Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան փաստացի տանդեմը


2018 թ. Ռոբերտ Քոչարյանը վաղուց արդեն ոչ թե նույնիսկ քաղաքական լուսանցքում էր, այլ քաղաքական լուսանցքից էլ այն կողմ, պատկերավոր ասում են՝ «քաղաքական աղբանոցում»։ Նա պարզապես չկար։ Եվ ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարող է երբևէ վերակենդանացման նշաններ ցույց տալ՝ նկատի ունենալով հասարակական այն համատարած, անմնացորդ ու չմաշվող ատելությունը, որ նա արժանիորեն վաստակել էր Հոկտեմբերի 27-ով, ավազակապետական համակարգի ստեղծմամբ, Մարտի 1-ով, անզուսպ թալանով…

Նրան մեկ-մեկուկես տարում վերակենդանացրեց ու քաղաքական կյանքի առանցքային գործոն դարձրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա փաստ է՝ առարկայացած 2021 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Հիշո՞ւմ եք՝ 2008 թվականից ի վեր չկար ավելի հնչեղ ու հասարակությանը հուզող թեմա, խնդիր, քան Մարտի 1-ի ոճրագործությունը։

Հիշո՞ւմ եք, որ նույն թվականի մարտիմեկյան սպանդից հետո հատկապես, Քոչարյանն էր այնպիսի համատարած ատելության առարկա, ինչպիսին, կարծես, չի եղել ոչ մեկը։ Այսինքն՝ այս երկուսի գումարումը ամենամեծ հասարակական հնչեղությունը կարող էր ստանալ։

Փաշինյանը Քոչարյանի դեմ գործ հարուցեց ՀՀ սահմանադրական կարգը տապալելու (Մարտի 1) և, նույնքան հնչեղ, խոշորամասշտաբ կոռուպցիայի երկու ծանրագույն մեղադրանքներով։

Երկու մեղադրանքներն էլ, օբյեկտիվորեն, ճշգրիտ ու հիմնավոր էին։

Երկու մեղադրանքներն էլ, որպես կայացած փաստ, նաև ողջ հասարակության համոզմունքն ու պատկերացումն էին։

Ամբողջ երկու տարի այդ դատավարությունն էր ընթանում, իսկ հասարակությունը լարված սպասումների մեջ էր՝ Մարտի 1-ը բացահայտված և Քոչարյանի թալանածը ետ բերած տեսնելու ակնկալիքով։

Ի՞նչ եղավ այդ ամենի արդյունքը։

1. Քոչարյանն արդարացվեց Փաշինյանի իսկ «վերակազմած» Սահմանադրական դատարանի մակարդակով։ Դրանով փակվեց նաև (հուսանք՝ առայժմ) Մարտի 1-ը՝ չնայած մինչ այդ հավաքված ահռելի նյութի գոյությանը։ Հիմա գեթ ամիսը մեկ անգամ որևէ մեկը (նկատի ունենք մամուլը և սոցցանցերը) հիշո՞ւմ է Մարտի 1-ի մասին…
2. Նույնկերպ՝ որևէ արդյունք չտվեց նաև կոռուպցիայի համար մեղադրանքը. Քոչարյանի թալանած միլիարդավոր դոլարներից քանի՞ դրամ ետ բերվեց…
3. Հնչեղ այդ դատավարությունների շնորհիվ, սակայն, քաղաքական լուսանցքից էլ այն կողմ գտնվող Քոչարանը հայտնվեց քաղաքական կյանքի կենտրոնում և երկրորդ տեղն զբաղեցրեց 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Անգամ Դաշնակցության հետ դաշինքը չխանգարեց նրա այդ երբևէ չերազած «թռիչքին»։ Այսինքն, սա էր այն միակ ճանապարհը, որով կարելի էր նրան քաղաքական ասպարեզ բերել, դարձնել երկրորդ ուժ իշխանականից հետո։

Ստացվում է, որ Մարտի 1-ի գործի զոհաբերմա՛մբ է, ահա, որ Փաշինյանը վերակենդանացրեց ու քաղաքական ասպարեզ բերեց Ռ. Քոչարյանին։ Եվ սա անհերքելի ու ակնհայտ փաստ է։

Նույնկերպ փակվեց նաև Քոչարանի տասնամյա ահռելի թալանի գործը. այսօր խոսվո՞ւմ է դրա մասին` ինչպես մինչ այդ։  Սա էլ նույնքան անհերքելի փաստ է։

Լավ, իսկ ի՞նչ ստացավ ինքը՝ Փաշինյանը.

