Ով է հաղթելու ընտրություններում


2018 թվականին նախկիններին մերժող 80%-անոց ընտրազանգվածն սկսել է ձևավորվել 2007 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու հետևանքով, գրեթե զրոյական վիճակից, երբ Քոչարյանն իր իշխանության մայրամուտին արդեն հասցրել էր ամայացնել ողջ քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր ոչ մի ուժի հնարավորություն չտալով հաղթահարել ԱԺ անցումային շեմը։ Այսինքն, 2007 թվականի ԱԺ ընտրությունների վիճակով  ընդդիմադիր ընտրաձայների պաշտոնական թիվը 1-3 % էր։

Եվ արդեն 2008-ի նախագահական ընտրություններում ընտրության իրավունք ունեցողների 40%-ի չմասնակցության պարագայում ընդդիմադիր ձայների թիվը կտրուկ հասավ 60 %-ի։

Հետագայում՝ 2012 թվականին, բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարի շուրջ Տեր-Պետրոսյան-Ծառուկյան համագործակցության հետևանքով ԲՀԿ-ի 500 հազարանոց ընտրազանգվածն զգալիորեն ավելացրեց ընդդիմադիր ընտրաձայների քանակը, որն իր արտահայտությունն ունեցավ 2013 թվականի նախագահական ընտրություններում՝ ի օգուտ Րաֆֆի Հովաննիսյանի։ 

Սակայն ընտրություններին չմասնակցողների թիվն աճել էր՝ հասնելով մոտ 50 %-ի։ 2018-ին ընտրություններին չմասնակցողների թիվն ավելի էր մեծացել՝ գրեթե 60 %։

Նիկոլ Փաշինյանը երբեք նշանակալի քանակի քվեներ չի ունեցել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չէ և չի ունեցել քաղաքական թիմ։ Դրա վառ ապացույցը իր իսկ ստեղծած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարն է, որն, ըստ էության, Փաշինյանին հատուկ շարքային «կռուտիտ» է. ի՞նչ է նշանակում՝ ինձ ընտրիր պայմանագրով, եթե խոստումներս չանեմ՝ հեռացրու ինձ ըստ մեր պայմանագրի։ Կարճ ասած՝ «քցելու մեխանիկան»։

Նույնիսկ հեղափոխության առաջնորդի կարգավիճակում Փաշինյանը չի ունեցել քաղաքական այն թիմը, որով կարող էր գնալ ընտրությունների։ Հենց այդ պատճառով էլ 2018-ի արտահերթ ընտրությունները տեղի ունեցան ծայրահեղ ուշ՝ երբ դանակը ոսկորին էր հասել։ Բոլորն ականատես եղան, թե ինչպես է նա հավաքել այժմյան պատգամավորական թիմը և ովքեր են նրանք։

2018-ի ընտրությունների արդյունքները, որ Փաշինյանը վերագրում է իր անձին, դա ընդամենը ցանկալին իրականության տեղ դնելու նրա մոլությունն է։ 

Իհարկե, հասարակական տրամադրություններն ազդեցություն ունենում են քաղաքական գործընթացների վրա, սակայն որոշիչ են ոչ թե հասարակական տրամադրությունները, այլ գործոնները, քանի որ քաղաքական գործոններով կարելի է նույնիսկ մի քանի օրվա ընթացքում փոխել հասարակական տրամադրությունները։ Տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքական գործոն չհամարելը նրա դեմ դեռևս 90-ական թվականներից սանձազերծած հակաքարոզչության «տրյուկներից» է, իսկ նրա հետ հաշվի չնստելը, մեղմ ասած՝ քաղաքական կարճատեսություն։ Այսօր՝ այս նախընտրական օրերին, նման հզոր քաղաքական գործոնը հաշվի չառնելը պարզապես ինքնախաբեություն է։ Առաջիկա արտահերթում Տեր-Պետրոսյանի մարտ ամսից սկսած գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Իսկ Փաշինյան Նիկոլը՝ հզոր քաղաքական գործոնների ներքո քիչ հավանական է, որ կհաղթահարի անցումային շեմը։

Արմեն Գևորգյան

Հ.Գ. Ներկա պահին Հայաստանում գոյությունի ունի 4 քաղաքական գործոն՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Նույնիսկ Ծառուկյանն այսօր քաղաքական գործոն չէ։