Փաշինյանական վարչակազմը Հայաստանը տանում է նոր պատերազմի


Նոր պատերազմ՝ նոր աղետներ

Դրա վկայությունը վերջին օրերին «նոր Սարդարապատի պատրաստվելու» թեզի փաշինյանական «քարոզիչների» լայն շրջանառումն է։ Հիմնավորումն այն է, որ Ալիևը Հայաստանից ավելին է ուզում, քան Հայաստանը պատրաստ է տալ, իսկ հույսը՝ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակի կրկնությունն է. հաղթել ենք այդ ճակատամարտում, հիմա էլ կհաթենք։ 

Սա նաև վերջին օրերին արևմտյան վերլուծաբաններին մեր տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության ահազանգերի փաշինյանական վարչախմբի պատասխանն է, ինչը նշանակում է, որ Փաշինյանը նորից է գնում պատերազմի։ Սակայն անունը դրել է «նոր Սարդարապատ»՝ ճակատամարտ նկատի ունենալով։ Բայց հայտնի չէ, թե որտեղի՞ց է գալիս այն համոզմունքը, որ սպասվող պատերազմը մեկ ճակատամարտ է ունենալու։

Եթե նոր Սարդարապատ լինի, դարձյալ չենք հաղթելու

Մենք չենք հաղթելու, որովհետև պետությունն իր անվտանգությունն ապահովելու 3 գործիք ունի, երեքն էլ՝ ջախջախված։ 

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ. Միանգամից ասենք, որ 44 օրյա այդ պատերազմից հետո ունենք հայկական բանակի մնացորդներ և ահռելի մեծ կազմով վարչական մարմին՝ պաշտպանության նախարարություն։ Ուրիշ ոչինչ։ Այդ է պատճառը, որ փաշինյանական քարոզիչները բանակի անուն չեն էլ տալիս. նոր Սարդարապատում պետք է դիմակայենք ոչ թե բանակով, ոչ թե զենքով, այլ ոգով։

ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ. Փաշինյանական քարոզիչներն իրենք էլ հավաստում են, որ դաշնակիցներ չունենք. Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ, Իրանն ակտիվ անորոշ է, Արևմուտքը գազային անհրաժեշություններից ելնելով հայտարարում է, որ ոչինչ չունի Ադրբեջանի դեմ, ԱՄՆ-ին էլ Հայաստանը պետք է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար՝ 120 հազար արցախահայությանը Հայաստան տեղափոխելու դիմաց և մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու խոստումով։ Սակայն ոչ մի խոստում, կամ թեկուզ ակնարկ հայտնի չէ ռուսական հնարավոր հակազդեցության դեպքում Հայաստանին աջակցելու հարցում։

ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. Անվտանգության առումով Հայաստանի Հանրապետությունը նոր աղետներից կանխելու (կամ մեղմելու) միակ հնարավորությունը դիվանագիտական ճանապարհն է։ Սակայն փաշինյանական քարոզիչներն արդարացնում են բանակցային և՛ արևմտյան հարթակի (Մակրոնի չմասնակցության պատճառաբանությամբ), և՛ ռուսական բանակցային հարթակի (Լավրով-Բայրամով հանդիպմանը չմասնակցելը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով) բոյկոտելը։ Այդ քայլերի հետևանքով Հայաստանը բանակցելու այլ հարթակ պարզապես չունի։ Այսինքն ձախողված է նաև դիվանագիտությունը։ 

Պատերազմ. ի՞նչ հույսով

Այժմ փաշինյանական քարոզը պետության անվտանգության 3 գործիքների փոխարեն առաջարկում է պատրաստվել նոր Սարդարապատի՝ փաստացի առանց բանակի, առանց դաշնակիցների և առանց դիվանագիտության։ Այդ դեպքում իշխանական, գեներալիտետի ու մեծահարուստների ընտանիքները, բնականաբար, չեն մասնակցելու նոր Սարդարապատին։ Պատերազմից ամեն կերպ խուսափելու են բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ տեղի է ունենալու միակողմանի սպանդ՝ առանց որևէ արդյունքի։

