Ուշացած շնորհավորանք


Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ և ասել է․ «Շնորհավորում եմ ղարաբաղյան շարժման տարեդարձը։ Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»:

Անչափ հետաքրքիր է, Քոչարյանը, որ այս տողերը գրում էր, չէ՞ր հիշում 1998թ․, երբ «հաղթողական» եկավ և Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը համարեց «պարտվողական» (ապացույցը՝ ԱՄՆ-ի Պետդեպի վերջերս գաղտնազերծված փաստաթղթերն են) և հիմք դրեց պատերազմի, իսկ հիմա շնորհավորում է, կարծես ոչինչ չի եղել։ 

Քոչարյանը, որ Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, 10 տարի չլուծեց կոնֆլիկտը և արյունոտ մարտի մեկով հանձնեց իր հաջորդին, և այդպես երկու տասնամյակ պահպանեցին ստատուս-քվոն, չէ՞ր մտածում, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում. թշնամին զինվում էր, իսկ մեր երկրում Հյուսիսային պողոտա և տարատեսակ դղյակներ էինք կառուցում… Բա չէ՞ր մտածում, որ վերջը պատերազմն է ու մենք պատրաստ չենք, իսկ ղարաբաղյան պատերազմի պարտությունը մեր երկրի պետականության հիմքերն էր խարխլելու։ 

Քոչարյանը նույնիսկ պատերազմից հետո չմտածեց մեր պետականության ապագայի մասին և մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, որ միասնական նախկին երեք նախագահներով պայքարեն գործող ապիկար իշխանության դեմ, փրկեն պետականությունը և իրենք էլ հեռանան քաղաքականությունից։ Բայց ոչ։ Քոչարյանն իշխանություն էր ուզում, մասնակցեց իր բոլոր ռեսուրսներով և լեգիտիմացրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ 

Իսկ հիմա ի՞նչ շնորհավորանք, երբ ամեն ինչ կորցրել ենք։ Միքիչ ուշացել եք։ 2020թ․ ջախջախիչ պատերազմը փակեց մեր նորագույն պատմության փառավոր էջը, իսկ հիմա արդեն կասկածի տակ է մեր պետականության ապագան, որտեղ քիչ չէ Քոչարյանի ավանդն իր «ոչմիթիականությամբ» և շրջափակված փոքրիկ Հայաստանը տնտեսապես «զարգացնելու» թեզով, ինչը և շարունակեց Նիկոլ Փաշինյանը։ 

Պարոն Քոչարյան, հանուն մեր պետականության ապագայի թույլ տվեք, որ հանրությունը կարողանա նորմալ իշխանություն ձևավորել, եթե դուք իշխանության հայտ չներկայցնեք Փաշինյանն իշխանություն չի ունենա։ Հանրությունը կձևավորի իշխանություն, որը կկարողանա փրկել պետականությունը։

Ջավահիր Այվազյան