ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 2-րդ


2020 թվական - Արցախյան 2-րդ պատերազմ. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28

Գործողություններ

  • Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ 
  • Երեկոյան Ադրբեջանն սկսեց լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ 

Հայաստան

  • ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, թե «Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան»:

Ադրբեջան

  • Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք։
  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում շնորհակալություն հայտնեց Թուրքիային ցույց տված աջակցության համար:

Ռուսաստան, ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: «Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: 

Թուրքիա

  • «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարություն կատարեր՝ Հայաստանին որակելով որպես թշնամական երկիր և ակնարկեց, որ հիմա «նոր արյունոտ էջ է բացվում»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

ԱՄՆ

  • ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել կապի ուղիղ միջոցները և խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը: «Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ»։ 
  • ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտեց ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։

Եվրոպական խորհրդարան

  • Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների։

Իրան

  • Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
  • Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ:

Կիպրոս

  • Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն հայտնեց լարվածության աճի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում և դատապարտեց հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակիչության շրջանում:

Հունաստան

  • Հունաստանը դատապարտեց մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին: