Միայն իրեն է հայտնի


Վաղը գարնան առաջին օրն է, բայց 15 տարի առաջ մարտի մեկը Հայաստան աշխարհին գարուն չբերեց և դարձավ նորագույն պատմության սև էջերից մեկը (նորագույն պատմության սև էջ է նաև հոկտեմբերի 27-ը), մայրաքաղաքի սրտում իշխանությունը գնդակահարեց սեփական ժողովրդին և անպատիժ մնաց։ 

Արյունոտ մարտի մեկից 15 տարի անց այդպես էլ հայկական արդարադատությունը չկարողացավ հայտնաբերել սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին։ Մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ խոստումներից մեկն ու հիմնականն էր մարտի մեկի բացահայտումը, բայց ոչինչ էլ չբացահայտվեց, մի օր էլ հայտարարեց, թե մարտի մեկը բացահայտված է, թե ինչն էր բացահայտված, էդ էլ երևի միայն իրեն է հայտնի։ 

Եթե մի թեթև մեզ նեղություն տանք և վերհիշենք 1998թ հեղաշրջումը, ապա կտեսնենք, որ 2008թ․մարտի մեկը 1998թ․ հեղաշրջման տրամաբանական շարունակությունն էր, այն է՝ ամեն գնով հասնել իշխանության և պահել իշխանությունը։ 

2008թ․ մարտի մեկին արյուն հեղեցին, բայց թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը նշանակում էր Արցախի խնդրի հայանպաստ լուծում, իսկ հիմա կանգնած չէինք լինի պետականության կորստի շեմին։ 

Իշխանությունների համար Արցախի չլուծված խնդիրը իշխանության մնալու միջոցն էր։ Իշխանությունը երկարաձգելու համար մարտի մեկ արեցին, Սերժ Սարգսյանը Սահմանադրություն փոխեց, մի խոսքով՝ Քոչարյան ու Սերժ Սարգսյան զույգը երկու տասնամյակ անլուծելի թողեցին Արցախի խնդրի լուծումը, իսկ շրջափակված Հայաստանը արնաքամ էր լինում, քայքայված տնտեսություն, աղքատությունն էր աճ գրանցում, ահագնացել էր արտագաղթը, մի խումբ մարդիկ հարստանում էին, իսկ հանրության ատելությունն առ իշխանություն անչափելի էր դարձել։ Մթնոլորտը գաղջ էր։ 

Հասնում ենք չարաբաստիկ 2018թ․ մայիս ամիս և հայտնվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու քարը քարին չթողնելով բոցաշունչ ելույթներով, որ կոռուպցիայի դեմ է պայքարելու, կառավարման համակարգն է փոխելու, մարտի մեկ է բացահայտելու, երկրում օրինականություն է հաստատելու, ու բոլոր հարցերը լուծելու է ժողովուրդի հետ միասին հրապարակում, ոչ մի բան ժողովրդից թաքուն չի լինելու, (Սահմանադրական նորմ է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին), մի խոսքով՝ ժողովրդին «դուխ» է տալիս ու պայծառ ապագա խոստանում։ Խեղճ ժողովուրդն էլ հավատաց։ 

Նիկոլ Փաշինյանն արդեն հինգ տարի է իշխանություն ունի ու էդ խոստումներից ոչ մեկն էլ չի կատարել, էդ որ ասում էր բոլոր հարցերը ժողովրդի հետ է լուծելու հրապարակում՝ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ բան, իր ու իր հետ քայլող թիմի բարեկեցությունն է ապահովում. աշխատավարձների բարձրացում, պարգևավճարներ, արտաքին պարտքը հատել է 10 միլիարդի սահմանը, հոգ չէ։ Սա դեռ ոչինչ, կարելի էր դիմանալ։ 

Բա որ արտաքին ապաշնորհ քաղաքականության պատճառով էլ Արցախի խնդրի լուծումը բանակցային սեղանից տեղափոխեց ռազմի դաշտ ու ասում էր, որ սեփական կետից է բանակցելու, իր հորինած սեփական կետն էլ պատերազմում ջախջախիչ պարտության տարավ։ Պատերազմից հետո էլ հրաժարական չտվեց, որ թույլ տար էն մարդը գնար բանակցելու, որ կարող էր բանակցել, բայց մեր հարցերով օտարներն են զբաղվում։ Տխուր է։ Կարճ կապենք։ 

1998թ․ հեղաշրջումը, 2008թ․ մարտի մեկը կանաչ լույս վառեցին 2018թ․ «հեղափոխության» համար, իսկ հիմա կանգնած ենք պետականության կորստի շեմին։ Այնպես որ, 1998թ․ հեղաշրման մասնակիցները, 2008թ․ մարտի մեկի խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման տվողները Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատու են մեր երկիրը կործանման շեմին հասցնելու համար։ Հուսանք, որ հետայսու գալիք մարտի մեկերը մեզ գարուն կբերեն։

Ջավահիր Այվազյան