ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 9-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 9-րդ՝ հոկտեմբերի 5

Իրավիճակը ռազմաճակատում

  • Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին:  Հակառակորդը վերսկսեց հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ, որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջին տարում զորացրված ժամկետային զինծառայողներին ևս կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ` չնայած օրենքը թույլ չի տալիս վերջին մեկ տարում զորացրված ժամկետային զինծառայողներին զորակոչել։
  • Նիկոլ Փաշինյանն այցելեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և բարձրագույն սպայական կազմի հետ:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հեռախոսազրույցում երկուստեք ընդգծվել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
  • Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը դիմեց Հայաստանում և Սփյուռքում բնակվող Կոնգրեսի անդամներին և համակիրներին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել Արցախի պաշտպանության համար մղվող պատերազմի կարիքների համար Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից հայտարարված դրամահավաքին: 

Արցախ

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի հերոսի կոչման են արժանացել 5 զինծառայող։
  • ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, որ Պաշտպանության բանակն առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից և ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեщ Ջեբրաիլի շրջանում ադրբեջանական բանակի կողմից Շըխալիաղալի, Սարըջալի և Մազրա գյուղերի, ինչպես նաև տարբեր ուղղություններով ռազմավարական մի քանի բարձունքների գրավման մասին:

Իրան

  • Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի զարգացումներին՝  ասաց. «Մենք շեշտում ենք, որ ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն և ժամանակին սկսվեն քաղաքական բանակցությունները: Իրանը պատրաստել է ծրագիր, որն այդ շրջանակներում է:  Հուսով եմ, որ մենք կկարողանանք հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գերծողությունները, որի արդյունքում և՛ կպահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և՛ կտարհանվեն գրավյալ տարածքները: Կա մի հիմնարար սկզբունք` դա խաղաղ բնակչության կյանքի իրավունքն է և մեզ համար անընդունելի է, որ կողմերից որևէ մեկը դա չկատարի»։
  • Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարեց, որ բոլոր ավիաընկերությունների և Turkish Airlines-ի չվերթները Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Թուրքիա չեղարկվում են մինչև հետագա ծանուցումը:
  • Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյը հայտնել է, որ հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ իրանական շրջան՝ այցի նպատակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումն էր։

Վրաստան

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ընդունելու հանրապետության պատրաստակամության մասին: «Երկու կողմերում նշվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալները: Կարծում եմ, որ մենք պետք է դյուրացնենք հանդիպման անցկացումը, համենայն դեպս, Վրաստանում: Մենք կանենք ամեն ինչ և պատրաստ ենք ամեն ինչի, ինչը նրանց համար ընդունելի է»,- ասել էր Զուրաբիշվիլին:
  • Ըստ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի, Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • ԱՄՆ սենատորները կոչ արեցին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրվող օգնությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակը հեղինակել էր Սենատոր Բոբ Մենենդեզին (Դեմոկրատ, Նյու Ջերսի):
  • ԱՄՆ-ի հայաշատ՝ Լոս Անջելես քաղաքում աննախադեպ միասնական բողոքի ցույցեր իրականացնող հայ համայնքը հասավ նպատակին. CNN-ը կատարեց հայերի պահանջը: Հայերը պահանջում էին, որ ամերիկյան լրատվամիջոցները ոչ կողմնակալ լուսաբանեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերը, ներկայացնեն իրականությունն Ադրբեջանի հարձակման մասին:
  • Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին իր թվիթերյան էջում գրառում է կատարեց՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին. «Լոս Անջելեսը հպարտ է՝ լինել հայկական ամենամեծ սփյուռքի տունը։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Կոչ եմ անում Վաշինգտոնում մեր առաջնորդներին հետևողական և խիստ դիվանագիտություն վարել, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա»,- նշված էր նրա գրառման մեջ։
  • Հայտնի ամերիկացի ռեփեր և շոումեն Xzibit-ը նվիրատվություն կատարեց Արցախի աջակցության ֆոնդին՝ կոչ անելով նվիրատվություններ կատարել Արցախի աջակցության ֆոնդին։

Արաբական պետությունների լիգա

  • Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարեց, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։ Աբուլ Ղեյտն ընդգծել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել Արևելյան Միջերկրականի գազային գոտիների վրա։ Աբուլ Ղեյտը նաև նշել է, որ իրեն զայրացնում է այն, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար:

Amnesty International 

  • Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության M095 DPICM տեսակի կասետային ռումբերով, որոնք միջազգային իրավունքով արգելված են։ 

Բելառուս

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում ասել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում իր երկիրը ռազմական մատակարարումներ չի կատարել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին: 

ԵԱՀԿ 

  • ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները վերահաստատեցին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս: 
  • ԵԱՀԿ-ում տարածվեց Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է, որ՝ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

Կանադա

  • Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարեց, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը: «Շարունակվող հետաքննությանը զուգահեռ ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- գրել էր Շամպայնը:

ԿԽՄԿ

  • «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն խստորեն դատապարտում է չտարբերակված գնդակոծությունների և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումների հաղորդված դեպքերը քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր, այդ թվում՝ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում քաղաքացիական անձինք»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության ընթացքում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զինատեսակների կիրառման առիթով։ 

Ֆրանսիա

  • Հայազգի ցուցարարները մի քանի ժամով փակել էին Ֆրանսիա-Բելգիա-Լյուքսեմբուրգ միջպետական ճանապարհը՝ պահանջելով Արցախի ճանաչումը և դատապարտելով ադրբեջանաթուրքական ագրեսիան։