Աղետը մեղմելու մեխանիկան


Հասարակական-քաղաքական շրջանակներում չեն դադարում Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հայտնած մտքերի քննարկումները։ Ասուլիսի հիմնական նպատակը մեղավորներ փնտրելն էր։ Քաղաքագետների կարծիքով՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այսինքն՝ ընդունեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, կանաչ լույս վառեց Ալիևի համար, որ շրջափակի Արցախը, իսկ Ալիևը, որ անթաքույց հայտարարում և իրականացնում է իր ագրեսիան, պարզ ասում է, որ չնայած 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ բան, բայց միջանցք լինելու է, Հայաստանն էլ «Արևմտյան Ադրբեջանն է», իսկ Նիկոլը «խաղաղության դարաշրջանի» մասին է խոսում, առանց հիմքերի և առանց մտածելու, որ մենք պետականություն ենք կորցնում։ 

Փաշինյանը «Լաչինի միջանցքի» շրջափակումից հետո էլ պատասխանատվություն չի ուզում ստանձնել, մինչդեռ 2021 թ․ նախընտրական ծրագրով ստանձնում էր Արցախի անվտանգության երաշխավորի դերը, իսկ հիմա դա մոռացել է ու ամեն ինչ թողել է ռուսների վրա՝ հղում անելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, առանց մտածելու, որ ինքն էլ ստորագրել , իսկ ստորագրությունը պատասխանատվություն է ենթադրում։ 

Չնայած Փաշինյանի դեպքում զարմանալի չէ՝ «հեղափոխությունից» հետո էլ խոստումները չի կատարել։ Մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն է խաթարում։ Արարատ Միրզոյանը Մոսկվա բանակցությունների չի գնում, ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունից է հրաժարվում, մի քանի օր առաջ էլ թույլ չտվեց Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները։ ԱԽ քարտուղարը առանց փաստերի Ռուսաստանին մեղադրում է, որ ՌԴ ճնշումներ է գործադրում, որ մտնենք միութենական հանրապետության կազմի մեջ և այսպես շարունակ անհեռատես, անլուրջ, զավեշտալի արտաքին քաղաքանություն, այն դեպքում երբ մեր տնտեսությունն ինտեգրված է Ռուսաստանի հետ, երբ ռուսներն են ապահովում արցախահայերի անվտանգությունը, կորցրել ենք Արցախը և մեր պետականությունն է վտանգված։ Մարիա Զախարովան էր արդարացիորեն աբսուրդ որակել այսօրինակ վերաբերմունքը։ 

Եվ Փաշինյանին թվում է, թե իր պարզունակ խաղերը մեծ տերությունները չեն հասկանում։ Հասկանում են, հասկանում ու ծաղրում են։ Նման վերաբերմունքից հետո էլ ասուլիսում հայտարարում է, որ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Տրամաբանությունը ո՞րն է։ Այս հայտարարությունը շատ վտանգավոր է, որ ՀՀ սուվերեն պետությունը չի կարող պահապանել իր անվտանգությունը, ու դա հայտարարում է երկրի ղեկավարը, իսկ նման ղեկավարը այլևս անելիք չունի։ 

Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության սնանկության ապացույցն էր նաև Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ասուլիսն ու դրանում հնչած դիրքորոշումները, այն դեպքում երբ Ֆրանսիան միշտ հայամետ դիրքորոշում է ունեցել։ Ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի ԱԺ նախագահի Երևան այցի նախօրեին Փաշինյանի, ՀԱՊԿ-ի ու Արցախում «ռուս խաղաղապահների» հասցեին հայտարարությունները «նվիրված էին» այս այցին։ Բայց իզուր։ Մեծ տերությունները հասկացել են, թե ում հետ գործ ունեն։ Բոլորն էլ հասկանում են կեղծիքը։ 

Իսկ հասարակության լռությունը թվացյալ է, հասարակությունը չի կարող անտարբեր մնալ, երբ պետականություն ենք կորցնում։ Հասարակության թվացյալ լռությունն էլ իր պատճառն ունի. հասարակությունը չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։ Սրանք մեկը մյուսի շարունակությունն են, աղետի միասնական հեղինակներն են և պիտի հեռանան քաղաքական դաշտից։ 

Դատելով Ռոբերտ Քոչարյանի համակիրների ակտիվությունից, ենթադրվում է, որ Քոչարյանից չեն հրաժարվելու. գոնե հիշեն իրենց հանրահավաքները, որ իրենք իրենց մտերիմներով էին։ Սրանք ե՞րբ են հասկանալու, որ մեր երկրում Քոչարյանը արդար ընտրություններով իշխանություն չի ունենա։ Գոնե այս օրհասական պահին, հանուն մեր երկրի անվտանգության, հասկանան ու հեռանան քաղաքաքական դաշտից։ Պիտի ձևավորվի այլընտրանքային նոր քաղաքական ուժ, որի ղեկավարն արատավոր անցյալ պետք է չունենա, հանրության առջև պատասխանատու լինի ու հանրությունն էլ վստահի։ Այս դեպքում աղետի չափերը մեղմացնելու հույս կլինի։ Ժամանակ չունենք։

Ջավահիր Այվազյան




avatar