Պատմության հայկական օրը. 1 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: 

  • Գանգատում, մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: 
2019 - Մարտի 1-ի գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը, որը տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել:
2008 - Սերժ Սարգսյանն սկսեց իր քարոզարշավ «Առաջ Հայաստան» կարգախոսով: 
2001 - Պատգամավոր Սասուն Միքայելյանն Ազգային Ժողովի ամբիոնից պահանջում է հոկտեմբերի 27-ի գործով տուժող ճանաչել խորհրդարանին և կառավարությանը: 
1946 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «հարց ենք դնում Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»։

  • Նա նշել էր, որ  Հայաստանը սկսել է հայրենադարձությունը, և աշխարհի տարբեր երկրների շուրջ մեկ միլիոն հայեր ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Սակայն Հայաստանը 300-400 հազարից ավելի մարդ չէր կարող ընդունել։ 
  • Կարսի և Արդահանի շրջանների վերադարձի հարցը տարածաշրջանային քաղաքական օրակարգում էր Հայրենական պատերազմի ավարտից անմիջապես հետո։
  • 1946թ. հունվարի 6-ին Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի զավթել Կարսի և Արդահանի շրջանները, այլ դրանք նրան են անցել 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Սարաջօղլուն նաև հայտարարել էր, որ թուրքական և ռուսական զորքերի դուրս բերումից հետո վիճելի շրջաններում անցկացվել էր հանրաքվե։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից 28 տարի անց Գրիգոր Հարությունյանը վիճարկում էր թուրք վարչապետի բերած փաստերը՝ նշելով, որ հանրաքվեին մասնակցել էր բնակիչների միայն մի փոքր մասը, և խորհրդային կառավարությունը դեռևս 1918-ի սեպտեմբերին անօրինական էր ճանաչել այդ հանրաքվեն։
  • Ուշագրավ է նաև, որ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը չէր հիշատակել 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք փաստացի հաստատել էին թուրքերի իրավունքներն այդ շրջանների վրա։ Կարսի ու Արդահանի վերադարձի խնդիրը մի քանի տարի մնում է Խորհրդային միության արտաքին քաղաքական օրակարգում, սակայն 1953-ին՝ Ստալինի մահից մի քանի ամիս անց, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Մոլոտովը պաշտոնապես հայտարարում է, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Արամ Կարապետյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ, «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ
1963 - Սամվել Ղարիբյան (ծնվ. Ախալքալաք, մ. 2014), մնեմոտեխնիկ, տվյալների հիշողության եզակի մեթոդաբանության հեղինակ

  • Նա ակտիվ աշխատել է հիշելու մեթոդիկայի զարգացման վրա։ Ս. Ղարիբյանը տիրապետում էր բանավոր և տպագիր տեղեկատվությունը վայրկենական հիշելու հսկայական ունակությունների՝ օտար բառերի, թվերի, մասնատված բառերի, արտահայտությունների և այլն։
  • Ս. Ղարիբյանի ունակությունները ճանաչվել են միջազգային գիտա-տեղեկատվական հանրության կողմից, երկու անգամ գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում»։

1937 - Կարեն Գուլգազարյան (մ. 2002), գիտնական ռադիոէլեկտրոնիկայի
1937 - Վլադիմիր Իոնեսյան, առաջին խորհրդային սերիական մարդասպանը

  • Ժողովրդի մեջ հայտնի էր «Մոսգազ» մականունով, քանի որ Իոնիսյանը հանցագործություններ կատարելիս ներկայանում էր որպես «Մոսգազի» աշխատակից։

1931 - Վիլեն Զաքարյան (ծնվ. Երևան), ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)
1926 - Վլադիմիր Փիրումով (Վլադիմիր Փիրումյան, ծնվ. Կիրովական), Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)

  • Վ.Ս. Փիրումովը Սարդարապատի ճակատամարտի հերոս և Հայաստանի անկախության կերտողներից Բեկ-Փիրումյանների փառապանծ տոհմի ժառանգն է։

1912 - Բաբկեն Առաքելյան (ծնվ. Գեչերլուն, մ. 2004) հնագետ, հինավուրց և միջնադարյան Հայաստանի պատմության մասնագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)
1909 - Արշավիր Տաթևյան (ծնվ. Մոսկվա, մ. 1971), աստղագետ-գեոդեզիստ

  • Ունեցել է բազմակողմանի հետաքրքրություններ, խաղացել է պրեֆերանս, շախմատ։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է ֆիլատելիայով։

1902 - Հակոբջան Ղարիբջանյան, նկարիչ, ռեստավրատոր
1874 - Համազասպ (Համո) Օհանջանյան (ծնվ. Ախալքալաք, մ. 1947), Հայաստանի Հանրապետության վարչապետ (05.05.1920-25.11.1920)

  • Կարևոր ներդրում է ունեցել 1930 թվականին Բեյրութում Համազգային Հայ ճեմարան ստեղծելու գործում:

1868 - Հովհաննես Քաջազնունի (ծնվ. Ախալցխա, մ. 1938), քաղաքական գործիչ, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ

  • Զբաղվել է ճարտարապետությամբ, գրականությամբ և նկարչությամբ։ Վանում Շեքսպիրի մասին դասախոսություններ է կարդացել։

1786 - Հովհաննես Լազարև (Լազարյան, մ. 1858), խորհրդական, կամերգեր