Պատմության հայկական օրը. 25 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:
  • Այս տոնը  հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-25, 2024-02-17, 2025-03-08, 2026-02-21, 2027-02-13, 2028-03-04, 2029-02-17, 2030-03-09

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որով պահանջում էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։
2021 - Լեհ քաղաքական գործիչխ «Ադրբեջանական ռազմական հանցավոր գործողություններ՝ Արցախ 2020» աշխատության  հեղինակ Թոմաշ Լեխ Բուչեկը փաստաբան Բաբկեն Խանզադյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան:
2020 - Երևանում մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն գերատեսչության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

  • Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի հրահրմամբ Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի աջակցությամբ՝ Սերգո Կարապետյանի կողմից ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մսխվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում դիզվառելիքի համար հատկացված առանձնապես խոշոր չափերի սուբսիդիաների 489.160.310 դրամ գումարը: 

2013 - ԿԸՀ-ն Հայաստանի նախագահ է հռչակում Սերժ Սարգսյանին: 

  • Րաֆֆի Հովհաննիսյանից փետրվարի 18-ին խլված հաղթանակի համար բուհերում սկսվում է դասադուլ: 

2000 - Անհայտ քաղաքացին ահազանգում է, թե «Ա1+» հեռուստաընկերության շենքն ականապատված է և 6 րոպեից շենքն օդ կբարձրանա: 

  • Մեկ ժամ անց պարզվեց, որ ահազանգն անհաջող կատակ էր:

1999 - Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում բացվում է զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը: 
1998 - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան  հանդիպում է նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ: 

  • Դեսպանը բոլոր թեկնածուների հետ է մտադիր հանդիպել և առաջարկել ֆրանսիական ժողովրդի բարեկամությունը: Դեսպանին Կարեն Դեմիրճյանն ասում է, որ իրեն ձայն տվողները էժան երշիկի կողմնակիցները չեն, ինչպես վստահեցնում են մրցակիցները, այլ արժանապատիվ մարդիկ:

1998 - Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատու՞մ եք իմ խոստումներին։
1997 - Ադրբեջանը հաղորդում է 5 զինվորի սպանության մասին. կողմերը միմյանց են մեղադրում դիվերսիոն ներթափանցման փորձերի մեջ։

  • Բաքուն պնդում էր, թե հայկական կողմն է հարձակման փորձ ձեռնարկել՝ Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ «շահեկան դիրքեր գրավելու համար», որն իբր հետ է մղվել։ Ստեփանակերտը պնդել էր`Ադրբեջանն է դիվերսիայի փորձ արել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով: Ըստ հայկական կողմի, ադրբեջանցիների աճյունները մնացել էին չեզոք գոտում:

1992 - Փետրվարի 25-26-ին հայերը գրավում են Խոջալուն՝ ադրբեջանական գլխավոր ռազմահենակետերից մեկը։ 

  • Հարձակմանը մասնակցում էր ռուսական 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը, որը տեղեկայված էր Ստեփանակերտում։
  • Բաքուն պնդում էր, որ ռազմական գործողությունների զոհ են դարձել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հայկական կողմը հակադարձում էր, թե հատուկ միջանցք էր ստեղծվել, որպեսզի խաղաղ բնակիչները հեռանային, և որ նրանց մեծ մասը սպանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Ադրբեջանի խորհրդարանը ստիպեց նախագահ Մութալիբովին հրաժարական տալ:

1989 - ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվելու էր Մեծամորի ատոմակայանի առաջին, իսկ մարտի 18-ին՝ երկրորդ էներգաբլոկը։

