Պատմության հայկական օրը. 20 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մեծ պահք (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
  • Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
  • Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
  • Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
  • Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
  • Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
  • Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
  • Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
  • Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
  • Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
  • Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
  • Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
  • Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
  • Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-20, 2024-02-12, 2025-03-03, 2026-02-16, 2027-02-08, 2028-02-28, 2029-02-12, 2030-03-04։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Համանախագահները հայտարարում են` կողմերը պատրաստ են հանդիպել Փաշինյան֊Ալիև ձևաչափով...

  • Մինչ այդ Ի.Ալիևն ու Ն.Փաշինյանը մի քանի անգամ կարճատև զրույց էին ունեցել Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, պայմանավորվելով կրճատել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև թեժ գիծ հաստատել` միջադեպերի մասին միմյանց տեղեկացնելու:

2019 - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։

  • Ալեքսանդր Սարգսյանը դեռ անցած տարվա ամռանից մեղադրվում է խարդախության մեջ։ Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
  • ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա 2018 թվականի հուլիսի 9-ին կալանք է դրվել։

2012 - Վանի նահանգի Արճեշ շրջանում բնակվող 53-ամյա Ֆահրեթթին Գյուրբուզի գոմում ծնվեց երկգլխանի գառ:

  • Երկգլխանի գառը ծնվելուց 10 րոպե անց սատկել է:

2009 - Ադրբեջանը հայտարարում է, թե բանակը մեկ զոհ է տվել շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ:

  • Ըստ պաշտոնական հաղորդագրության ևս երկու զինվոր էլ զոհվել էր ականի պայթյունից: Ստեփանակերտը պնդում էր, թե հակառակ կողմն է նախահարձակ եղել:

1993 - Ռահիմ Ղազիևը հեռացվում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնից։
1991 - Արցախյան շարժումը երեք տարեկան է: Ղարաբաղին՝ Հայաստանի հետ միավորման պահանջը ադրբեջանցիներին ստիպում է շրջափակման մեջ պահել ամբողջ Հայաստանը և Ղարաբաղը: 
1988 - Արցախյան առաջին ցույցը Երևանում:
1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

  • ԼՂԻՄ-ի ղեկավարների որոշումը հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակ է հավաքում տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք պաշտպանում են ղարաբաղցիների քայլը: Այսօրվանից հասունանում է ազգային ազատագրական մի շարժում, որն ամբողջությամբ դուրս է գալիս խորհրդային իշխանությունների հսկողությունից:

1975 - ASALA. Բեյրութի «Թրքիշ-Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի պայթեցում։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Գերի Գուրգեն Յանիկեան Խմբակը» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1862 - Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Միխայիլ Դանիելյան, սամբիստ, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, Ռուսաստանի գավաթակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ, 2015 թվականի երիտասարդների աշխարհի գավաթակիր, ուսանողների աշխարհի չեմպիոն
1980 - Արթուր Աբրահամ (Ավետիք Աբրահամյան, ծնվել է 1980թ.) Երևան)հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն 

  • 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս Գերմանիայում։

1974 - Հարություն Տեր-Հովակիմյան (ծնվ. Տորոնտո), կանադացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ և պրոդյուսեր

  • 2002 թ. տեղափոխվել է Երևան, սակայն 2006-ից աշխատել է արտասահմանյան շուկայի համար։
  • 2006 թվականից համագործակցում է Արամեի, Լիլիթ Հովհաննիսյանի, Հասմիկ Կարապետյանի, Դավոյի, Արփիի, Արսեն Սաֆարյանի, Reincarnation-ի հետ:

1932 - Մարտիրոս Դերեմյան (ծնվ. Ղրիմ, մ. 2014), ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՌԽՖՍՀ 12-ակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն
1925 - Բաբկեն Հարությունյան (ծնվ. Երևան, միտք. 2015), թատերագետ
1921 - Միհրան Երկաթ (ծնվ. Ստամբուլ, մ. 1976), հայ երգիչ, բարիտոն, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)
1920 - Հովհաննես Աղասյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1976) մեխանիկայի և ավիացիոն սպառազինության մասնագետ
1898 - Սեմյոն Կիրլիան (ծնվ. Եկատերինոդար, մ. 1978), ֆիզիոթերապևտ, տեխնոլոգիայի մշակող և կենդանի և ոչ կենդանի օբյեկտների էլեկտրամագնիսական ճառագայթման նկարահանման համար առաջին ապարատի ստեղծողը, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար

  • Կիրլիանի ամուսինների մշակումները պաշտպանվել են 20-րդ հեղինակային վկայությամբ։

1896 - Մարտին Լուսինյան (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1983), դերասան; ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1960)
1893 - Կարապետ Մելիք-Օհանջանյան (ծնվ. Կալեր, Հայաստան, մ. 1970) բանասեր, հայագետ, արևելագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)




avatar