Օշականի ճակատամարտ (1827)


Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։

Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

Երևանը պաշարումից դուրս բերելը

Հունիսի 15-ին Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան, որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °R (53.7 °C) տապի արևի տակ և 33 °R (41.2 °C) ստվերում։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից Տենդերի և դիզենտերիայի բռնկված համաճարակի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4.000 մարտունակ զինվոր։

Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I-ին, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի մեկ երրորդը հոսպիտալներում էր։ 1.800 մարդուց բաղկացած գնդի շարքերում մնացել էին մոտ հազարը (բացառությամբ գվարդիայի, որում հիվանդների թիվը կազմում էր ոչ ավելի, քան 200 մարդ, իսկ 900-ը մնացել էին զինված)։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ։

Հունիսի 21-ի (հուլիսի 3-ի) գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Հիվանդ զինվորների համար վանքում ստեղծվեց հոսպիտալ։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2.000 զինվորներ սկսեցին նախապատրաստել պարենը։

Վանքին մատակարարելով բավականաչափ պարեն, Կրասովսկին հունիսի 30-ին (հուլիսի 12-ին) իր զորաջոկատով շարժվեց դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և ճամբարեց Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ, որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար, և 700 հիվանդ զինվորներ։

Ճակատամարտի ընթացքը

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը, հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ 

Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։

Ճակատամարտն սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհին՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։ Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուճապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։ Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին։ Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։