  • Որպես որոշման հիմնավորում ընդունվել էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի վառելիքաէներգետիկ համալիրի բյուրոյին առընթեր ատոմային էներգետիկայի հարցերի միջգերատեսչական գիտատեխնիկական խորհրդի և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի առաջարկը։
  • 1989թ. փետրվարի 25-ին ատոմակայանի փակումը ներկայացվում էր որպես գրեթե տոնական, հանդիսավոր արարողություն: Ներկա էր հանրապետության բարձրագույն ղեկավարությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, ԳԽ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը և ուրիշներ։
  • Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված էր.
  • «Մեքենայական բաժանմունքում էլեկտրակայանի դիրեկտոր Մ. Վարդանյանին զեկույց է տրվում, որ առաջին էներգաբլոկը կանգնեցնելու համար պատրաստ են բոլոր ստորաբաժանումները։ Ժամը 13-ն անց 5 րոպեին ատոմային ռեակտորի կառավարման ավագ ինժեներ Ա. Մելքումովը և տուրբինային արտադրամասի կառավարման մեքենավար Մ. Մարտիրոսյանը միաժամանակ, համաձայնեցված կերպով աստիճանաբար իջեցնում են առաջին էներգաբլոկի հզորությունը։ Կառավարման վահանակի կենտրոնում կարմիրով առկայծող թվերը, որոնք ցույց են տալիս էներգաբլոկի հզորությունը՝ 440 մեգավատտ, անընդհատ նվազում են։ Վերջապես լուսատախտակի վրա հայտնվում է երկար սպասված զրո թվանշանը...»:

1988 - Արցախը Հայաստանին միացնելու պահանջով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների առթիվ Ամենայն Հայց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդես է գալիս ուղերձով, հայտարարելով, որ նա ևս կիսում է համաժողովրդական պահանջը:

  • Մոսկվայից եկող հավաստիացումներին զուգահեռ, Վազգեն Առաջինը համարում է, որ արդեն «ամեն ինչ ասված է»` լավատեսություն հայտնելով, որ կենտրոնական իշխանությունները կլուծեն առաջադրված հարցերը: Ամենայն Հայց կաթողիկոսը կոչ անելով ողջամտության, հավասարակշռության և խաղաղության, հրամայական է համարում նաև «հայ-ադրբեջանական ժողովուրդների եղբայրության» պահպանումը:

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ 
«Հանուն Հայաստանյայց Եկեղեցու ողջունում եմ ձեզ և բոլորիդ բերում իմ օրհնությունը Սուրբ Էջմիածնից: 
Ծանրորեն մտահոգված եմ նաև ես և բաժանում եմ մեր ժողովրդի հուզումը Լեռնային Ղարաբաղի մարզը Սովետական Հայաստանին միացվելու հարցի կապակցությամբ: Ես գտնում եմ այդ առաջադրանքը բնական և օրինական ու սահմանադրական, որով հավատում եմ, թե մեր օրերի վերակառուցման և դեմոկրատիայի ոգով, Սովետական Միության բարձր իշխանությունները ամենայն կարևորությամբ կհանգեն մի արդար ու անկողմնակալ որոշման: 
Այս օրերս ես բազմաթիվ հեռագրեր ու հեռախոսներ եմ ստանում նաև արտասահմանի մեր եկեղեցական և մշակութային կազմակերպություններից, որոնք Սփյուռքի ավելի քան երկու միլիոն հայության անունից խնդրում են իմ միջնորդությունը Սովետական Միության բարձր ղեկավարության առաջ, որպեսզի արդարացի լուծում ստանա Հայկական Ղարաբաղի հարցը, համաձայն Սովետական Միության Սահմանադրության, համաձայն Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների սովետի որոշման և համաձայն դեմոկրատիայի սկզբունքների: 
Ընթացք տալով այս դիմումներին, ես արդեն իսկ մի բովանդակալից հեռագիր եմ ուղարկել մեր երկրի առաջին ղեկավար մեծահարգ տիար Միխայիլ Գորբաչովին, խնդրելով նրա վճռական նպաստը հօգուտ Ղարաբաղի հայ ազգաբնակչության սպասումների: 
Հայ ժողովուրդը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, միշտ հավատարմորեն կանգնած է Սովետական Միության ազգությունների եղբայրության և ռուս ժողովրդի հանդեպ պատմականորեն նվիրագործված անխախտ բարեկամության հիմքերի վրա, իր հոգու հայացքը ուղղելով դեպի մեր երկրի բարձր իշխանությունները լավատես ապրումներով, մանավանդ որ հայտնի է ձեզ բոլորիդ մեր վերին իշխանության հավաստիացումը, թե շատ մոտ ապագայում, Մոսկվայում, բարձր մակարդակի վրա պետք է գումարվի հատուկ նիստ՝ քննարկելու և օրինավոր լուծում տալու Հայկական Ղարաբաղի հարցին Սովետական Միության մեջ ազգությունների ինքնորոշման իրավունքների հիման վրա: 
Հարազատներ, 
Մեր, և այս օրերին գնահատել եմ ձեր հուզումը և համաժողովրդական արտահայտությունները: Արդեն ամեն ինչ ասված է և այժմ անհրաժեշտ է, որ լավատեսությամբ և հարգանքով մեր հայրենի պետական բարձր իշխանությանց հանդեպ, մնաք խաղաղ ու կարգապահ, լծված ձեր ամենօրյա աշխատանքներին և սպասեք առաջադրված հարցերի լուծման, պահպանելով մեր հավասարակշռությունն ու ողջմտությունը, նույն ինքը հօգուտ հարցերի բարվոք լուծման: Նման տագնապալի պահերին անհրաժեշտ է ցուցաբերել արտակարգ լրջություն և հեռատեսություն, աչքի լույսի պես պահպանելով հայ-ադրբեջանական ժողովուրդների եղբայրության հրամայականը, որպեսզի կանխվեն ազգամիջյան ցավալի անախորժությունները Հայաստանում և թե Ադրբեջանում: Վստահ եղեք, այս է պատգամը նաև Սփյուռքի ձեր հայ եղբայրների ու քույրերի՝ ուղղված ձեզ: Այլապես արդար գործի հաջող ընթացքը կարող է խանգարվել և չնախատեսված բարդությունների առաջ կանգնեցնել մեզ: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի ոչ թե ձախողեցնել, այլ հաջողությամբ պսակել արդարությունը: 
Ուշադրություն, ուշադրություն. զգույշ եղեք: Լսեցեք իմ ձայնը, լսեցեք իմ հայրական հորդորը: 
Մեր հայրենիքի ու ազգի առաջ պատասխանատվության խոր զգացումով, իբրև Հայրապետ՝ Ամենայն Հայոց, ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ Սուրբ Ավետարանի պատգամով՝ «Խաղաղութիւն հեռաւորաց, խաղաղութիւն մերձաւորաց, խաղաղութիւն ամենեցուն»»:

