Հայաստանցի ըմբիշը կրծքավանդակի կոտրվածքով հաղթել է կիսաեզրափակիչում


Հոկտեմբերին Խորվաթիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի վետերանների Աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցեց 6 ըմբիշով։ Սա այնքանով է հատկանշական, որ դեռևս 2001թ․-ից վետերանների աշխարհի առաջնություններին Հայաստանը ներկայացնում էին առավելագույնը 2 մարզիկ։

Չնայած բազմաթիվ խնդիրներին, վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճեցին 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Չեմպիոններ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը։

Մեզ հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի վետերաների Աշխարհի առաջնության չեմպիոն, արծաթե և բրոնզե բազմակի մեդալակիր Ազատ Շերոյանը, որը կրծքավանդակի կոտրվածքով հասել էր եզրափակիչ, հայտնեց, որ վնասվածքի պատճառով չկարողացավ պայքարել առաջին տեղի համար՝ գրավելով երկրորդ տեղը։ Նշենք, որ նման ծանր վնասվածքով Շերոյանը կիսաեզրափակիչում 10։1 հաշվով հաղթել էր ԱՄՆ ըմբիշին։

Այնուհանդերձ, ըմբշամարտի վետերանների առաջնություններին Հայաստանը միշտ չէ, որ կարողանում է ներկայացուցչական կազմով մասնակցել։ Պատճառը՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի կողմից անհրաշեշտ ֆինանսավորում չտրամադրելն է։ Որպես կանոն նման առաջնություններին մասնակցությունը եղել է մարզիկների հաշվին։

Ընդգծենք՝ ըմբշամարտի վետերանների Աշխարհի առաջնությունը բավականին հեղինակավոր մրցաշար է, որի մասնակցում են 55-ից ավելի երկրներ։ Ընդ որում, ընդլայնվում է ոչ միայն առաջնությանը մասնակցող պետությունների ցանկը, այլև մարզիկների թիվը։ Ըստ Շերոյանի՝ պատշաճ ֆինանսավորումը լուրջ խթան կհանդիսանա՝ ոգևորելու հայ ըմբիշներին։ «30-35 տարեկան մարզիկի համար սպորտը չպետք է ավարտված համարվի։ Վետերանների առաջնությունը դա երկրորդ շունչն է, երկրորդ շանսն է հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողացել լուրջ նվաճումներ ունենալ։ Բացի այդ, ըմբշամարտի վետերանների առաջնությունը, ոչնչով չի զիջում Աշխարհի առաջնությանը։ Այս առումով, շատ կարևոր է որպեսզի Հայաստանում ստեղծվի ըմբշամարտի վետերանների միություն, որը կհամախմբի բոլոր այն ըմբիշներին, ովքեր անկախ տարիքից ցանկություն ունեն շարունակելու իրենց կարյերան»,- նշեց նա։




avatar

ԳՈՎԱԶԴ