Պատմության հայկական օրը. 2 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախի ՊՆ հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 116 հերոս զինծառայողի անուն։
2011 - Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժեշտի ասուլիս է հրավիրում։ 

  • Նա արձանագրում է, որ իրեն հաջողվեց չդառնալ ընդդիմության կամ իշխանության խոսափողը։ Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրը պարզաբանում է, թե ինչու այդպես էլ չբացահայտվեցին մարտի 1-ի 10 սպանությունները։

2003 - Ընդդիմությունը որոշում է Հայաստանում նախագահի ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով՝ հանձին Ստեփան Դեմիրճյանի։ 

  • Իշխանությունն ամենուր խոչընդոտում է Դեմիրճյանի քարոզարշավը։ Վանաձորի կենտրոնական հրապարակում շինարարությունն սկսելու պատրվակով ավազ են փռում։ Մամուլը գրում է անձնագրերի հավաքման և զանգվածային ընտրակաշառքների մասին։

2002 - Համաշխարհային Բանկը հրաժարվում է տալ Հայաստանին ավելի վաղ խոստացված 5 միլիոն դոլարի վարկը։
2001 - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դաշնակցության հիմնադրման 110-ամյակի հանդիսության ժամանակ հերքում է մեղադրանքը, թե իրենք իշխանություն են։
1998 - Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հրաժարականի դիմում է ներկայացնում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 

  • Նույն օրը հրաժարական է ներկայացնում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

1998 - Սկսվում է հայտնի «Առնետավազքը». 27 պատգամավոր դուրս է գալիս իշխող «Հանրապետություն» խմբակցությունից։

  • Նրանք անմիջապես անդագրվում են «Երկրապահին»: «Հանրապետություն» բլոկից դուրս է գալիս նաև Հանրապետական կուսակցությունը և այդ բլոկը դադարում է լինել խորհրդարանական մեծամասնություն։ 

1983 - Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային գրադարանը պարգևատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։

  • Միաժամանակ գրադարանը տոնում է 150-ամյակը՝ որպես 1832 թ. հիմնադրված Երևանի գավառական ուսումնարանի գրադարանի իրավահաջորդ։
  • Հայաստանում 1983 թվականի դրությամբ գործում էր 3 100 գրադարան, ուր տարեկան այցելում էր 500 000 մարդ։

1980 - ASALA. Երկու պայթյուն Բրյուսելում Խորհրդային «Աէրոֆլոտ» և թրքական «Թրքիշ Էյրլայնս» ընկերությունների գրասենյակների առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն»-ը։
  • Առաջին գործողությունն իրականացված է ի հիշատակ Ստեփան Զատիկյանի, Հակոբ Ստեփանյանի և Զավեն Բաղդասարյանի, որոնք 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում պայթյուն իրականացրին և գնդակահարվեցին 1979 թվականի հունվարի 30-ին։

1980 - ASALA. Ռումբ է պայթում Փարիզում խորհրդային դեսպանատան տեղեկատվական կենտրոնի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հայկական Նոր Դիմադրություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Այս գործողությունը ևս նվիրվում է Զատիկյանի և նրա խմբի հիշատակին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ռիփի Նավասարդյան, հայ երգչուհի
1956 - Բագրատ Ասատրյան (ծնվ. Դարբաս), տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախագահ (1994-1998)
1952 - Նազ Էդվարդս (Նազիկ Դոմբալաջյան, ծնվ. Ֆիլադելֆիա), երգչուհի, դերասանուհի
1952 - Դմիտրի Ատովմյան (ծնվ. Մոսկվա), կոմպոզիտոր, դիրիժոր, գործիքավորող

  • Մոսկվայի կառավարության պատվերով գրված Մոսկվայի «Սիրելի իմ մայրաքաղաք»պաշտոնական օրհներգի գործիքավորման հեղինակն է:

1952 - Յուրի Բաղդասարով (ծնվ. Կիսլովոդսկ), գծանկարիչ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ

  • Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցու գեղարվեստական ձևավորման հեղինակն է:

1930 - Յուրի Ապրեսյան, սովետական լեզվաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
1929 - Էդուարդ Վանունց (ծնվ. Դոնի Ռոստով), հնչյունային ռեժիսոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1998)
1885 - Կոստան Զարյան (ծնվ. Շեմախա, մ. 1969), հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ

  • Կոստան Զարյանը գուցե միակ գրողն է, ով հայ գրականության մեջ է մտել ռուսերեն և հատկապես ֆրանսերեն գրելով՝ նախապես ճանաչում ստանալով օտար միջավայրում (Բելգիա և այլն)։
  • Գրել է «Նավը լեռան վրա» վեպը։ Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալ երաժշտություն։

1878 - Վահան Թեքեյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1945), բանաստեղծ, հրապարակախոս

  • 1947 թվականին Բեյրութում հիմնադրվել է «Թեքեյան մշակութային միությունը»։

1868 - Ալեքսանդր Աթաբեկյան (ծնվ. Շուշի, մ. 1933), քաղաքական գործիչ, անարխիզմի հիմնադիրներից

  • 1915-1916 թթ. զբաղվել է Կարսի մարզի հայկական կոտորածների զոհերի փրկությամբ:
  • Ժնևում հրատարակել է անարխիստական գրականություն հայերեն և ռուսերեն լեզուներով։ 1894թ. խմբագրել է անարխիստական «Համայնք» ամսագիրը հայերեն լեզվով։

1857 - Սիմոն Հոլոշի (ծնվ. Սիգետու Մարմացեյ, Ռումինիա, մ. 1918), հունգարահայ նկարիչ

  • XIX-XX դարի Հունգարիայի արվեստի պատմության մեջ Հոլոշին մտել է ոչ միայն որպես հետաքրքիր նկարիչ, այլև առավել չափով որպես ականավոր մանկավարժ։ Նրա մոտ սովորել են ոչ միայն խոշոր հունգարացի նկարիչները, այլև վարպետներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից:

1856 - Մակար Եկմալյան (ծնվ. Էջմիածին, մ. 1905), կոմպոզիտոր, երգչախմբային դիրիժոր

  • Մկրտիչ Ա կաթողիկոսի շրջաբերականով Հայ Եկեղեցին կանոնականացրել է Եկմալյանի «Պատարագը» և մինչ օրս կատարվում է բոլոր հայկական եկեղեցիներում։
  • Որպես մանկավարժ Եկմալյան պատրաստել է փայլուն երաժիշտների համաստեղություն, որոնց թվում են երգիչներ Ա. Շահմուրադյանը, Շարա Տալյանը, կոմպոզիտորներ Անտոն Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, երաժշտագետ Մուշեղ Ազատյանը: Եկմալյանի աշակերտն էր նաև Կոմիտասը։

1815 - Կոռնել Կշեչունովիչ (ծնվ. Սոսնով, մ. 1881), լեհ քաղաքական գործիչ, հողատեր և ազնվական, հասարակական գործիչ

  • Ծագումով հին հայկական ընտանիքից է, որը հաստատվել է Լեհաստանում և դարեր շարունակ կապ է ունեցել Լվովի հետ։



avatar