի տարբեր քաղաքների համայնքների կազմակերպած տասնյակ ակցիաների և շոուների: 
  • Եղբայրը՝ Մարտիրոս Ադալյանը, Լոս Անջելեսում հայտնի աբստրակցիոնիստ նկարիչ է։

1964 - Արմեն Հարությունյան (ծնվ. Երևան), մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում
1943 - Բոբ Ավագյան (ծնվ. Ֆրեսնո), ԱՄՆ հեղափոխական, Կոմունիստական կուսակցության ղեկավար
1939 - Ֆլորին Խալաղյան (մ. 2019), ռումինացի ֆուտբոլիստ և մարզիչ

  • Ունեցել է «Արմեանուլ» (հայ) մականունը։

1932 - Կարապետ Եղիազարյան (մ. 1983), հայ նկարիչ, գոբելենատոր, ՀՀ վաստակավոր նկարիչ 
1927 - Էդգար Էլբակյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1988), դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)

  • Էդգար Էլբակյանը հայտնի և սիրված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

1910 - Մկրտիչ Մազմանյան (մ. 1977), հոգեբան, մանկավարժական հոգեբանության մասնագետ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1896 - Գրիգորի Ահարոնյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1980), քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1888 - Ստեփան Բաղդասարյան, հայ դրամատուրգ, բժիշկ
1871 - Օլգա Մայսուրյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1931), դերասանուհի, հայկական բեմի վարպետ
1862 - Յոզեֆ Ստրժիգովսկի (ծնված. Բիալա, Լեհաստան, մ. 1941), ավստրիացի գիտնական արվեստաբան

  • 1918 թ. Վիեննայում Ստրժիգովսկին ավարտել է հայկական ճարտարապետության պատմության «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատությունը։ Դրանում Ստրժիգովսկին ծավալուն համեմատական ուսումնասիրություն է անցկացրել Բյուզանդիայի, Իրանի և Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության զարգացման գործում Հայաստանի ունեցած դերի վերաբերյալ։

1837 - Գևորգ Չմշկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1916), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թարգմանիչ

  • Չմշկյանը հայկական ռեալիստական բեմական արվեստի հիմնադիրն է։