ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 4-րդ


ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 4-րդ

Իրավիճակը ռազմաճակատում

  • Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է:

Հայաստան - Արցախ

  • ԱԺ-ն հաստատեց տնտեսության զորահավաքային պլանն օպերատիվ ընդունելուն նպաստող օրինագիծը
  • ՀՀ ԱԳՆ հայտարարեց, որ «Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»:
  • Տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը:
  • Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է։ Կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռազմաբազայի ներուժը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի այս փուլում ներուժի օգտագործման անհրաժեշտությունը չի ձևավորվել»: Նա նաև հայտարարեց, որ «Ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին»:
  • Հայտնի ռեփ կատարող, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ աղոթում է Հայաստանի համար:
  • Արցախի համար դրամահավաքին մասնակցելու կոչ արեց Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտնել է, որ ադրբեջանական բանակին հաջողվել է շարքից հանել հայկական զենիթահրթիռային համալիրը Խոջալուի շրջանի Շուշակենդ գյուղի տարածքում:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները Ղարաբաղում, եթե հայկական ուժերը անմիջապես, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս գան տարածքներից: «Մարտերն ընթանում են ադրբեջանական հողում, Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, և մենք դրա լիակատար իրավունքն ունենք»,- ասել էր նա:

Ռուսաստան

  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը:
  • «Կրեմլն ինչ տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ» հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է. «Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործողություններին, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է։ Մենք մանրակրկիտ գրանցում ենք բոլոր հայտարարությունները, որ կատարում են միջազգային առաջնորդները»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

BBC

  • BBC խմբագրականը հարցազրույց էր վերցրել Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանից, որը նշել էր, որ իրենց խաբել են՝ բերելով ռազմաճակատ։

ԱՄՆ

  • ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանո. «Այս պահին դժվար է պատկերացնել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանց արտաքին ուժերի քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության: Միջազգային հանրության կոչերից զատ անհրաժեշտ են հավելյալ դիվանագիտական ջանքեր և քայլեր՝ կողմերին ստիպելու դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ»: 

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցության ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: 

Գերմանիա

  • Բեռլինում Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց, տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի և Արցախի։

Հունաստան

  • Հունաստանը պահանջեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: 
    Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:
    «Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի  խաղաղ կարգավորման շուրջ»,- ասված էր Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
  • Աթենքում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի աջակցությւոն Արցախի և Հայաստանի։

Վրաստան

  • Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առաջարկեց Թբիլիսիում անցկացնել հայ-ադրբեջանական բանակցություններ՝ Ղարաբաղյան հակամարտության սրացումը թուլացնելու և խաղաղությունը վերականգնելու շուրջ։ «Վրաստանը պատրաստ է ցանկացած ֆորմատով աջակցել այդ պրոցեսին, ներառյալ նաև անցկացնել հակամարտության կողմերի հանդիպում՝ երկխոսության համար»,- ասել էր Գախարիան։

Ուկրաինա

  • «Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ինչպես որ Ադրբեջանն է սատարել մեր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և այդ սկզբունքը մեզ համար մնում է բացարձակապես անփոփոխ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան խիստ մտահոգված է «այն ռազմատենչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին՝ ըստ էության ազատվելով Ադրբեջանի գործողությունների կաշկանդվածությունից», և որ այդ հայտարարությունները «կշռադատված չեն և վտանգավոր են»: Մակրոնի կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի: