4 տարի առաջ Փաշինյանն էր Ալիևի խոսափողը


Իշխանությունների մոտ Խոջալուի թեման էն մակարդակի անմեղսունակ մակարդակի ա հասել, որ նրանք «Ալիևի խոսափող» են ներկայացնում այն մարդկանց, որոնք պահանջում են իրենցից՝ իշխանություններից, արձագանքել Ալիևի հայտնի հայտարարություններին։

Իրավիճակն այդքան ողորմելի չէր լինի, եթե սրանից 4 տարի առաջ իշխանությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույն թեմայի շրջանակներում չարձագանքեր նույն Ալիևին։

Կարող ա արդեն քչերն են հիշում, բայց 2020թ․ Մյունխենում կազմեկերպված Փաշինյան-Ալիև տխրահռչակ «բանավեճի» ընթացքում վերջինս կրկին բարձրացրել էր Խոջալուի թեման, ինչին ի պատասխան Փաշինյանը ներկայացրել էր ներկայումս կրկին շրջանառվող փաստագրական նյութը՝ 1992 թվականի Մութալիբովի հարցազրույցի հայտնի դրվագը։ Դրան ի պատասխան, թե՛ Ալիևը, թե՛ այն ժամանակ դեռևս կենդանի Մութալիբովը տվյալ փաստագրական նյութը համարել էին կեղծիք։ Ավելին, Ալիևը, որպես «փաստարկ», նշել էր նաև, որ ներկայումս, այսինքն՝ 2020 թվականին, Մութալիբովի հետ որևէ խնդիր չկա և նա հաշտ-համերաշխ բնակվում է Բաքվում։ Եվ դա այն դեպքում, երբ հայտնի է, որ 90-ականներին Մութալիբովը ներքին խռովությունների արդյունքում, կարելի ա ասել, փախած էր Ադրբեջանից։ 

Նույն ժամանակահատվածում Մութալիբովի հարցազրույցը կեղծիք ներկայացնողներին արձագանքել էր Մութալիբովից տվյալ հարցազրույցը վերցրած չեխ լրագրողը, որը հաստատել էր Մութալիբովի 1992 թվականի հարցազրույցում հնչեցված մտքերը։ Ինչևէ։

Ի՞նչ ա ստացվում։ Ստացվում ա այն, որ նույն թեմայի վերաբերյալ 4 տարի առաջ Փաշինյանը Ալիևին արձագանքում էր, այժմ՝ ոչ։ Ավելին, արձագանքողներն էլ համարվում են «Ալիևի խոսափող»։ Այսինքն, ըստ այդ մարդկանց տրամաբանության, 4 տարի առաջ Փաշինյանն Ալիևի խոսափողն էր։ 

Ո՞չ: Օ՜հ, ի՜նչ եք ասում։ Փաստորեն՝ Ալիևի սպառնալիքներին կամ մեղադրանքներին փաստագրված արձագանքելը նոր ա վերածվել մեղքի՞։ Բա դրա մասին ե՞րբ եք գլխի ընկել․․․

Ու պարզ չի, թե էս տեմպերով ողորմելիության որ գերադրական մակարդակի ենք հասնելու։

Հարութ Ուլոյան