Պատմության հայկական օրը, օգոստոսի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամուելի, Սամփսոնի, Հեփթայայի, Բարակի, Գեդոենի և այլ նախահայրերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:
  • Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-04, 2023-07-27, 2024-07-18, 2025-08-07, 2026-07-23, 2027-07-15, 2028-08-03, 2029-07-19, 2030-08-08:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1992 -  Հռոմում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) հովանու ներքո անցնող բանակցություններն ավարտվում են առանց որևէ արդյունքի: Հանդիպման վերջին օրը Ստեփանակերտի պատվիրակները բոյկոտում են և, ի նշան բողոքի, լքում բանակցային սենյակը։

  • Ղարաբաղյան պատվիրակությունը` Գերագույն խորհրդի պատգամավորներ Բորիս Առուշանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը, պնդել էին թե հանդիպման նախագահողը` իտալացի Մարիո Ռաֆայելլին, ետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածությունից, որով Ստեփանակերտը հատուկ կարգավիճակ էր ստանում բանակցային սեղանի շուրջ:

1992 - Օգոստոսի 4-15-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ են ունեցել Սենատի, Պետդեպարտամենտի և ԶԼՄ-ների, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
1991 - Լիտվան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1990 - Չորս փուլով անցկացված քվեարկությունների արդյունքում 140 ձայնով Գերագույն Խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

  • Այս հաղթանակը հեղափոխական էր, քանի որ Խորհրդային Միությունը դեռ չէր փլուզվել։
  • Պատգամավոր Կարեն Յուզբաշյանի գլխավորությամբ ստեղծ­վեց Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստման հանձնաժողով: Հանձնաժողովին ներկայացվեց հռչակագրի մոտ 10 տարբերակ:

1920 - Բոլշևիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորենուն:
1912 
- Ալեքսանդրապոլում առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։

  • Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը:
  • Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա:
  • Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ֆրենկի Կազարյան, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1957 - Արտո Թունջբոյաջյան, թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ
1935 - Սուրեն Այվազյան, երկրաբան և հասարակական գործիչ
1926 - Հեղինե Հովհաննիսյան, դերասանուհի
1904 - Էդմոնտ Յաղճյան, նկարիչ