Պատմության հայկական օրը. 4 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ավելին՝ այստեղ։
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-04, 2024-01-27, 2025-02-15, 2026-01-31, 2027-01-23, 2028-02-12, 2029-01-27, 2030-02-16։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր։ 
2019 - Սերժ Սարգսյանը որպես վկա հարցաքննվեց մարտի 1-ի գործով քննության շրջանակներում։
2014 - Երևանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարը Սոչիում մեկնարկող ձմեռային Օլիմպիադայի ընթացքում: Նախագահների միջև հանդիպումից, սակայն, հրաժարվում են։

  • Հայաստանի նախագահը ավելի ուշ` ամիսներ անց, հայտարարում է. «2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել: Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»:

2010 - Մսի զգալի թանկացումը, հատկապես ոչխարի մսի սուր դեֆիցիտը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ, որն, ըստ լուրերի զբաղվում է մսի արտահանմամբ:
2005 - Աղմկահարույց սպանություններ. Երևանի «ՏԷՑ-ի կռուգում» քրեաօլիգարխիկ տարերի բախման ժամանակ փոխհրաձգությունից զոհվեց Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
1998 - Խորհրդարանն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: 

  • Նախագահի պաշտոնակատար պետք է դառնար խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանը, սակայն նա էլ հրաժարվում է խորհրդարանի ղեկավարի աթոռից և հայտարարում՝ եթե չընդունեք, վայր կդնեմ պատգամավորական մանդատս: Նրան հաջորդում են փոխխոսնակներ Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը:
  • Հրաժարականներ են ներկայացնում նաև հանձնաժողովների նախագահներ Տեր Հուսիկ Լազարյանը, Սամվել Գևորգյանը և Վիգեն Խաչատրյանը: Բոլոր հրաժարական ներկայացրածներն ասում են, որ սա դեմարշ չէ, իսկ Բաբկեն Արարքցյանը նկատում է, որ պետք է արժանապատվորեն ընդունել պարտությունը: Հանրապետության նախագահի պարտականությունը դրվում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի վրա:

1998 - Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականի առիթով հանդիպում է իր զինակիցներին: 

  • Առաջին նախագահը շնորհակալ է իր բոլոր զինակիցներին և խնդրում շարունակել աշխատել իրենց տեղերում:

1994 - Ռուսական միջնորդական առաքելությունից հետո տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, շվեդ Յան Էլիասոնը։

  • Ըստ փորձագետների, արևմուտքն ու Ռուսաստանն այդ օրերին ակտիվ մրցակցության մեջ էին` հակամարտության կարգավորման հարցում առաջնորդությունն իրենց ձեռքն առնելու համար: Մինսկի խմբում ԱՄՆ առաջին ներկայացուցիչ, դեսպան Ջոն Մարեսկան հետագայում իր հուշերում պատմել էր` կարգավորման առաջին փուլում Վաշինգտոնն այնքան էլ հետաքրրքված չէր այս հարցով: «Իմ դիրքորոշումը մի փոքր այլ էր, ես կարծում էի, որ ԱՄՆ ազդեցիկ առաջնորդության դեպքում հնարավոր կլիներ գոնե միջանկյալ լուծում գտնել: Ես նաև գիտեի առավել, քան որևէ մեկը, որ առանց ԱՄՆ առաջնորդության որևէ բանի հնարավոր չէր լինելու հասնել: Ես զգում էի` եթե կարգավորման գործընթացում գլխավոր դերը թողնենք Ռուսաստանին, մենք կերաշխավորենք հակամարտության շարունակականությունը: Ռուսները իրերը թողնելու են այնպես, ինչպես որ կա, և այս հարցը դարձնելու են գործիք` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեմ, որպեսզի նրանք շատ չհեռանան Ռուսաստանի ազգային շահերից: Իմ այդ կարծիքը ևս մեկ անգամ հաստատվեց վերջերս` Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո»,- իր հուշերում գրել է ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկան:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Սեն-Միշել թաղամասում գտնվող «Ժիլբեր Ժեոն» մեծ գրախանութում՝ վիրավորելով երեք անձի և պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1923 - Երևանում բացվեց Հայաստանի պրոլետգրողների միությունը։

  • Հանդիսավոր միջացառումը բացեց գրող Ազատ Վշտունին, որը ներկայացնում է հայ գրականության «վնասակար ազդեցությունը հայ աշխատավորության վրա»։
  • «Հայ ազգայնական, շովինիստական ու ասպետական գրականությանը մենք այսօր, պրոլետարական դիկտատուրայի շրջանում, հակադրում ենք մեր պրոլետարական գրականությունը, ունենալով մեր հզոր ու տարիների փորձ ունեցող ռուսական պրոլետարիատն ու նրա արդի գրականությունը»,- ասել էր Վշտունին։
  • Միջոցառումն ավարտվում է երգ ու պարով, ասմունքով և «Համաշխարհային բորսա» պիեսի ցուցադրությամբ։

1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Մայքլ Ա. Գուրջյան, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

  • Էմմիի մրցանակակիր՝ «Դևիդի մայրը Քիրստի Էլիի հետ» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։
  • Նա նաև հայտնի է իր դերով «Երեկույթ հինգի համար» սերիայում, որի համար Գուրջյանն առաջադրվել է Ոսկե գոլբուսի։ 
  • Որպես ռեժիսոր Մայքլը լայն ճանաչում է ստացել իր առաջին խոշոր՝ «Պատրանք» ֆիլմի համար, որում աշխատել է հոլիվուդյան լեգենդ Մայքլ Դուգլասի հետ։

1923 - Արշալույս Սարոյան (ծնվ. Սառնաղբյուր, մ. 1974), հայ խորհրդային բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1912 - Լեոնիդ Չինիջյանց, ուկրաինացի խորհրդային դերասան ռեժիսոր, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ
1907 - Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (վ. 1991)։
1878 - Զապել Եսայան, հայ գրող, հրապարակախոս (վ. 1943):
1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ (վ. 1934)




avatar