Փաշինյանին փոխարինելու է IV ուժը


1. Գործող քաղաքական դաշտը

Հայաստանյան քաղաքական դաշտը բախշված է երեք ուժերի միջև. 

  • առաջինը խորհրդարանական մեծամասնությունն է, այսինքն իշխանական ուժը,
  • երկրորդը խորհրդարանական փոքրամասնությունն է (կամ ինստիտուցիոնալ ընդդիմությունը), այսինքն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձևավորած ուժերը՝ ներառյալ դաշնակցությունը,
  • երրորդում արտախորհրդարանական կոչվող բոլոր այն քաղաքական խմբավորումներն ու մարդ-կուսակցություններն են, որոնք բացահայտ կամ քողարկված առաջին երկու ուժերի արբանյակներն են, կամ պարզապես դեմ չեն առաջին երկու ուժերին։

Հայաստանում քաղաքական օրակարգ թելադրում են առաջին երկու ուժերը, որոնք գործում են միմյանց փոխլրացնելով և չեն կարող գոյատևել իրարից անկախ։ Առաջին երկու ուժերի միջև քաղաքական տարաձայնություններ գոյություն չունեն. նրանց միջև պայքարը բացառապես իշխանության և տնտեսության ոլորտների վերահսկողության համար է։ 

Քաղաքական այս դաշտի երրորդ ուժի ձևակերպմանը համապատասխանող ուժերից մի մասին հանձնարարված է գործել արևմտամետ ուղղությամբ, մյուսներին՝ ռուսամետ, ինչն ինքնին փոխլրացնող հանգամանք է։ Բացի դա, երրորդ ուժերը փակում են առաջին երկու ուժերի վերահսկողությունից դուրս անկախ ստեղծված (և ստեղծվող) քաղաքական միավորների մուտքը գործող քաղաքական դաշտ։ Առաջին երկու ուժերի նպատակներին չհամապատասխանող ստեղծված և ստեղծվող որևէ այլ քաղաքական միավոր կազմակերպված կերպով դուրս է մղվում գործող քաղաքական դաշտից։

Հայաստանում քաղաքական դաշտում գործող այս երեք ուժեն են, որ  իրենց անսահմանափակ ֆինանսական և մեդիա ռեսուրսների միջոցով մանիպուլացնում և ապակողմնորոշում են հասարակությանը, ստում և կեղծում պատմությունը, վարկաբակում իրենց վերահսկողությունից դուրս գործիչներին։

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Հայաստանի քաղաքական դաշտը դերաբախշված է երկիրը ճգնաժամի ուղի դուրս բերած և աղետի հասցրած ուժերի միջև։

2. Քաղաքական ճգնաժամ

Սակայն, քաղաքական դաշտում օրակարգ ստեղծողները, այսինքն՝ փաստացի խաղացողները, պետության և հասարակության շահերն սպասարկում են միայն այնքանով, որքանով այն համապատասխանում է սեփական քաղաքական, տնտեսական և «գաղափարական» շահերին։ Այդ է պատճառը, որ պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները մնում են չլուծված, ինչն էլ իր հերթին ավելի է խորացնում երկրի ճգնաժամային իրավիճակը. իրավիճակ, որը չհաղթահարվեց անգամ արտահերթ ընտրություններով։

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Հայաստանյան գործող քաղաքական դաշտի կառուցվածքը հնարավորություն չի տալիս դիմակայել պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերներին, իսկ պետությունը ճգնաժամից դուրս բերելու հանրային պահանջարկը համընդհանուր է։

3. Նոր ուժեր

Հայաստանում արդեն իսկ ստեղծված է չորրորդ (IV) ուժ։ Սա տեսանելի և դեռևս անտեսանելի քաղաքական կուսակցությունների, խմբավորումների ու անհատների այն ամբողջությունն է, որոնք դուրս են քաղաքական դաշտի իշխանական և ինստիտուցիոնալ ընդդիմության վերահսկողությունից, և որ մերժում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Քոչարյան-Սերժ-ՀՅԴ ուժին։

ՓԱԿԱԳԾԵՐՈՒՄ. Նիկոլ Փաշինյանին և Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-ին մերժող ուժ նաև Հայ ազգային կոնգրեսն է, որը, սակայն, դուրս է IV ուժի շրջանակից։ Ինչո՞ւ։ Որովհետև ՀԱԿ-ն ակտիվանալու դեպքում (իսկ դա բացառելը կամ ՀԱԿ-ին որպես գործոն հաշվի չառնելը քաղաքական կարճատեսություն է) անմիջապես կզբաղեցնի վերևում ձևակերպած III ուժի թափուր տեղը, քանի որ առաջին երկու ուժերի արբանյակներից ստեղծված այդ ուժերն անմիջապես կձուլվեն (կինքնաբացահայտվեն) առաջին երկուսին։

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Սակայն, երկրիրը աղետի հասցրած գործող քաղաքական դաշտի խաղացողներն այլևս ի զորու չեն կանխել այլընտրանքային քաղաքական միավորումների առաջացումն ու զարգացումը։ 

3. IV ուժ

IV ուժը կուսակցություն չէ, քաղաքական միասնական ուժ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի,  Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-ի ու նրանց արբանյակային (կարճ՝ փաշինյանաքոչարյանասերժական) միավորներից կազմված գործող քաղաքական դաշտին այլընտրանքային քաղաքական դաշտ է։ IV ուժը ոչ միայն չի գործում փաշինյանաքոչարյանասերժական քաղաքական դաշտում, քանի որ չի առաջնորդվում նրանց առաջադրած օրակարգով, այլև հենց նրանք դա թույլ չեն տալիս գործելու «իրենց» դաշտում։

IV ուժի դաշտում այսօր բացահայտ գործունեություն են ծավալել «Հանրային ձայն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք քաղաքական խմբավորումներ, հնգյակներ և անհատներ։

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ. IV ուժը Փաշինյանին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և ՀՅԴ-ը բացառող քաղաքական դաշտն է։

4. Ամփոփում

Գործող քաղաքական դաշտի խաղացողներն ի վիճակի չեն հեռացնել կամ փոխարինել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Փաշինյանի հեռացումը պայմանավորված է քաղաքական դաշտից Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հեռացումով՝ այլընտրանքային քաղաքական դաշտում գործող ուժերի՝ IV ուժի միջոցով։

«Պետականություն» քաղաքական խմբավորում

Հաջորդիվ՝ «Ընտրազանգված», «Պայքարի ուղին», «Առաջնորդներ»։