ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 3-րդ


Արցախյան 2-րդ պատերազմ, օր 3-րդ

Գործողություններ

  • Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շփման գծի ողջ երկարությամբ շարունակվել են լարված մարտերը:

Հայաստան - Արցախ - Սփյուռք

  • Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության ՝ ադրբեջանական զորքերը հարձակում են ձեռնարկել Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով:
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս։
  • Ցամաքային ուժերի գործողություններին աջակցություն ցուցաբերած հայկական Սու-25-ի զոհվելու կապակցությամբ հայկական կողմը հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, որը գործում էր Գյանջայի օդանավակայանից: Ադրբեջանը հերքել է այդ հայտարարությունը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայկական կողմը տեղեկատվություն ունի զինված հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին:
  • Կարճ հայտարարությամբ հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Հայկական կողմի համար պահի հրամայականը`

ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է, 
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

  • Պոլսի Հայոց պատրիարքարանը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Ցավալի  է, որ շուրջ երեսուն տարի շարունակվող Ղարաբաղյան խնդիրը Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողանում բանակցության սեղանի շուրջ լուծել։

Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն ունեն խաղաղ գոյակցության երկար դարերի փորձ: Մեր ամենամեծ ցանկությունն է, որ «եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներ» արտահայտությունը վերականգնվի այսօրվա սերունդների կողմից»:

  • Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել է, որ հայկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են։

Ադրբեջան

  • Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների, հայկական ուժերը բազմիցս փորձեր են ձեռնարկել հակահարված հասցնելու Ֆիզուլի-Ջեբրաիլի և Աղդեր-Տերտերի ուղղություններով կորցրած դիրքերը վերադարձնելու նպատակով:
  • Առավոտյան ադրբեջանական բանակը, Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, շարունակել է հարձակումը Ֆիզուլի քաղաքի վրա:

Ռուսաստան

  • Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան. «ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անում է հնարավորը՝ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու և հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալու համար։ Ռուսաստանը ակտիվ աշխատում է, ակտիվ կոնտակտի մեջ է բոլոր կողմերի հետ»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա կոչ էր արել երկու երկրների ղեկավարներին անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում և վերադառնալ բանակցություններին` խուսափելու համար տարածաշրջանում անկայունությունից, նաև կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը ու հորդորել կողմերին աշխատել ՄԽ համանախագահների հետ:

Մեծ Բրիտանիա և Կանադա

  • Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալվող իրադարձություններին արձագանքեցին Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնը: Վերջիններս հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ԱՄՆ

  • ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը Twitter-ում գրել է. «Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»:
  • Սանչեսը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը աշխատել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝  հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար:

Ավստրիա

  • Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 29-ին  տեղի ունեցան քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։ Իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, որն ասել է. «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»:
    Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի և հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից»։

Գերմանիա

  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել  «Անհապաղ դադարեցնել բախումները» և հրադադար հաստատել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Իրան

  • Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Թվիթերի իր անձնական էջում գրել է. «Ադրբեջանը և Հայաստանը մեր մերձավոր հարևաններն են և մեր քաղաքականությունը հարևանների և նրանց հարաբերությունների նկատմամբ միշտ հիմնված են եղել համագործակցության և դիվանագիտության երկխոսության միջոցով՝ վեճերի լուծման հիմքի վրա»։

Վրաստան

  • Ջավախքի հայ համայնքը փակել էր Կարծախ գյուղի մոտ գտնվող վրաց-թուրքական սահմանը՝ չթողելով ռազմամթերքի տեղափոխումը Թուրքիայից Ադրբեջան։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼ

Foreign Policy 

  • Հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին.
  • «Ադրբեջանի անսպասելի հարձակումը կարող է հանգեցնել նաև Մոսկվայի շատ ավելի անմիջական միջամտության` ամենայն հավանականությամբ, արագ զինադադարի համար»:
  • «Ռուսաստանը և Իրանն առաջարկել են բանակցություններ վարել ռազմական գործողությունների այս նոր փուլը դադարեցնելու շուրջ»:

Իզվեստիա

  • Ռուսական «Իզվեստիա»-ի թղթակիցը տեղեկացրել է Ստեփանակերտի բնակիչների տարերային տարհանման մեկնարկի մասին։