ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 6-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 6-րդ՝ հոկտեմբերի 2

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: 
  • Շարունակվել է հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Հադրութ քաղաքները, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Ստեփանակերտի ուղղությամբ զանգվածային կրակ է արձակել:
  • ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը և պատրաստակամություն հայտնել բանակցել Մինսկի խմբի շրջանակներում:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի հետ։
  • ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:
  • Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչով դիմել է Սիրիայի Գլխավոր Մուֆթի Շէյխ Տոքթ. Ահմատ Պատր Ատտին Հասսունինին՝ կոչ անելով դատապարտել ու բարձրաձայնել Արցախի և Հայաստանի անվտանգությանը սպառնացող Թուրք-Ադրբեջանական ռազմական և ոչ մարդկային ոտնձգութինները և ըստ կարողութեան անել ամեն ինչ խաղաղության և կայունության վերահասատման համար:
    Սիրիայի Գլխավոր Մուֆթի Հասսունն իր հերթին դատապարտել է ռազմական գործողությունները՝ մասնավորապես Թուրքիայի արյունատենչ միջամտությունը: Նա հաստատեց, թե Թուրքիան Ադրբեջանի ճամփով հիմանկան դերակատարն է մարդասպան ահաբեկիչների՝ Սիրիայից և այլ վայրերից ռազմաճակատ տեղափոխելուն:

Արցախ

  • Խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին ահազանգել է Կարմիր խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը։ 
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի օրերից «Եղնիկներ» զորամասի հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրվեց «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացավ Արցախի հերոսի կոչման։ 

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական զորքերը վերահսկողություն են հաստատել Մատաղիսի շուրջ տիրող բարձունքների նկատմամբ և առաջ են անցել Ջեբրաիլ-Ֆիզուլիի ուղղությամբ:

Ռուսաստան

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում «երկու կողմից լուրջ մտահոգություն է հայտնվել Մերձավոր Արևելքից ապօրինի զինված խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավելու վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ»: 
  • Ինչպես նշում է «Կոմերսանտը», այսպիսով, Ռուսաստանի ղեկավարությունն ըստ էության պաշտպանել է հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմից մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայի և Լիբիայի իսլամիստները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • ԱՄՆ մի քանի տասնյակ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են ուղղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Տեղեկությունը նամակի հեղինակներից մեկի՝ Ադամ Շիֆի կայքում տեղ գտած հայտարարությունից է:

Եվրոպական Միություն

  • Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց գագաթնաժողովում կոչ են արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը հակամարտությանը և կառուցողական դեր խաղալ իրավիճակի ապաԷսկալացման գործում: Ինչպես ասված է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրախորհրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին կոչ է անում վերահաստատել հավատարմությունը հրադադարի կայունությանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
  • ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը Թվիթերի իր էջում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետևանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը: 
    «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը:

Թուրքիա

  • Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերն անվանել է «ոչ համոզիչ և ոչ անկեղծ» և հայտարարել է, որ «Թուրքիան մինչև վերջ կաջակցի եղբայրական Ադրբեջանին հայրենի հողերի ազատագրման համար արդար պայքարում»:

Ժնև

  • Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ. Քաղաքային խորհուրդը.
  • Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք
  • Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի սեպտեմբերի 27-ին Արցախի, Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,
  • Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորինս միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,
  • Հրավիրում է Վարչական խորհրդին աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

Քաղաքային խորհուրդը Լրացման մեջ «Հորդորում է Վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով»:

Հունաստան

  • «Anonymous Greec» խմբի հույն հաքերները կոտրել են Ադրբեջանի 159 պետական կայքէջ՝ ավելացնելով հետևայլ գրառումը. «Սա փոքրիկ աջակցություն է հայերին»:

Չիլի

  • Չիլիի Խորհրդարանի պատգամավորների պալատն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Դա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, նրանք բոլորն էլ  կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ես դա քննարկել ԵՄ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները»,- ասել է Մակրոնը։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Reddit-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը կոչ է արել միջազգային հանրությանը անդրադառնալ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին։ 
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմինախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների:
  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին` ի աջակցություն Հայոց բանակի:
  • Ռուսաստանցի հայտնի ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան հատուկ հանդերձանքով մեկնել է Արցախ։
  • Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը կոչով է հանդես եկել` ի աջակցություն Արցախում պատերազմի դադարեցման:
  • Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր ինստագրամի էջում անդրադարձել է այս օրերին Արցախում տիրող իրավիճակին: «Աղոթում եմ Հայաստանի և բոլոր քաջ զինվորների համար»,- գրել է Շահբազյանը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼ

The investigative journal

  • Բրիտանական «The investigative journal»-ի հետաքնության մեջ Լիբիայում կռվող սիրիացի ապստամբներից ոմանք պատմել էին, որ իրենց ասվել է, թե Ադրբեջան են գնալու ավելի շատ գումարի դիմաց, քան Լիբիայում էին ստանում: