Խնդիրը Փաշինյանի դեմ «համախմբվելու» ճանապարհներ փնտրելու մեջ է


Վերջին իրադարձությունների տեղայնացումն ընդամենը իրավիճակի լեգիտիմացում է։ Եթե դրանով բնականորեն շահագրգռված է/էր Փաշինյանը, ապա ընդդիմության շրջանակների շահագրգռություններն ուղղակի ապշեցնող են։ Վերջին հաշվով, ի՞նչ են անում այս մարդիկ: Անզեն մարդկանց գրգռում ու կուտակում են սահմանի բերանին՝ երկու կողմերի զինված ուժերի, արդեն, կարելի է ասել, կիզակետում: 

Ընդդիմության լիդերները, իբր, մեծահոգաբար հետ են քաշվել, թողել են, որ ժողովուրդն ինքն իրեն տնօրինի, կամ, ինչպես ընդդիմադիր լիդերներից մեկն այսօր հայտարարեց, ցանցային պայքար են ցանկանում սկսել: 

Նախ, հետ քաշվելու մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի դեռ պաշտոնապես նրանց ղեկավարները չեն հայտնել, որ պետական որևէ պաշտոնի որևէ պարագայում չեն հավակնելու, բացի այդ, ի՞նչ հետ քաշվելու մասին է խոսքը: Որտեղի՞ց են հետ քաշվում: Այսինքն, սահմանի բերանին սեփական լծակներով ժողովրդին գրգռում են, բայց պատասխանատվություն չեն ցանկանում կրել այդ գորընթացների համա՞ր: 

Ներկայիս իրադարձությունների կոնտեքստում խոսակցություններ են գնում նաև ընդդիմադիր լիդերների փոփոխության կամ նրանցից կոնկրետ անձանց «սև ցուցակ» գցելու մասին: Սա, միգուցե, տարբեր խմբերի համար ականջահաճո, սակայն ոչ մի տեղ չտանող խոսակցություններ են, քանի որ արդյունքում չի գտնվելու որևէ անձ, ում թեկուզ ինչ-որ վերապահումներով հավանություն կտրվի մեծամասնության կողմից: 

Խնդիրն, ըստ այդմ, ոչ թե «բացառելու», այլ, ընդհակառակը, Փաշինյանի դեմ «համախմբվելու» ճանապարհներ փնտրելու մեջ է, որի բազային սկզբունքները դեռևս 3 տարի առաջ մատնանշել ու հրապարակայնորեն առաջարկել էր առաջին նախագահը: 

Ներկայիս ծանրագույն իրավիճակում, նման հնարավոր համախմբման առանցք, այո՛, կարող է ծառայել Եկեղեցին, բայց ոչ երբեք դրա որոշ ներկայացուցիչների, հայտնի ընդդիմադիրներից չտարբերվող, դրսևորումները: Կաթողիկոսն ինքն անձամբ պիտի նախաձեռնի ու պատասխանատվություն ստանձնի այդ համախմբման կայացման համար: Ինչպես նման փորձ արվեց մեկ ու կես տարի առաջ: 

Եկեղեցին՝ որպես ինստիտուտ և հոգևորականները՝ անհատաես, ի տարբերություն կուսակցությունների ու հանրահայտ գեոպոլիԾիկների, շատ ավելի զուսպ, հավասարակշռված, միասնական ու հեռատեսորեն պետք է գործեն: 

Եթե այս գիտակցումը չկա, եթե Եկեղեցին չի պատրաստվում, որպես ինստիտուտ, համախմբումն առաջնորդողի պատասխանատվություն ստանձնել, եթե քաղաքական ուժերը շարունակելու են իրենց մաշեցված խոսույթներն ու վերմակը յուրաքանչյուրն իր կողմը քաշելու խղճահարություն առաջացնող դրսևորումները, ինչի վերջնարդյունքը իշխանությունների օրակարգերի լեգիտիմացումն է եղել ու կա, ապա, իսկապես, մենք գործ ունենք Փաշինյանի դեմ պայքարի գիտակցված իմիտացիաների հետ՝ «թելադրված» Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման պատասխանատվությունից խուսափել չկարողանալու հեռանկարով:

Հարութ Ուլոյան