Պատմության հայկական օրը. փետրվարի 14


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
  • Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
  • Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 14.02.2023, 14.02.2024, 14.02.2025, 14.02.2026,  14.02.2027, 14.02.2028, 14.02.2029, 14.02.2030.

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին` վերջինիս նախաձեռնությամբ:

  • Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։
1944 - Տեղի ունեցավ «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։
1926 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
1911 - Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում (թաքրիր) տեղեկացրել է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Գառնիկ Հայրապետյան (ծնվ. Գորիս), Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ
1974 - Գարիկ Մարտիրոսյան (ծնվ. Երևան), հայ հումորիստ և հեռուստահաղորդավար
1958 - Սմբատ Լպուտյան (ծնվ. Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր

  • Հայաստանի հավաքականի կազմում արժանացել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալին (Իտալիա, 2006)

1951 - Անահիտ Ար (ծնվ. Երևան), նկարչուհի, դիզայներ, պոստիմպրեսիոնիստ
1951 - Ալեքսանդր Աղավելյան (ծնվ. Երևան), վիրաբույժ, պրոկտոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ
1953 - Աշոտ Ադամյան (ծնվ. Երևան), թատրոնի և կինոյի հայ դերասան, բեմադրիչ

  • «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկի դերակատարն է։
  • Կամերային թատրոնը ստեղծել է «ժամկետը՝ 7 օր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերում են Նորա Արմանին (ԱՄՆ) և Աշոտ Ադամյանը։ 

1944 - Միրել Բեսնիլյան (ծնվ. Նեյի-Սյուր-Սեն, Ֆրանսիա), գրող, լեզվաբան և անգլերեն, իսպաներեն, հայերեն, թուրքերեն գրական ստեղծագործությունների թարգմանիչ
1942 - Աելիտա Դոլուխանյան (ծնվ. Ազիզբեկով, Հայաստան), գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1925 - Սերգեյ Աբրահամյան (ծնվ. Տումի, Արցախ, մ. 2005), լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1917 - Սյու Սաֆարյան (ծնվ. Դեթրոյթ, ԱՄՆ, մ. 1997), ԱՄՆ բանակի լեյտենանտ, գեներալ Դուայթ Էյզենհաուերի անձնական քարտուղարը

  • Նրա ծնողները՝ նպարավաճառ Շմավոն Սարաֆյանը և տնային տնտեսուհի Մաքրուհի Շարիսթանյանը, Օսմանյան կայսրությունում Կեգրի Հարփերթի ծնունդն էին։ Դեթրոյթի հայկական երիտասարդական ֆեդերացիայի հիմնադիրն էր։
  • Աֆրիկայում իր գերազանց ծառայության համար ներառվել է Եվրոպայում անգլո-ամերիկյան միութենական զորքերի հրամանատարի աշխատակազմի անդամների թվում։ Նա եղել է գեներալ Դուայթ Էյզենհաուերի երեք անձնական քարտուղարներից մեկը, որը նրան սպասարկում է 1943 թ. հունվարից մինչև 1947 թ. ապրիլ: Պատերազմից հետո նա շարունակում էր աշխատել գեներալի հետ, երբ նա գրում էր իր հուշերը։ Նրա սովորությունն էր թելադրել հատվածներ բարձրաձայն, որոնք Սյուն արձանագրում էր։

1915 - Զարեհ I, Զարեհ Պայասլյան (ծնվ. Մարաշ, Թուրքիա, մ. 1963), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս
1908 - Բորիս Պիոտրովսկի (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1990), ականավոր գիտնական-հնագետ, երկար տարիներ ղեկավարել է Պետական Էրմիտաժը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1968), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)

  • 1931 թ. Պիոտրովսկին ղեկավարել է դեպի Հայաստան գիտարշավները, որոնց նպատակն էր գտնել և ուսումնասիրել ուրարտական քաղաքակրթության հետքերը։ Հնագույն Թեյշեբաինի քաղաքի պեղումների արդյունքում արժեքավոր տեղեկություններ են ստացվել Ուրարտուի մշակույթի և արվեստի մասին։
  • 1997 թ., ի պատիվ հոր և որդու՝ Բորիս Բորիսովիչի և Միխայիլ Պիոտրովսկու, Միջազգային աստղագիտական միությունը փոքր մոլորակներից մեկին շնորհել է «Պիոտրովսկի» անունը։

1902 - Ռուբեն Ավանեսով (ծնվ. Շուշի, Արցախ, մ. 1982), խորհրդային լեզվաբան,Մոսկվայի հնչյունաբանական դպրոցի հիմնադիրներից 
1894 - Վաղարշ Վաղարշյան (Վաղարշակ Տեր-Պետրոսյան, ծնվ. Շուշի, Արցախ, մ. 1959), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական դերասան

  • Բեմական բարձր մշակույթի և վարպետության դերասան էր։ Նա ստեղծում էր մտքի խորությամբ կերպարներ։
  • Դերասանի անունով անվանակոչվել է Երևանի դպրոցներից մեկը, որի առջև տեղադրվել է Վաղարշ Վաղարշյանի կիսանդրին։ Նրա անունը կրում է Երևանի փողոցներից մեկը։

1882 - Հայկանուշ Մառք (Հայկանուշ Թոփուզեան, ծնվ. Ստամբուլ, մ. 1966), գրող, հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի և արձակագիր

  • Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից։ 
  • Հայկանուշ Մառքի հրապարակախոսությունը ամփոփում է կանանց ազատագրության հիմնախնդիրները։
  • 1919 թվականին Կ. Պոլսում Մառքը հիմնում է «Հայ կին» հանդեսը, որի նպատակն էր՝ բարձրացնել հայ կնոջ դերը ազգային կյանքում, զարգացնել հայ կնոջ մտավոր աշխարհը: «Հայ կին» հանդեսը թղթակիցներ ուներ նույնիսկ Փարիզից ու Միացյալ Նահանգներից։ 

Արտահայտվել
avatar