Փրկության շանս կա


1940թ. հունիսի 18։ Այս օրը BBC ռադիոկայանի եթերում հնչեց գեներալ Շառլ դը Գոլի լեգենդար ուղերձը, որ բեկումնային ազդեցություն ունեցավ հիտլերյան ռեժիմի առաջ ծնկած Ֆրանսիայի պատմության վրա՝ դառնալով դիմադրության շարժման սկիզբ։ 

Այն ժամանակ քչերին հայտնի գեներալը Լոնդոնից կոչով դիմեց հայրենակիցներին՝ հայտարարելով. «Բայց արդյո՞ք վերջին խոսքն արդեն ասված է: Արդյո՞ք հույսը պետք է վերանա: Արդյո՞ք այս պարտությունը վերջնական է։ Ոչ։ Հավատացեք ինձ, ես ձեզ ասում եմ՝ հիմնվելով փաստերի իմացության վրա, ասում եմ ձեզ, որ Ֆրանսիայի համար ոչինչ կորած չէ: Այն միջոցները, որոնք մեզ հաղթեցին, կարող են մոտեցնել Հաղթանակի օրը»։

Գեներալ դը Գոլը 4 տարի անց արդեն Ֆրանսիայի ղեկավարն էր՝ նախարարների խորհրդի նախագահը։ Նա պաշտոնավարեց կարճ՝ մեկ ու կես տարի, որից հետո հրաժարական ներկայացրեց։ Բայց այդ ժամանակահատվածը բնութագրվել է որպես Ֆրանսիայի փրկության ժամանակ։

12 տարի անց, երբ Ֆրանսիան կրկին ճգնաժամի մեջ էր, դը Գոլը վերադարձավ իշխանության՝ դառնալով Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիրը. «Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան ջանում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցության ռեժիմի ուժերից վեր են, և գնում է կործանման։ Մի անգամ ծանր ժամանակահատվածում երկիրը վստահեց ինձ, որ ես նրան փրկության տանեմ։ Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առջև է կանգնած, թող իմանա, որ ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները»։

Այսպես էր հնչում դը Գոլի վերադարձի ուղերձը։

Ի դեպ, Հայաստանը ևս իր «դը Գոլն» ունի՝ երրորդ Հանրապետության հիմնադիրը, որի գործելաոճը որոշ դրվագներով իսկապես նման է Ֆրանսիայի առաջնորդին։ Ճիշտ է՝ նա ոչ թե գեներալ է, այլ՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական գործիչ։

Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության մասին շատ չեմ խոսի, այլ վերջին տարիներից ընդամենը երկու դրվագի վրա կկենտրոնանամ, որոնք ևս միտված էին երկիրը պարտությունից հետո ոտքի կանցնեցնելուն։

2020թ. պարտությունից հետո առնվազն երկու անգամ նա նման փորձ արեց.

  • Առաջին փորձը 2021թ. արտահերթ ընտրությունների նախաշեմին Տեր-Պետրոսյանի առաջարկն էր նախկին նախագահներին՝ միասնական դաշինք կազմել, պայմանով, որ հաղթանակից հետո իրենցից ոչ մեկը չի վերադառնա իշխանության, չի դառնա վարչապետ, չի զբաղեցնի պաշտոն։ Բայց քանի որ նախկիններից մեկը հավատացած էր, թե «կկռի», մյուսն էլ արդեն ուրիշի էր խոսք տվել, դաշինքը չեղավ, և պատերազմում պարտված վարչախումբը մնաց իշխանության։
  • Երկրորդ փորձը արդեն 2022թ. սեպտեմբերին էր, երբ Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջնորդությամբ հանդիպեց Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ, առաջարկելով երկրի համար գերզգայուն իրավիճակում հաշվի առնելով ծառացած խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները, գնալ իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության։ Բայց կրկին՝ մեկը ԱԺ-ում խմբակցության անդամների հրապարակային ծեծից հետո դեռ հավատացած էր, թե կհաջողվի «մինչև քըքը մաշեցնել», իսկ իշխանական թևի մասին էլ դե գիտեք ամբարտավանության ու անպատկառության շքահանդեսը՝ աննախադեպ ու ամենագետ։ Ու կրկին նախաձեռնությունը չկայացավ։ 

Իսկ հետևանքները քաղում ենք առ այսօր, և դեռ երկար տառապելու ենք այս մղձավանջի մեջ, քանի դեռ…։

Քանի դեռ ամեն ինչ չի կորսվել։ Փրկության շանս կա. պատահական չէ, որ Առաջին նախագահի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները՝ հանձին Լևոն Զուրաբյանի, խոսում են մեծ վստահություն ներշնչող քաղաքական ուժի առաջնորդության մասին։ Խոսվում է իշխանությանն այլընտրանք ձևավորելու մասին, որը հանդես կգա քաղաքական մտածողություն պարունակող ուղերձով։ Եվ ոչ թե կշարունակի այսօրվա տիտղոսային ընդդիմության նման հայդատականության, ռևանշիզմի, քաղաքական ռոմանտիզմի դիրքերից հանդես գալ, ոչ թե պատրանքներ, ցնորքներ, երազանքներ ու միֆեր առաջարկել, այլ ընդհակառակը՝ իրատեսության, ռեալ քաղաքականության գաղփարի կրողներ կլինեն ու կառաջարկեն իրական այլընտրանք։ 

Կհետևե՞նք այդ առաջարկին, շատ լավ։ Չենք հետևի, ստիպված կլինենք հերթական աղետից հետո կրկին արձանագրել. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Այնպես, որ, ինչ էլ պատահի, Հայաստանում ողջախոհության ճրագը չպետք է մարվի և չի մարի:

Արման Գալոյան