1951 - Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Նաիրա Պետրոսյան (ծնվ. Երևան), վարժեցնող, իլյուզիոնիստ, բեմադրող ռեժիսոր, Լ. Ենգիբարյանի անվան ստուդիայի գեղարվեստական ղեկավար
1959 - Սամվել Մկրտչյան (ծնվ. Թալին, մ. 2014), թարգմանիչ, գրող, հրապարակախոս
1958 - Ավագ Եփրեմյան (ծնվ. Կապան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ (2001)
1953 - Լևոն Մկրտչյան (ծնվ. Գյումրի), կինոռեժիսոր
1938 - Դմիտրի Ատբաշյան (ծնվ. Սուխումի, մ. 2020), ԽՍՀՄ վաստակավոր օդաչու
1919 - Վաչե Նալբանդյան (ծնվ. Նոր Բայազետ, մ. 1998), գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)
1917 - Էդուարդ Սարապյան (ծնվ. Էրզրում, մ. 1984), Ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար

  • Էդուարդ Սարապյանը սերում է Պետրոս Ադամյանի, Հակոբ Գյուրջյանի, Կարո Հալաբյանի փառապանծ տոհմից։

1885 - Լևոն Հովհաննիսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1970թ.), հայ թերապևտ, Հայաստանի Սրտաբանության ինստիտուտի հիմնադիր, ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկության պատմության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940թ.)

  • Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց արևադարձային հիվանդությունների ինստիտուտը, 1960-1961-ին հիմնադրվեց սրտաբանության ինստիտուտը։
  • Հայտնաբերել է մալարիայի նոր ձև, մշակել է դրա դեմ պայքարի մեթոդներ և առաջարկել մալարիայի նոր դասակարգում։

1865 - Անդրանիկ Օզանյան (ծնվ. Շապին-Գարահիսար, Թուրքիա, մ. 1927), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ

  • «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։
  • «Հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, այն ալ զենք ու զինավարժությունն է։ Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, արտասահմանյան հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության»։