1. Ի դեմս քաղաքական ասպարեզ բերված Քոչարյանի` ստացավ հայ հանրության համար մի «գայլի մորթի»՝ իր իշխանության պահպանման մի յուրատեսակ «անվտանգության բարձիկ»։
2. Դրա շնորհիվ է, որ նա փորձում է վերջնականապես մարսել 44-օրյա պատերազմի ավանտյուրան՝ իր բերած հազարավոր զոհերով, տասնյակ հազարավոր ճակատագրերի խեղմամբ, արհավիրքներով ու աղետներով։ Եվ դա՝ անգամ հանցավորության մասին իր իսկ տված ինքնախոստովանական ուղիղ ցուցմունքներից հետո։ Սա նույնպես, որքան էլ աներևակայելի, բայց փաստ է։
3. Նույն Քոչարանի վերադարձի սպառնալիքի ֆոնին է, որ նա, 44-օրյա պատերազմի հետևանքների ահռելի բեռն ուսերին,  կարողացավ հաղթել 2021 թ. խորհրդարանական ընտրություններում։ Սա էլ, ավելի աներևակայելի ու անպատկերացնելի, բայց կայացած փաստ է։

Քոչարյանական ամեն մի «շարժում», հրապարակային ակցիա, հանրահավաք՝  նոր կյանքի մի չափաբաժին է տալիս Փաշինյանին։

Ու դեռ այսօր էլ հասարակության զգալի մի մասի տագնապը այսպիսին է՝ «չլինի Փաշինյանը, գալու է Քոչարյանը»։

Ի սկզբանե՞ էր Փաշինյանը հաշվարկել Քոչարանին հասարակության համար «գայլի մորթի» դարձնելը, թե՞ նրա դատավարության ընթացքում, ինչ-որ պահի հասկացավ՝ արդեն կարևոր չէ։

Կարևոր չէ նաև, թե նրանց՝ անհաշտ թշնամական ներկայացող հակադրությունը այսօր էլ իրական «կենաց-մահու» կռի՞վ է, թե՞ թատերական ներկայացում։ Փաստն այն է, որ այդ տանդեմը երկուսի համար էլ կենսական է, և երկուսի գոյությունը՝ մեկը որպես իշխանություն, մյուսը՝ որպես հիմնական ընդդիմություն, չէին կարող լինել, և հիմա էլ  չեն կարող լինել` առանց միմյանց։ Ճիշտ նման նույն օրգաններով սնվող սիամական զույգի, երբ մահացու է նրանց անջատումը։ Դա շատ լավ գիտակցում  են երկուսն էլ։ Հատկանշական է, որ 2021 թ. նախընտրական շրջանում հենց Քոչարյանը մերժեց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանից ազատվելու համար միասնաբար ընտրությունների գնալու առաջարկը (պայմանով, որ հաղթանակից հետո իրենցից որևէ մեկը չի հավակնելու պետական պաշտոնի, և ստեղծվելու է ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժների կառավարություն)։ Քոչարյանը կտրուկ ընդդիմացավ, «հերոսաբար» գնաց առանձին և դրանով իսկ ապահովեց Փաշինյանի հաղթանակը։ Նա սարսափում է Փաշինյանից դուրս ուրիշ որևէ իշխանությունից, եթե դա ինքը կամ իրենը չէ։

Իսկ կարևորը վերը բերված ԱՐԴՅՈՒՆՔ-ՓԱՍՏԵՐՆ են՝ որպես անհերքելի ապացույց Փաշինյան-Քոչարյան անհավատալի թվացող, բայց փաստական տանդեմի, այն ՀԻՄՔԻ` առանց որի գիտակցման, առաջնային օրակարգ դարձնելու ու չեզոքացման` Հայաստանը շարունակելու է թավալգլոր գնալ նորանոր կորուստների և աղետների։ Եվ դա, ինչպես երեկ կապված էր, այսօր կապված է, այնպես էլ վաղը կապված է մնալու օրվա առաջին պլան եկած ու քննարկվող հիմնական թեմաներին ու քաղաքական գործընթացներին։

Աշոտ Սարգսյան

ամբողջական՝ ilur.am կայքում