Պատմության հայկական օրը, օգոստոսի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ՝ ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների: Մարգարեներն այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր Իր ժողովրդի հետ և հայտնում Իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, ովքեր խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների մասին` ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը, Սուրբ Հոգու մասին ասում ենք. «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով», մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:
  • Մարգարեները կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Նրանց նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը: Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացան Նոր Ուխտում` Հիսուս Քրիստոսով: 12 մարգարեներն ապրել ու գործել են տարբեր ժամանակներում: 
  • Ովսե: Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո Ն. Ք. 750 թ-ին: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է Իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:
  • Ամովս: Ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ` բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է 8-րդ դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին:
  • Միքիա: Մորեստ գյուղից էր: Ապրել է Ն. Ք. 8-րդ դարում: Նա բոլորին նախազգուշացրել է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության` կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու Աստծո կամքին հնազանդության: 
  • Հովել: Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսել է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին դառնալ դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Ս. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:
  • Աբդիու: Ամենակարճ մարգարեական գիրքն է: Հավանաբար գրվել է Ն. Ք. 587թ.-ից հետո: Մարգարեն հայտնել է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Նա մեզ հաղորդել է այն վերաբերմունքի մասին, որ Եդոմի ժողովուրդը (Եսավի հետնորդները) ունեցել է Իսրայելի ժողովրդի  (Եսավի եղբայր Հակոբի հետնորդները) նկատմամբ:
  • Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, ով ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս հանել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:
  • Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է Ն. Ք. 663 թվականին, ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և Ն. Ք. 612 թ. բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:
  • Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Ն. Ք. 7-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբին:
  • Սոփոնիա: Այս մարգարեն քարոզել է Ն. Ք. 7-րդ դարի վերջին, նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանել է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:
  • Անգե: Գրքում հիշատակվում է Անգե մարգարեի անունը, ով քարոզել է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ Ն. Ք. 520 թվականին:
  • Զաքարիա: Անգե մարգարեի ժամանակակիցն է: Նրա գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում պարունակում է 520-518 թթ. վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ: 
  • Մաղաքիա: Գիրքը գրվել է Ն. Ք. 5-րդ դարի առաջին կեսին: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին փոխել իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-08-01, 2024-07-23, 2025-02-04, 2026-07-30, 2027-07-20, 2028-02-01, 2029-07-24, 2030-02-05:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Ղարաբաղում զոհվում է երկու, Ադրբեջանում` 9 զինվոր: Կողմերը միմյանց են մեղադրում դիվերսիոն փորձ նախաձեռնելու մեջ։

  • Բաքուն շուրջ տասը ժամ ժխտում էր դիվերսիայի ու կորուստների մասին տեղեկությունները, մինչև հայկական կողմը հրապարակեց ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները: Խաղաղ չէր նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը:

2008 - Ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքը, որը հետագայում՝ 2013 թ. դարձավ կուսակցություն։

  • Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։
  • Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը և 2 համագումար կուսակցությունը՝ 2013թ. ապրիլի 14-ին 1-ին, 2021 թ. մայիսի 16-ին 2-րդ համագումարը:
  • Կուսակցությունը ԱԺ 5-րդ գումարման ժամանակ ունեցել է խմբակցության 5 անդամ պատգամավոր։
  • 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։
  • 2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։
  • 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների «Կոնգրե-ՀԺԿ» դաշինքով՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով։
  • 2018 թ․ Երևանի քաղաքապետի և ԱԺ ընտրություններում սատարել է «Իմ քայլը» դաշինքին։
  • 2021թ. մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ «Լրջանալու պահը» կարգախոսով։

2008 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզաբանում է դատարանների անկախության կարևորությունը։

  • «Դատարանների անկախությունը սոսկ իրավական հարց չէ, այլ ունի լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական նշանակություն։ Եթե չկա անկախ և վստահություն ներշնչող դատարան, որևէ պետություն չի կարող իրավական, ժողովրդավարական ու արդար ճանաչվել։ Եթե չկա անկախ և վստահություն ներշնչող դատարան, որևէ պետության մեջ կոռուպցիան, հանցագործությունը, անպատժելիությունը, սոցիալական անարդարությունը չեն կարող չծաղկել։» 

2001 - Սոչիում` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում կայանում է Ալիև - Քոչարյան հանդիպումը: Նախագահները հրապարակավ հայտարարում են, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը առաջխաղացում չի ունեցել:

  • «Սխալ կլինի ասել, թե մենք եկել ենք ընդհանուր հայտարարի», - Ալիևի հետ հանդիպումից հետո ասել էր Ռոբերտ Քոչարյանը`միաժամանակ հավելելով` ինքն ու Ադրբեջանի նախագահը համաձայնել են շարունակել անմիջական հանդիպումները եւ պայմանավորվել են «այլեւս մամուլի միջոցով միավորներ չհավաքել»:

1998 - Տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի հայտնի նիստը, որտեղ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորեց Ղարաբաղյան հարցում տվյալ պահին փոխզիջման գնալու անհրաժեշտությունը։

  • «Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»-, ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
  • Պատմության հետագա ընթացքը, 2020 թվականին 44 օրյա պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը ցույց տվեցին Առաջին Նախագահի հեռատեսությունն ու իրավացիությունը։

1993 - 5 մահափորձերից հետո Օսեթիայում սպանվեց Արցախից հայ բնակչության արտաքսման «Օղակ» օպերացիայի կազմակերպիչ, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի երկրորդ քարտուղար, հայտնի հայատյաց Վիկտոր Պոլյանիչկոն։

  • Երբ նա շտապում էր հանդիպել իր զորավարի հետ, նրաավտոմեքենայի վրա կրակ բացվեց:
  • Նրա մարմնում հայտնաբերվել էր 15 փամփուշտ: Նրա հետ զոհվել են «Ալֆա» ջոկատի սպա Վիկտոր Կրավչուկը և գեներալ Անատոլի Կորեցկին։
  • Բրիտանացի լրագրող և գրող, կովկասագետ, Թոմաս դե Վաալն իր «Սև այգի. Խաղաղության և պատերազմի միջև» գրքում պնդում է, որ փոխվարչապետ Պոլյանիչկոն «զոհվել է Հյուսիսային Օսիայում իր վրա մի խումբ հայ գրոհայինների հարձակման հետևանքով»։

1990 - Արցախյան պատերազմ. Երևան-Ստեփանակերտ չվերթն իրակա­նացնող Як-40 ինքնաթիռը Լաչինի մոտ բախվում է լեռանը և կործանվում:

  • Ավիավթարի զոհ են դառնում 46 հոգի՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները:
  • Հետաքննությունը պարզում է, որ վթարի պատճառը «մարդկային գործոնն» էր՝ անձնակազմի և դիսպետչերական ծառայությունների թույլ տված սխալները:

1918 - Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը Երևանի քաղաքային ակումբի դահլիճում Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Գեղարդ Մուսասի, հայազգի նիդերլանդցի մարտարվեստի վարպետ
1989 - Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբիշ
1946 - Արաքս Մանսուրյան, հայ օպերային երգչուհի, սոպրանո
1943 - Մուրազ Սարգսյան, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1933 - Զորայր Խալափյան, գրող և դրամատուրգ
1921 - Լիլի Չուգասզյան, օպերային երգչուհի
1917 - Լևոն Բաբայան, հայ պատմաբան
1903 - Գուրգեն Մահարի, գրող