Այնուամենայնիվ, եթե նոր Սարդարապատը տեղի ունենա, «մահ կամ ազատություն» կարգախոսով ևս մի քանի հազար պարտադրված զոհեր լինելու են։ Սա բավարարելու է փաշինյանական վարչախմբին, քանի որ փաշինյանական քարոզինչները տարածելու են, որ մեզ «կրկին» դավաճանեց Ռուսաստանը, Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ գաղտնի գործարք ուներ, մի քիչ կքլնգեն արևմուտք-ԱՄՆ-ին հայամետ հայտարարություններից զատ գործնական քայլեր չանելու համար և դարձյալ որոշ քանակի մեծ կրծքերով կանայք կճղճղան, թե բա՝ մեր Նիկոլն ի՞նչ կարող էր աներ։

Իսկ ի՞նչ պետք է աներ «իրենց Նիկոլը», որ չի արել

2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի Հանրապետության առաջնային և հրատապ խնդիրը պետության և նրա քաղաքացիների, ինչպես նաև արցախահայության կյանքի անվտանգությունն է։ Մնացած բոլոր խնդիրները ստորադաս են անվտանգության խնդրին։

Անվտանգության խնդիրը լուծելու համար պետք էր կատարել հետևյալ առաջնահերթ քայլերը.

Ա) Նպաստեր պատերազմի դադարեցմանը։ 

Հրադադարը պատերազմի դադարեցում չէ. պատերազմը դադարեցվում է կողմերի միջև Խաղաղության պայմանագրով՝ գերտերությունների երաշխիքների հստակ գործիքներակազմով։ Թեև հրադադարի մասին հայտարարության ստորագրումը միտված է խաղաղության հաստատմանը, սակայն Խաղաղության պայմանագրի գործառույթներ և գործիքակազմ չի պարունակում (հենց թեկուզ խաղաղապահների գործառույթների հստակության առումով)։ 

Բ) Շահագրգռված լիներ Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Թեև փաշինյանական վարչախմբի նախընտրական խոստումներից էր Խաղաղության դարաշրջանի հաստատումը, սակայն առայսօր չունենք Խաղաղության պայմանագիր, ինչում առաջին հերթին շահագրգռված պետք է լիներ հենց Հայաստանը՝ որպես պատերազմում պարտված կողմ։ Իսկ հաղթանակած կողմը՝ Ադրբեջանը, ձգձգումն օգտագործել է բանակցություններում առավել նպաստավոր դարձնելով իր դիրքերը, միաժամանակ մեծացրել է «ախորժակը»։ Հայաստանն ինքը պետք է խուսափեր Խաղաղության պայմանագրի ձգձգումից, սակայն տեղի է ունենցել միանգամայն հակառակը. բոյկոտելով բանակցությունների  և՛ արևմտյան, և՛ ռուսական հարթակները՝ դրանով Հայաստանը տանելով միջազգային մեկուսացման, Փաշինյանն իրականում ձգձգել և ձգձգում է Խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սա է պատճառը, որ արևմտյան վերլուծաբաններն առաջիկայում հայ-ադրբեջանական նոր պատերազմ են կանխատեսում։ 

Այսօր նոր պատերազմի սպառնալիքն իրական է

Այսօր, այս պահին Հայաստանը դարձյալ դուրս է եկել բանակցություններից և Փաշինյանի առաջնորդությամբ պատրաստվում է նոր Սարդարապատի, այնինչ բանակցությունների գործընթացը պատերազմ կանխելու գործառույթ է։ Փաշինյանը կրկնում է 2020 թվականի արկածախնդրությունը. եթե 2020-ին նա Հայաստանը չհաներ բանակցություններից, պատերազմն իր ողջ արհավիրքներով տեղի ունեցած չէր լինի։ 

