Ալմա Աթայի հռչակագրի սուտը


Լավ, որքա՞ն կարելի է ինքնամոռաց կերպով կրկնել այն սուտը, թե Հայաստանի անկախությունը ճանաչվել է Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից հետո կամ որևէ երկիր դրանից առաջ չի ճանաչել Հայաստանի անկախությունը:

Ախր այդ սուտն էլ այդքան էական չի, իրականում, քանի որ այդ լիակատար ստի ենթատեքստերը լրիվ այլ են: 

Բայց եթե բուն ստից ենք խոսում, ապա պետք է, նախ, արձանագրել, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Բայց Ալմա Աթայից օրեր առաջ, դեկտեմբերի 8-ին, ընդունվել էր մեկ այլ համաձայնագիր՝ Բոլովեժյան համաձայնագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև, ինչը և հիմք էր հանդիսանում իրենց իսկ ստեղված ԽՍՀՄ փլուզման ու ԱՊՀ կազմավորման համար: 

Ավելին, այդ համաձայնագրին անմիջապես միացել էր նաև Հայաստանը՝ Տեր-Պետրոսյանի հատուկ զանգով, որից օրեր անց՝ դեկտեմբերի 16-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Հայաստանի անկախությունը: Ամսաթիվը լավ ֆիքսեք: 

Ի դեպ, համաձայն 1992 թվականի հունվարին ԱԳՆ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության» օրաթերթին տրամադրված հատուկ տեղեկատվության՝ դեռ ՀՀ անկախության հանրաքվեից էլ առաջ Լիտվան ճանաչել էր Հայաստանի անկախությունը: Մինչև Ալմա Աթայի հռչակագիրը, Հայաստանի անկախությունը ճանաչել էին նաև այլ պետություններ, օրինակ՝ Ռումինիան ու Թուրքիան:

Այնպես որ թիմային ու անձնական այսրօպեական շահերի սպասարկմամբ թելադրված պատմական փաստերի խեղաթյուրումներն ու մանիպուլացվող «կիսաճշմարտություններն» ընդամենը ողորմելության հետևանք են:

Հարութ Ուլոյան