ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 7-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 7-րդ՝ հոկտեմբերի 3

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ Առավել թեժ մարտեր են ընթացել ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման։ 
  • Ցերեկվա ընթացքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտական գործողությունները չեն դադարել։ 
  • Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածեց հայտարարություն՝ արգելելով իր աշխատակիցներին դուրս գալ Երևանի տարածքից։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում շեշտեց՝ Մենք անպայմանորեն կհաղթենք ու չկասկածեք, որ անպայմնորեն կհաղթենք:
  • Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր ներկայացրեց ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ:
  • Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կոչ արեց միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Արցախ

  • Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»։
  • Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմեց ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին ու մեր բանակին։ Պարգև Սրբազանը խնդրեց ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության բանակի։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Մատաղիզ գյուղը։ Ավելի ուշ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը գրավել է Թալիշ գյուղը՝ Թարթառի, Մեհդիլի, Չախիրլի, Աշաղի՝ Մարալյան, Շեյբեյ, Քույջաք գյուղերը՝ Ֆիզուլիի շրջանի, Ջեբրաիլի և Աշաղի գյուղերը՝ Աբդուրահմանլըի շրջաններում։
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները. «Այդ պատճառով նրանց դերն ու միջնորդության հնարավորությունները օբյեկտիվ պատճառներով, իհարկե, ավելի բարձր են, քան նրանք, ովքեր գտնվում են տարածաշրջանից հեռու և, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակում»։

Իրան

  • Միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի ավագ խորհրդականն ասել է. «Պատերազմի շարունակությունը և ջիհադական ահաբեկիչների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառնալիք է՝ ուղղված տարածաշրջանի  խաղաղությանն ու անվտանգությանը»:

Ռուսաստան

  • «Նովայա Գազետա»-յի Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում գտնվող աղբյուրը հայտնել է, որ մարտիկների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեյֆ Աբու Բաքր անունով անձը, ով, իբր, զբաղվում է Սիրիայի ազատ բանակի (ССА) կազմում կռվող «Խամզատ» բրիգադի համար մարտիկներ հավաքագրելով: Կամավորները գրանցվում են Իդլիբի Աֆրին բնակավայրում։ 300-ական գրոհայիններով խմբերն ուղարկվում են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաք, Գազիանթեփի օդանավակայանից` Ստամբուլ, ապա՝ Բաքու: Նշվում է, որ թռիչքներն իրականացվում են Վրաստանի օդային տարածքով:
  • Աղբյուրը հավելել է նաև, որ 700-1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ «գազամուղներն ու նավթամուղերը պաշտպանելու համար»:

Վրաստան

  • Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել:  «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել»: 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • Հայերը փակել էին Հոլիվուդի փողոցները՝ պահանջելով աջակցել խաղաղության հաստատմանը։

Բրազիլիա

  • Բրազիլիայում տեղի է ունեցել բողոքի ցույց իպաշտպանություն Հայաստանի և Արցախի։

ԵԱՀԿ 

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: Համանախագահները նաև կոչ են արել անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:

Հունաստան

  • Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ արեց հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ։
  • Երեկոյան Սալոնիկ քաղաքում հայերն ու հույները բողոքի ցույց կազմակերպեցին՝ ի աջակցություն Հայաստանի։

Շվեյցարիա 

  • Բեռնում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի աջակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։

Ֆրանսիա

  • Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել  դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: