Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: «Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները», - Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ գոյություն ունեն: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլորությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-03, 2023-09-09, 2024-09-07, 2026-09-05, 2027-09-04, 2028-09-09, 2029-09-01, 2030-09-07։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը, տեղի բնակիչներն այդ մասին տեսանյութ են հրապարակում։

  • Հաղորդվում էր, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի երկու բնակիչ մարմանկան վնասվածքներ են ստացել, տներ են փլուզվել: Բաքուն սպառնում էր համարժեք հարված հասցնել:
  • Ադրբեջանցիները հաղորդում են պատասխան գործողությունների մասին։

1993 - Հեյդար Ալիևը Գերագույն խորհրդի փոխնախագահին հանձնարարում է աշխատել` Ադրբեջանի և Ղարաբաղի առաջնորդների միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ:

  • Շաբաթներ անց արդեն Մոսկվայում կայանում է առաջին նման շփումը` Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև: Կողմերը, սակայն, որոշում են այն գաղտնի պահել։

1991 - Հեյդար Ալիևն ընտրվում է Նախիջևանի Գերագույն Խորհրդի նախագահ։
1986 - ASALA. Երկու պայթյուններ ֆրանսիական «Լիբանո-ֆրանսեզ» բանկի Բեյրութի Մըքալլէս և Սին էլ-Ֆիլ թաղամասերի մասնաճյուղերում։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ ՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1826 - Գեներալ Վալերիան Մադաթովի հրամանատարությամբ ռուսական բանակը պարսիկների դեմ հաղթանակ է տանում Շամխորի ճակատամարտում։
1804 - Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան։

ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ռոման Ամոյան, ազգությամբ եզդի հայաստանցի ըմբիշ
1983 - Գաբրիել Սարգսյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1967 - Տարոն Աճեմօղլու, թուրքահայ նշանավոր տնտեսագետ
1952 - Հակոբ Մովսես, հայ բանաստեղծ, թարգմանիչ
1947 - Լևոն Իշտոյան, նախկին սովետական ֆուտբոլիստ
1941 - Սերգեյ Դովլաթով, հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի, 1979 թ.-ից՝ ամերիկացի գրող