Պատմության հայկական օրը. նոյեմբերի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ռազմական հետախույզի օրը

  • Նոյեմբերի 5–ին հայկական բանակը նշում է Հետախույզի օրը: 1992թ. այս օրն ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։
  • Ռազմական հետախուզությունը գործող կամ հավանական հակառակորդի ռազմական ռեսուրսների ու հնարավորությունների, խոցելի կողմերի մասին տեղեկատվության հավաքագրումն ու մշակումն է կատարում: Այն լինում է մարտավարական և ռազմավարական:

Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին հոգիներ են՝ իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ: 
  • Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս.  Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: 
  • Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, որին տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Ս. Գրքում (Դան. Ժ 13, ԺԲ 1, Հուդ. Ա 9, Հայտ. ԺԲ 7):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-05, 2023-11-11, 2024-11-09, 2025-11-08, 2026-11-07, 2027-11-06, 2028-11-09, 2029-11-08, 2030-11-09։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2013 - «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր կողմնակիցների հետ Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» են սկսում՝ իշխանափոխության պահանջով: 

  • Հենց Մաշտոցի պողոտայում ոստիկանությունը կանգնեցնում է երթը, հարձակվում երթի մասնակիցների վրա ու բերման ենթարկում մեծ մասին, ներառյալ Շանթ Հարությունյանին։
  • Lետագայում նրանցից 10-ը դատապարտվեցին 4-ից 7 տարվա ազատազրկման:
  • Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։

2009 - Հայաստանում պաշտոնապես գործունեություն է սկսում ֆրանսիական «Օրանժ» հեռահաղորդակցության ընկերությունը։ 

  • Եվրոպայում այս ընկերությունն ունի 186 միլիոն բաժանորդ: Հայաստանում այս պահի դրությամբ «Օրանժի» համարները ձեռք բերելու համար գրանցվել է 70 հազար մարդ:

2004 - Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ է անում Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանին: 

  • Նա Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով ներկայիս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

2002 - Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։

  • Համաձայնագրով նախատեսվում էր, որ հայկական ձեռնարկությունները ռուսներին կփոխանցվեն մինչև 2003թ. մարտի 31-ը։
  • Առ այսօր Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն տվել այն հարցի պատասխանը, թե այդ պարտքը որտեղից գոյացավ: Մենք հանգիստ կարող ենք ասել. յուրացրել են: 

2001 - Բաքու և Ստեփանակերտ կատարած այցից հետո Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 

  • Նրանք տարածաշրջան են ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման բոլորովին թարմ գաղափարներով, որոնք Փարիզյան և Քիվեսթյան բանակցությունների մշակված տարբերակներն են:
  • Միայն Քոչարյանի հետ հանդիպումից հետո է պարզվում, որ դրանք ամենևին էլ նոր գաղափարներ չեն, իսկ նախագահ Ալիևի խորհրդական Նովրուզ Մամեդովն ասել էր` «Վերջին առաջարկություններում ես առանձնապես փոփոխություններ չեմ տեսնում Ադրբեջանի համար: Դրանք մեզ համար անընդունելի են»:

1998 - Լրագրողներին է հանդիպում ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ 

  • Նա կոնկրետացնում է, թե ինչու Հայաստանում ձախողվեց սեփականաշնորհման քաղաքականությունը, որում ինքն ու Բաբկեն Արարքցյանը ազգային անվտանգության խորհրդում դեմ էին սեփականաշնորհման գնահատման ձևին։

1998 - Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում Հայկոմկուսի որոշմամբ տեղադրվում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը։ 

  • Հուշարձանը կանգնեցվել է տրակտոր չունեցող գյուղի բնակիչների հավաքած գումարով։ «Եթե Լենինը լինի, տրակտորն էլ կլինի»,- եզրակացրել է միայն կոմունիզմի ուրվականին հավատացող ժողովուրդը։

1997 - Քաթարը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

  • Քաթարում բնակվում են մոտ 5.500 հայեր, հիմնականում մայրաքաղաք Դոհայում ։ Հայաստանը դեսպանություն ունի Դոհայում ։

1994 - Երևանում տեղի է ունենում ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բուդրոս Ղալիի հետ, որը հոկտեմբերի վերջին ժամանել էր Հարավային Կովկաս և հանդիպումներ էր ունենում հակամարտության կողմերի հետ:
1992 - Ավարտվում է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը: 

  • Հետագայում նոյեմբերի 5-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հետախուզական զորքերի օր:

1990 - Ստեղծվում է 20 հոգուց կազմված բազմակուսակցական հանձնա­ժողով՝ Սահմանադրության նախագիծ մշակելու համար: 

  • Հանձնաժո­ղովի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Ապաքաղաքականացվեցին բոլոր պետական մարմինները, ուսումնական հաստատությունները, զինվորական ստորաբաժանումները:

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի «Գար դը Լիոն»երկաթուղային կայարանում՝ մեկ վիրավոր, նյութական վնասներ։ 

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։
  • Հայ Գաղտնի Բանակը միշտ հերքել է իր կապը «Օրլի Խմբակ»-ի հետ։
  • Այս խումբը սպառնում էր հարվածել ֆրանսիական թիրախներին, եթե ֆրանսիական պետությունը չբարելավի «Վան» գործողության չորս անդամների վիճակը։ Խմբակն իր հետագա հայտարարություններով պահանջում է ազատ արձակել նաև Օրլի օդանավակայանում նոյեմբերի 11-ին ձերբակալված Հայ Գաղտնի Բանակի անդամ կիրպական կեղծ անցագրով Դիմիտրիու Ջորջիուին, նույն ինքը՝ Մոնթե Մելքոնյանին, որը «Օրլի Խմբակ»-ի գործողությունների արդյունքում շուտով ազատ արձակվեց։

1932 - Մեծ շուքով նշվում է Երևանի 2-րդ հիդրոկայանի շահագործումը, որը ԽՍՀՄ-ում առաջին ավտոմատ կայանն էր։
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Էդուարդ Եգորյան (մ. 1999), քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր
1948 - Ռաֆայել Համբարձումյան, հայ պատմաբան
1927 - Վանուշ Խանամիրյան (մ. 2011), բալետի հայ խորհրդային արտիստ, պարող, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի ղեկավար
1924 - Սերգեյ Գալստյան (ծնվ. Լենինական), երգիչ (լիրիկական բարիտոն), օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ
1911 - Բագրատ Իոաննիսյան, սովետական գիտնական և կոնստրուկտոր

  • Աշխատանքները վերաբերում են խոշոր աստղադիտակների նախագծմանն ու կառուցմանը։ Նրա գլխավորությամբ են ստեղծվել Ալմա Աթայի, Աբասթումանի, Ղրիմի, ԽՍՀՄ ԳԱ հատուկ, Բյուրականի և այլ աստղադիտարանների աստղադիտակները, աշխարհում առաջին 6 մ տրամագծով աստղադիտակը, որում առաջին անգամ կիրառվել է կառավարման նոր տեսակի տեղակայանք։

1904 - Միխալ Այվազ (ծնվ. Եվպատորիա, մ. 1994), խճանկարիչ
1871 - Տեր-Հուսիկ Զոհրաբյան (ծնվ. Մեծ Սալեր, Ռոստովի մարզ, մ. 1942) արքեպիսկոպոս, հասարակական գործիչ

  • Համագործակցել է Ռումինիայի հայկական պարբերական մամուլի հետ, գրել է ռումիներեն։ 1934 թ.հրատարակել «Հայ եկեղեցու պատմություն» գիրքը: