Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, և իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի  հետ սահմանված այցելություն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-29, 2023-10-05, 2024-10-03, 2025-10-02, 2026-10-01, 2027-09-30, 2028-10-05, 2029-10-04, 2030-10-03:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2021 - «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ արեց Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական այս օրենսդրության իրականացումը:

  • «Freedom House»-ն իր մտահոգությունն էր հայտնում Facebook-ի օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ, երբ մեկնաբանության մեջ օգտատերը վիրավորել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

2021 - Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվեց ևս 4 հայ զինծառայողի աճյուն: 
2020 - Արցախյան 2-րդ պատերազմ. Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շփման գծի ողջ երկարությամբ շարունակվել են լարված մարտերը:

  • Պատերազմի 3-րդ օրվա մասին ավելին՝ այստեղ:

2020 - Արցախյան 2-րդ պատերազմի առիթով կարճ հայտարարությամբ հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ շեշտելով պահի հրամայականը.

  • «Հայկական կողմի համար պահի հրամայականը`
    ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է, 
    բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

2012 - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի գինը փոխվելու է։
2008 - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Հովիկ Աբրահամյանը: 

  • Նա Ազգային ժողովի պատգամավոր էր դարձել մեկ ամիս առաջ։

2007 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ այցելում է Հայ հեղափոխական դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոն։ 

  • Առաջին նախագահն այստեղ 40 րոպե զրուցում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: 
  • Հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանն ասում է, որ կարևորը հենց հանդիպման փաստն էր:

2006 - «Իրավունք» թերթի ղեկավարը հայտարարում է , որ ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը թերթի խմբագրության հաշվապահությունից հափշտակել է 250 հազար դրամ: 
1999 - Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ 

  • Նրան այստեղ կշնորհվի Հայաստանի պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ 
  • Շևարդնաձեն այցելում է Ազգային Ժողով հանդիպելու իր վաղեմի բարեկամ Կարեն Դեմիրճյանին։ Դեմիրճյանը նրան ընդունում է նույն շենքում, բայց որպես խորհրդարանի ղեկավար։ 
  • Երկուսին էլ հետաքրքիր է՝ ե՞րբ է իրենց միանալու նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։

1998 - Կոմկուսն ու լիբերալ ազատական դեմոկրատները Ազգային Ժողովում պահանջում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի և կառավարության հրաժարականը։
1998 - Հայրիկյանը հիշում է, որ կոմունիստները խլել են իր կյանքի 17 տարին, կոմունիստներն էլ հակադարձում են՝ 17 տարին քեզ քիչ էր։ 
1997 - Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը նենգափոխում է հռչակավոր ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած «լավ չեք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» միտքը։

  • Ըստ նրա,  դրանով Տեր-Պետրոսյանը ահաբեկել է ժողովրդին, խեղճացնում է մեր բանակը, հետևաբար պետք է հրաժարական տա։

1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի Էսեմբողա օդանավակայանի տարանցման բաժնում, որը պատճառում է նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Նահատակ Հարություն Սասունյան Խումբ»-ը։
  • Նա նահատակվել էր 1979 թ. սեպտեմբերին, «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողությունների ժամանակ։

1955 - Էջմիածնում բացվում է Հայ եկեղեցու Ազգային-եկեղեցական ժողովը, որը հրավիրվել էր Ամենայն հայոց նորընծա կաթողիկոսի ընտրության կապակցությամբ։

  • Ժողովին մասնակցելու համար ժամանել էին պատգամավորներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունից, Հայ եկեղեցու արտասահմանյան և ներքին թեմերից։
  • Էջմիածին էին ժամանել հյուրեր և ուխտավորներ ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Ռումինիայից և այլ երկրներից։

1937 - Ձերբակալվեց Հրաչյա Աճառյանը այն մեղադրանքով, որ նա անգլիական ռեզիդենտ է և գտնվում է համալսարանում իբր գործող հակահեղափոխական խմբի պրոֆեսորների մեջ։

  • Աճառյանի մտերիմները փրկել են նրա որոշ ձեռագրեր, որոնք դրել են երկաթե արկղը և թաղել Նոր Բութանիայի շրջանի պարտեզում։ Դատարանը Աճառյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, սակայն 1939 թվականի դեկտեմբերի 19-ին նա ազատ արձակվեց հանցակազմի բացակայության պատճառով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Լուարա Հայրապետյան (ծնվ. Աստրախան), ռուս և հայ երգչուհի, մի շարք միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր
1977 - Վիգեն Միրումյան, չեխ շախմատիստ, գրոսմայստեր (2008)
1976 - Վլադիսլավ Գրիգորյանց, պլաստիկ վիրաբույժ, պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ռուսաստանյան ընկերության և ռինոպլաստիկայի Եվրոպական միության գործող անդամ

  • Շվեյցարական միջազգային Who is Who հրատարակչությունը Գրիգորյանցին ճանաչել է Ռուսաստանի հաջողակ պլաստիկ վիրաբույժներից մեկը:

1974 - Բորիս Համբարձումով, հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ
1940 - Սարգիս Քարամյան (ծնվ. Քեմեր, Թուրքիա, մ. 2015 թ.), միջուկային ֆիզիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի աշխատակից
1957 - Առուշան Վարդումյան, ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի տարածաշրջանային կոնֆլիկտաբանության կենտրոնի ղեկավար
1947 - Սերգեյ Ալիխանով (ծն. Թիֆլիս), բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ և թարգմանիչ

  • Սերգեյ Ալիխանովի «Դու պետք կողքիս լինես» խոսքերի երգը ճանաչվել է 2005 թվականի լավագույն երգ:

1941 - Էմանուել Դոլբակյան (ծնվ. Բեյրութ, Լիբանան), նեյրոֆիզիոլոգ, հասարակական գործիչ

  • Ծնվել է Կիլիկիայից գաղթածների ընտանիքում (հայրը՝ Ե.Հ. Թոլբակյան)։

1927 - Կոնստանտին Ղարագյոզյան, կենսաքիմիկոս, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անդամ (2000)
1923 - Թերեզա Գրիգորյան, բալետի հայ խորհրդային արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի

  • Շվեյցարացի աստղագետները նրա անունով աստղ են անվանել։

1882 - Եվգենի Կագարով (ծնվ. Թիֆլիս, մ. 1942) պատմաբան, ազգագրագետ, բանասեր, հին հունական կրոնի մասնագետ
1875 - Սաթենիկ Ադամյան, դերասանուհի, լիրիկական-դրամատիկ դերերի նշանավոր կատարող

  • 1913 թ. պատրաստվել էին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այն ժամանակ հայտնի դերասանուհի Սաթենիկ Ադամյանը գրել էր Միքայել Մանվելյանի «Հեքիաթ» պիեսի սցենարը։