ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 39


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 39՝ նոյեմբերի 4

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: 
  • Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը։ 
  • Քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակվում են Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին իր ելույթն սկսել է այսպես. «Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ»։

ԻՐԱՆ

  • Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իրանի երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ այն ավարտվի: Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայերի անվտանգությունը պետք է պահպանվի»: Նա հավելել է. «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան Իրանի  սահմաններին, հակառակ դեպքում եթե ​​նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»:
  • Իրանի զինված ուժերը զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործել են ծանր ռմբակոծության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է և կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ «Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել  է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի շարունակվող վարձկանների տեղափոխման վերաբերյալ, որոնց թիվն, ըստ նրա, մոտենում է 2 հազարին։ Լավրովն ընդգծել է՝ ՌԴ չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու դիրքրորոշումն ու հավանականությունը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հստակ արտահայտվել են բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Համանախագահների այս «եռյակը» միջնորդության ընդհանուր ճանաչված ձևաչափն է, ասում է նա՝ հավելելով, որ կաշխատեն նաև իրենց թուրք գործընկերների հետ՝ հրադադարի հաստաման և բանակցությունների վերսկսման համար:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻԵԴ

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել միջազգային չափանիշներին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց առնչությամբ: 
    Դատարանը նշել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են: «Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ անցնում են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է հաղորդագրությունում: 
    «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը և կոչ է անում երկու կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԻՏԱԼԻԱ

  • Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: 

ՀՈՒՆԱՍՏԱՆ

  • Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է՝ Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

ՍԼՈՎԱԿԻԱ

  • Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև, որտեղ, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: