Պատմության հայկական օրը, օգոստոսի 13


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-13, 2023-08-12, 2024-08-17, 2025-08-16, 2026-08-15, 2027-08-14, 2028-08-12, 2029-08-11, 2030-08-17։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Ժամը 22:00-ից 22:40-ը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի (Սոթքի հատվածում՝ հանքի ուղղությամբ դիրքերը, և Կութ գյուղի թևում) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 
2009 - Կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն առաջին անգամ խոսում է ճանապարհային երթևեկության ժամանակ ամրագոտիներ կապելու կարևորության մասին։
2008 - Օգոստոսի 13-ին և 14-ին Սերժ Սարգսյանը ռուս վրացական պատերազմի զոհերի առիթով ցավակցական խոսքեր է ուղղում նախագահներ Դմիտրի Մեդվեդևին և Միխեիլ Սահակաշվիլիին։

  • Վրաստանի վրա հարձակված Ռուսաստանի նախագահին նա ցավում է սպանված ռուսների համար, իսկ Վրաստանի նախագահին անկեղծ ցավակցում զոհվածների համար։

2001 - Ազգային Ժողովի զուգարաններից մեկում՝ հոկտեմբերի 27-ից մոտ երկու տարի հետո իրականացվում է փորձաքննություն։

  • Հենց այս զուգարան է մտել Նաիրի Հունանյանը Ազգային Ժողովի դահլիճ ներխուժելուց առաջ։ Այստեղի կախովի առաստաղի մյուս կողմում է, ըստ նախաքննական մարմնի, Հունանյանը թաքցրել իր զենքը։ 
  • Դեպքից հետո 1 տարի 8 ամսվա ընթացքում այս զուգարանը գործել է, բայց դա փորձաքննությանը չի խանգարում։ 

1999 - Հայ հասարակությունը հրաժեշտ էր տալիս պետական և քաղաքական գործիչ Էդվարդ Եգորյանին։

  • Այստեղ է նրա երբեմնի թիմակից Վանո Սիրադեղյանը, ժամանում են Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել էր հանգստավայրից։ Էդվարդ Եգորյանին համարում էին ժամանակից առաջ ընկած մարդ։ Նա Հայաստանի Սահմանադրության հեղինակներից էր և դատաիրավական բարեփոխումների նախաձեռնողը։

1992 - "Независимая Газета"-ին տված հարցազրույցում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն ասել է. «Հանուն մեր պետության ապագայի արժե պայքարել, հանուն իշխանության՝ ոչ»։

  • Եթե գտնվեն մարդիկ, որ ընդունակ կլինեն ավելի լավ ղեկավարել և Հայաստանի ժողովրդին առավել օգուտ բերել՝ առանց երկմտելու կզիջեմ տեղս։ Չէ՞ որ ես զրկվել եմ իմ ունեցած գլխավորից՝ գիտությունից, որն ինձ հսկայական երջանկություն է պարգևել։

1990 - ԳԽ նախագահի առաջարկով ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը:
1984 - ASALA. Պայթյուն Լիոնի Փերաշ կայարանի պայուսակների արկղ-պահեստարանում։ Կան վիրավորներ, պատճառված է նյութական վնաս։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին, թեև ֆրանսիական մի կազմակերպություն ևս ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Լոս-Անջելեսի օլիմպիական խաղերի ընթացքում՝ թուրք մարզիկներ փոխադրող ավտոբուսի տակ։
  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Խաչիկ Հաւարեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։​​​​​

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1948 - Զավեն Աբրահամյան, հայ դերասան
1943 - Ազատ Գասպարյան, կինոյի և թատրոնի դերասան

  • Ազատ Գասպարյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս», «Մեր բակը»։

1929 - Բագրատ Հովհաննիսյան, կինոռեժիսոր