«Իրենց Նիկոլը» պատերազմից հետո արդեն 2 տարի է ոչինչ չի անում

Կամ անում է Հայաստանի Հանրապետության շահերին միանգամայն հակառակը։ 

  1. Հասկանալի է, որ 2 տարում ջախջախված բանակը հնարավոր չէր մարտական վիճակի բերել, սակայն կարելի էր ողջ սահմանի երկայնքով պաշտպանական կառույցներ ունենալ՝ հնարավոր բախման դեպքում գոնե քիչ զոհեր տալու նպատակով (սեպտեմբերի 13-ի 200-ից ավելի զոհեր չէինք ունենա)։ Չի արվել, չի արվում և նոր Սարդարապատի պատրաստվելու իրենց իսկ քարոզի պարագայում դարձյալ չի արվում։
  2. Դաշնակիցների հարցում Փաշինյանի վարչախումբը Ռուսաստանին հայտարարել է ընդդեմ Հայաստանի թուրք-ադրբեջանական գործարքի մասնակից, իսկ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մոսվկովյան քննարկումները թողնելով բացառապես Ադրբեջանի և Ռուսաստանի հայեցողությանը, Հայաստանն իրեն էլ ավելի է հեռացրել Ռուսաստանից։ Եվրոպական երկրներն իրենց գազային խնդրի լուծումն այդպես էլ չեն զոհաբերում հանուն Հայաստանի հետ գործընկերության՝ Ֆրանիսայի կամ Մակրոնի պահվածքը վկա։ ԱՄՆ-ի հետ դաշնակցությունը Հայաստանի տարածքը 2-րդ ուկրաինական ճակատ դարձնելու հեռանկարի ռուսական հակազդեցության, հետևաբար՝ և իշխանություն կորցնելու սարսափից Փաշինյանի Հայաստանը ԱՄՆ-ի դաշնակից չի կարող լինել, քանի որ ԱՄՆ-ն արդեն տարածաշրջանում Թուրքիայի պես դաշնակից ունի և Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի առաջարկել։ 
  3. Դաշնակիցների կամ գործընկերների հետ հարաբերությունների ներկա ողբալի վիճակը անկարող դիվանագիտության հետևանք է, այնինչ, պետք էր գոնե բանիմաց մարդկանց աջակցությունից չհրաժարվել։

Եվ ուրեմն, Փաշինյանը պետական քաղաքականության սխալ է գործել 44 օրյա պատերազմի սանձազերծման իր մեղավորությունը վերագրելով գեներալների, դավաճանների, թշնամիների վրա՝ թշնամիների ցանկում ներառելով նաև Հայաստանի միակ դաշնակցին։ Ճակատագրական սխալ էր բանակցություններից դուրս գալը, «Լավրովի պլան» կոչված փաստաթղթի չստորագրումը, և իշխանության մնալու մոլուցքը։

Հայաստանը՝ Փաշինյանի վախերի զոհ

Իսկ այս պահին ի՞նչ պետք է անի «իրենց Նիկոլը», որ չի անում։ Փաշինյանը չի համարձակվում.

  1. գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, որովհետև վախենում է իշխանությունը կորցնելուց,
  2. ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, որովհետև ինքն այլևս պարտված ղեկավար է,
  3. ճշմարտությունն ասել ժողովրդին, որովհետև ճշմարտությունն այդ ցավալի հետևանքներ կունենա։

«Նոր Սարդարապատին պատրաստվելու» թեզը սադրանք է

Այնուամենայնիվ բոլոր փակուղային վիճակներից էլ ելք կա և այդ ելքը հաստատ նոր Սարդարապատին պատրվասվելը չէ. նորից գնալ պատերազմի՝ ակնհայտ պարտության ելքով, պարզապես խելագարություն է, մի նոր աղետ է՝ ավելի սարսափազդու կորուստներով։ Իսկ ոչինչ չանելը գործազուրկի փեշակ է։ Եվ ուրեմն, Փաշինյան Նիկոլը պետք է թողնի վարչապետի պաշտոնը։ «Նոր Սարդարապատին պատրաստվելու» թեզը շրջանառելով Փաշինյանը ներքաղաքական ցնցումներ է սադրում է. ֆուտբոլային լեզվով աասած՝ գնդակը դարձյալ փոխանցում է Քոչարյանին։ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ապակայունացնում են երկրը, այդ ընթացքում Ադրբաջանը կրկին նոր առաջխաղացումներ է ունենում Հայաստանի պետական տարածքում, կրկին հարյուրավոր զոհեր ենք ունենում, իսկ վերջում Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ այդ պարտության մեղավորներն էլի նախկիններն են։

Եթե Փաշինյանը սիրեր իր երկիրը... հրաժարական կտար՝ թեկուզ իր թիմից նոր վարչապետացու կարգելով։ Երկիրը նոր աղետից փրկելու այս տարբերակն էլ կարող է ընդունելի լինել։ 

Ինչպես հեռացնել Փաշինյանին

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգը սերտորեն շաղկապված է Քոչարյան Ռոբերտի հետ։ Համախմբում պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը թույլ չտալու օրակարգով։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում արդեն իսկ կայացել են նման օրակարգով առաջնորդվող քաղաքական ուժեր։ Մնում է արագ համախմբվել և դիմել կտրուկ գործողությունների, քանի որ ժամանակը վաղուց Հայաստանի օգտին չի աշխատում։

Արմեն Գևորգյան




avatar