Հաղթանակը մսխողները


Քոչարյանական կայքերից մեկը գրում է,- «Ղարաբաղը, նաև՝ Հայաստանը, դավաճանվեց 90–ականներից։ «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամների մեծ մասն իշխանության գալուց հետո դավաճանեցին 88-ի շարժման գաղափարներին՝ ՀՀ-ի լեգիտիմության հիմքերը կասկածի տակ դնելով։ Այդ պահից սկսած քաղաքականությունը դարձավ անբարոյական։ Քաղաքական անբարոյականության հետևանքներն ենք հիմա տեսնում։ Ղարաբաղը բեռ համարողների թերմացքն է 2018-ին եկել իշխանության ու հիմա սկուտեղի վրա հանձնում Արցախը, ինչին անպայմանորեն հետևելու է Հայաստանի հանձնումը։ Եթե 1998-ի իշխանափոխությունից հետո քաղաքական անբարոյականությունն արմատախիլ արվեր, այդ անբարոյականությանը տրվեր իրավաքաղաքական գնահատական, եթե 2008-ից հետո քիրվայականների հետ խաղեր չտրվեին ու քաղաքականությունն առևտրականացման, հաճախորդացման չենթարկվեր, ապա այսօրվա վիճակը չէինք ունենա» (7օր․am, 27․12․2022թ․)։ Հեղինակը շարունակելով «միտքը» ասում է, որ Ղարաբաղյան 1-ին պատերազմից հետո հայ ժողովուրդը զբաղված էր հաղթանակը մսխելով։

► Այն որ ասում է, թե առաջին պատերազմի հաղթանակը մսխել են, ճիշտ է ասում՝ փաստն է արձանագրել, բայց չի ասում, թե ովքեր են մսխել։ Համադրելով փաստերը փորձենք հասկանալ, թե ովքեր են եղել հաղթանակը մսխողները։ Այստեղ մենք կանգ ենք առնում, բայց վերադառնալու պայմանով։ «Ղարաբաղ» կոմիտեն իշխանության է եկել և հաղթել է առաջին պատերազմն ու հաղթական զինադատար է կնքել։ Փաստ է։ Եթե Ղարաբաղը և Հայաստանը դավաճանած լինեին 90-ականներին, ապա պատերազմում հաղթանակ գրանցել չէին կարողանա։ Դավաճանները ոնց կարող էին հաղթանակ կերտել։ Աշխարհում չկա նման բան։ 

ՀՀ-ն 90-ականներին տարածաշրջանում համարվում էր ամենաբարձր լեգիտիմություն ունեցող երկիրը և անկախությունը հռչակվել է համաժողովրդական հանրաքվեով։ Անժխտելի իրողություն է։ Փաստ է։ Թե ինչու՞ է պատերազմում հաղթանակած երկրի ղեկավարին և իր թիմին դավաճան համարում, թողնենք հեղինակի խղճին, իսկ մենք անցնենք առաջ։ Հեղինակը մի քիչ ժամանակագրությունը խառնում է, որ ասում է՝ 90-ականներից է քաղաքականությունը դարձել անբարոյական։ 

Իսկ հիմա դառնանք հաղթանակը մսխողներին։ Քաղաքականությունն անբարոյական դարձավ 1998թ․ երբ տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, երբ «հաղթողական» եկան և հաղթանակած երկրի նախագահին հռչակեցին դավաճան, Արցախի խնդրի լուծման փոխզիջումային տարբերակը՝ «պարտվողական», ու երկրի կործանման հիմնաքարերը դրեցին։ Այն ովքեր էին, որ պատերազմի տարիները հռչակում էր «ցուրտ ու մութ», այն ովքեր էին , որ հայտարարում էին «ոչ մի թիզ» հող թշնամուն, այն ովքեր էին, որ Բաքվում «չայ» խմել էին ուզում։ Իհարկե, քաղաքական անբարոյականները։ 

Քոչարյանը իշխանության եկավ և Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, իսկ 1999թ նոյեմբերի 23-ին Ստամբուլում փաստաթուղթ ստորագրեց և ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի կոնֆլիկտն էլ Ադրբեջանի ներքին գործ, ինչը և հիմք դրեց Ղարաբաղի հանձմանը։ Իսկ ավելի վաղ՝ Լիսաբոնում, Լևոն Տեր-Պետրոսյանը վետո էր դրել հենց նման փաստաթղթի վրա։ Սրանք փաստեր են։ Փաստերն անողոք են։ 

Ընթերցողի համար պարզ դարձավ չէ՞, թե հաղթանակը մսխողները ովքեր են եղել։ Այո, այսօրվա վիճակը չէինք ունենա, Նիկոլ Փաշինյանն էլ կյանքում իշխանություն չէր ունենա, կապրեինք միանգամայն այլ երկրում, եթե չլիներ չարաբաստիկ 1998թ․ պալատական հեղաշջումը, ապա հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը և չմսխեին հաղթանակը։ Ցավալի է, որ աղետից հետո դեռ համարձակվում են 90-ականների հաղթանակի վրա ցեխ շպրտել և դավաճանության մասին խոսել։ 

Այո, 1998թ քաղաքական անբարոյականության հետևանքները հիմա ենք տեսնում։ Իսկ 2018թ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և շարունակեց «հաղթողական» պոպուլիստական «ոչ մի թիզը»։ Մի քիչ հասկանալի չէ, 1998թ․ հաղթանակած երկիր էին ժառանգություն ստացել ու ինչին պիտի գնահատական տային։ Աբսուրդ։ Իսկ ինչ վերաբերվում է 2008թ․ իշխանության եկածներին նրանք էլ են շարունակել պոպուլիստական «ոչ մի թիզը», իսկ թե ում հետ են «քիրվայություն» արել, դա արդեն Ձեր ղեկավարը կիմանա, որ ինքն է արյունոտ մարտի մեկով իշխանության բերել և Ձեր շեֆի ղեկավարման տարիների շարունակությունն է եղել։ Նեղսրտելու պատճառ չունեք։

Ի դեպ, միգուցե ոչ տարօրինակ զուգադիպությամբ, այսօրվա իշխանությունները նույն քարոզչական թեզերն են տարածում։ Եվ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են քոչարյանականների ու նիկոլականների քարոզչական թեզերը մեկին մեկ համապատասխանում իրար։ Արդոյք դա հաղթանակը մսխողների տանդեմ չէ՞։

Ջավահիր Այվազյան