Իլյուզիան պոզով-պոչով չի լինում


«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար, վերլուծաբան, Վահե Հովհաննիսյանը նյութ է հրապարակել «Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն» վերնագրով և ասել է«Մեզ հին իներցիայով շարունակում է թվալ, թե կա 7 շրջանից կազմված անվտանգության գոտի, թե կան անվտանգության մյուս երաշխիքները։ Մենք իլյուզիայի մեջ ենք, թե բանակցում ենք, արտաքին քաղաքականություն ենք վարում, թե գործոն ենք։ Մենք իլյուզիայի մեջ ենք, թե մեր փոխարեն մեր հարցերը ինչ-որ մեկը կլուծի։ Եվ վերջապես ամենավտանգավոր իլյուզիայի մեջ ենք, թե մեզնից այլևս ոչ մի բան կախված չէ։ Սրանք արյունոտ, դեպի աղետ տանող իլյուզիաներ են, որից ամեն գնով պետք է դուրս գալ։ Երբ մի ողջ պետություն, ամբողջական ժողովուրդ կտրվում է իրականությունից, ուրեմն աղետ է լինելու»։ 

Վերլուծաբանը ամեն ինչ ճիշտ է ասում, բայց չի ասում, թե պետությունն ու ժողովուրդը երբ են սկսել իրականությունից կտրվել և իլյուզիաներով ապրել։ 

Վերհիշենք։ Պարոն Հովհաննիսյան, այնպես չէ, որ ողջ պետությունն ու ամբողջ ժողովուրդը վերջին չուրսուկես տարի են կտրվել իրականությունից և էլյուզիայի մեջ են, ու աղետն էլ եկել մեր դուռն է թակում։ Ժողովուրդն ու պետությունը իրականությունից կտրվել և իլյուզիայի մեջ են 1998 թվականից, երբ Ձեր շեֆը Արցախի կոնֆլիկտի լուծման փոխզիջումային տարբերակը համարում էր «պարտվողական» ու «հաղթողական» եկավ և զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը և Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից։ Ոչ մի թիզ հող թշնամուն, 100 տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններում, Բաքվում «չայ» խմելու ցանկությունը և նման այլ արկածախնդիր հայտարարություններով հանրությանը քսան տարի կերակրելը իրականությունից կտրվել ու իլյուզիա չէ, բա ի՞նչ է։ Իլյուզիան պոզով-պոչով չի լինում։ 

Նիկոլ Փաշինյանն էլ եկավ ու շարունակեց Ձեր շեֆի քաղաքականությունը, հայտարարեց, «Արցախը Հայաստան է և վերջ» ու բանակցությունները փակուղի տարավ և աղետը առարկայական դարձրեց։ Մենք անվտանգության երաշխիք չենք ունեցել ստատուս քվո պահպանելով, այ անվտանգության երաշխիք կունենայինք, եթե գոնե 5 շրջաները ժամանակին փոխանակեինք և խաղաղության պայմանագիր կնքեինք։ Ո՞նց կարող էր քսան և ավելի տարիներ ստատուս քվո (ստատուս քվոյի վերջը պատերազմն է, ստացանք) պահպանել և ասել, որ ունեցել ենք անվտանգության երաշխիքներ, երբ թշնամին անդադար զինվում էր։ 

Այո, ինչպես Դուք եք ասում ՝ մտածելու ունակություն ունեցողները պիտի համախմբվեն և քաղաքական դաշտում ստանձնեն իրական ընդդիմության դերը և կարողանան փրկել պետականությունը։ Ինչպես տեսնում ենք, Դուք էլ եք հասկանում, որ մտածելու ունակություն ունեցողները համախմբված չեն, իսկ չհամախմբվելու պատճառն էլ այն է, որ քաղաքական դաշտում ընդդիմադիրի տեղը զբաղեցրել է Քոչարյանը։

Ջավահիր Այվազյան