Պատմությունը չի՛ կեղծվելու


1996-ին Վազգեն Մանուկյանը ոչ թե պահի իշխանությունների դեմ էր դուրս եկել, այլ պետության և պետական ինստիտուտների։ 

1998-ի հեղաշրջման շահառու բանդան ոչ թե Տեր-Պետրոսյանի դատավճիռն էր կարդում, այլ Հայաստանի ու Արցախի։

1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված պետական պաշտոնյաներն իրենց հետ գերեզման էին տանում պետականությունը։

2003-ին Քոչարյանը ոչ թե ընդդիմադիրների բողոքի ակցիան էր ցրում, այլ բռնաբարում էր ազատ կամարտահայտությունն ու ընտրական ինստիտուտը։

2008-ի մարտի 1-ին ոչ թե ընդդիմությունն էր գլխատվում, այլ մի ամբողջ պետություն։

2023-ին պետական ինստիտուտները սեփական անձի հետ նույնացնողները շարունակում են բռնաբարել ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

1996-ին օդ կրակելով Տեր-Պետրոսյանը կիրառում էր պետության երաշխավորի` սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը։ 

1998-ին իր հրաժարականով երկիրը զերծ էր պահում արկածախնդրությունից և քաղաքացիական պատերազմից։ 

1999-ի սպանդից հետո զինվորականության առաջարկը մերժելով պաշտպանում էր Պետության ամբողջականության գաղափարը։ 

2008-ին բախումներ չհրահրելով և պետական ինստիտուտների վրա չգրոհելով պետականությունը վեր էր դասում նեղ անձնական շահերից։  

2021-ին երեք նախագահների հետ միասնական ճակատով հանդես գալու առաջարկ անելով փորձում էր երկիրը զերծ պահել հետագա աղետներից....

Շարքը կարելի է անվերջ շարունակել։ 

Իսկ դուք շարունակեք ստորադասել Պետությունն ու նրա հեղինակությունը։ Պատմությունը, միևնույնն է, չոր փաստերի վրա է գրվելու։ Պատմությունը չի՛ կեղծվելու։

Տաթև Զորյան