Քաղաքացիական զենքեր. Օդամղիչ հրազեն


ԶԵՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի։ Թույլտվություն տալու իրավունք ունի Ոստիկանությունը:

Քաղաքացին Ոստիկանության թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք պետք է գրանցվեն երկշաբաթյա ժամկետում: Թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան 5 միավոր: Թույլտվությունը տրվում է մինչև 5 տարի ժամկետով , և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել:

Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Ողորկ-երկարափող հրազեն ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել ինքնապաշտպանության նպատակով` առանց այն կրելու իրավունքի:

Սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:

Ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: 

Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան 3 միավոր որսորդական ակոսափող հրազեն և 5 միավոր որսորդական ողորկ-երկարափող հրազեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուներ կազմելու օբյեկտ են:

Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին: Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու` որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում:

Քաղաքացու ձեռք բերած երկարափող հրազենը, ինչպես նաև որսորդական օդաճնշիչ զենքը ձեռքբերման օրվանից երկշաբաթյա ժամկետում ենթակա է գրանցման ՀՀ Ոստիկանությունում:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, Ոստիկանությունը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ` այն պահելու և կրելու թույլտվություն` 5 տարի ժամկետով: 

Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից և անհրաժեշտությունից, սահմանում է ՀՀ Ոստիկանությունը:

Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ՀՀ Ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր) և ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի ՀՀ Ոստիկանությունում անցնել ստուգում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ` Yստիկանության սահմանած ծրագրով:

Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում`

ա) օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.
բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.
գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել.
դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.
զ) մշտական բնակության վայր չունեցողներին.
է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:

Զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է ՀՀ կառավարությունը:

Բժշկական ստուգման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

Տեսանյութով ներկայացնում ենք Քաղաքացիական զենքերից օդամղիչ հրազենի մասին պատմող ռեպորտաժ։