Քոչարյանը քաղաքական դաշտում այլևս անելիք չունի


ԱԺ « Հայաստան» դաշինքի անդամ « Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք անդամներ՝ Վահե Հակոբյանի գլխավորությամբ վայր են դնում պատգամավորական մանդատները։ Միաժամանակ կուսակցությունը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ-ում, և ցուցակի այն համարները, որոնք կվերցնեն մանդատները, պետք է լքեն կուսակցությունը։ 

Վերջապես Վահե Հակոբյանը հասկացել է, որ Քոչարյանի հետ դաշինք կազմելն անհեռանկար զբաղմունք է։ Հավաստի աղբյուրներն ասում են, որ շուտով Քոչարյանի մերձավոր շրջապատից երեք պատգամավորներ նույնպես վայր են դնելու մանդատները։ Քոչարյանը կմնա դաշնակների հույսին, դաշնակներն էլ վայր չեն դնում մանդատները ոչ այն պատճառով, որ Քոչարյանին շատ են սիրում, իրենք իրենց պատգամավորական մանդատներն են սիրում և հասկացել են, որ այլ պարագայում այլևս մանդատ չեն ունենա։ Մի խոսքով Քոչարյանը ստանում է այն, ինչին որ արժանի է։ 

2021 թվին եթե համաձայն լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին և երեք նախկին նախագահներով միասնական պայքար լիներ, հիմա արդեն երկիրն ազատված կլիներ Նիկոլ Փաշինյանից և մղձավանջից դուրս եկած կլինեինք։ Իսկ ինքը զբաղեցրեց ընդդիմադիր դաշտը, որը երաշխավորեց Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, հետագայում էլ լեգիտիմացրեց։ 

Գոնե հիմա Քոչարյանը պիտի հասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի, գոնե մի լավ բան անի ու հեռանա քաղաքական դաշտից իր հետ տանելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե Քոչարյանն ընդդիմություն չլինի, Նիկոլ Փաշինյանը իշխանության չի մնա։ Կգտնվի քաղաքական ուժ, որ չունի արատավոր անցյալ, վայելում է հանրության վստահությունը և երկիրը կհանի մղձավանջից։

Ջավահիր Այվազյան