Դուք լուծումներ եք ուզում առանց դառը ճշմարտություններ լսելու կարողության


Էդ բոլոր նեղացողներին ու պահանջողներին, թե ինչու՞ եք լռել, ինչու՞ ոչինչ չեք ձեռնարկում, ինչու՞ եք ժողովրդին թողել բախտի կամ բախտախնդիրների քմահաճույքին, ընդամենը մի երկու բան ունեմ ասելու։ 

Դուք լուծումներ չեք ուզում, տիկնայք և պարոնայք։ Դուք հրաշքներ եք ուզում։ Դուք ուզում եք որ ինչ-որ մարդիկ ինչ-որ լուծումներ առաջարկեն, որոնք որևէ կերպ, նույնիսկ մի միլիմետրով չեն նվազեցնի ձեր նվիրական իղձերի ու հավակնությունների մակարդակը։ 

Դուք լուծումներ եք ուզում առանց դառը ճշմարտություններ լսելու կարողության։ Դուք հիմա էլ լուծումներ առաջարկողների հետևից չեք գնալու, եթե իրական լուծումներ առաջարկողները միավորվեն ու քաղաքական հայտ ներկայացնեն։ Դուք հայհոյելու եք էդ մարդկանց։ Դուք նրանց ասելու եք, որ նրանց առաջարկածը լուծում չի, այլ դավաճանություն։ 

Դուք լուծումներից խուսափելու պարագայում մռայլ կանխատեսումները համարելու եք էդ մարդկանց դիվական ցանկությունների արտահայտություն, ոչ թե տրամաբանության ու փաստերի պարտադրանք։ 

Դուք էդ մարդկանց մեղադրելու եք ռուսի ու թուրքի ագենտ լինելու մեջ։ Դուք էդ մարդկանց մեղադրելու եք արևմտյան արժեքների նկատմամբ հակակրանքի մեջ։ Դուք մերժելու եք էն տեսակետը, որ մասնավոր խնդիրները մեծ ու հիմնական խնդիրներից ածանցյալ են ու պահանջելու եք մասնավոր խնդիրներին լուծումներ առանց հիմնավոր խնդիրը լուծելու։ 

Իսկ ամեն հերթական աղետից հետո դուք պնդելու եք, որ անկախ ամեն ինչից արդյունքը կանխորոշված էր, որ մեզանից ոչինչ կախված չէր, որ մեր թիկունքում գործարք էր կնքվել, և այլն։ 

Բայց իհարկե դրանից շատ չանցած մեղադրելու եք Լևոնին, որ հարցը 1994-ին կամ 1998-ին չլուծեց, որովհետև այ էդ դեպքում կանխորոշված չէր ու ամեն ինչ Լևոնից էր կախված։ 

Դուք շարունակելու եք դիտել լևոնշիրինյանների հարցազրույցներն ու չեք դիտելու Աշոտ Սարգսյանի հարցազրույցները։ Հերթական աղետից հետո երբ պատահաբար Աշոտ Սարգսյանի կամ Լևոն Զուրաբյանի ինչ-որ վերլուծություն լսեք, դուք զայրացած հարցնելու եք` բա որ էսքանն էն ժամանակ գիտեիք, ինչու՞ չէիք ժողովրդին իրազեկում, բայց միևնույն է` շարունակելու էք լևոնշիրինյանների մատուցած մտավորական օպիումն ըմբոշխնել։ 

Դուք հաջորդ ընտություններին ընտրելու եք Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին ու դրան հաջորդող նոր աղետների համար մեղադրելու եք էդ ընտրության վտանգավորության մասին զգուշացրած մարդկանց։ 

Ինչպես դասականը կասեր` խոսենք, որ ի՞նչ լինի։

Արման Գրիգորյան
քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր