Նոր շարժման մեկնարկ


2022 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն առաջնորդ Սուրեն Սուրենյանցն ազդարարել է «Նոր շարժման մեկնարկ»՝ գրառելով իր ֆեյբուքյան էջում։

Այսօր խորհրդանշական օր է ու թերևս արժե ընդհանուր ուրվագծերով անդրադառնալ հաղթող ընդդիմության մոդելին, մանավանդ, որ մի կողմից, իշխանության ռեֆորմիստական պոտենցիալը գրեթե զրոյական է, մյուս կողմից` տոտալ ճգնաժամի մեջ է գտնվում խորհրդարանական ընդդիմության ինստիտուտը։

Մի քանի կարևոր արձանագրումներ անենք.

  • 2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե հաղթահարեցին 2020թ-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամը, այլ այն միայն սառեցրեցին։ «Սև-սպիտակի» հակադրության փաստարկումով հանդես եկող ուժերը ձևավորեցին նոր խորհրդարանի խճանկարը, ինչն ինքնին քաղաքական ճգնաժամի մանրակերտն է։
  • «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ճգնաժամը չի սահմանափակվելու միայն ընդդիմադիր սեգմենտով, այլ տարածական է լինելու՝ անդրադառնալով նաև խորհրդարանական մեծամասնության, ԱԺ-ի, իշխանության ֆունկցիոնալ կենսունակության վրա։
  • Հասարակության զգալի մասն արդեն գիտակցել է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտի Քոչարյան/Սերժ Սարգսյանի փոխադարձ անտագոնիզմի հենքով ստեղծված քաղաքական համակարգը չի կարող երկրի զարգացման հիմքեր ստեղծել։ Ներքաղաքական հակադրության կողմերից յուրաքանչյուրը քաղաքական անվտանգության երաշխիք,  քաղաքական «թթվածին» է հակառակորդի համար ու արգելակ երկրի զարգացման ճանապարհին։
  • անհրաժեշտ է ցանցային սկզբունքով երկրի ողջ տարածքում ծավալել քաղաքական շարժում, որը հիմքեր է ձևավորելու հաղթող ընդդիմության մոդելի գեներացիայի համար։

Ընդդիմադիր շարժման համար կարևոր են.

2018-ի հեղափոխության օրակարգի, հանրային սպասումների քաղաքական կապիտալիզացիան,
երկրի ամբողջ տարածքում ցանցային սկզբունքով կազմակերպչական կառույցի ստեղծումը, ինչը թույլ կտա միանգամայն դեմոկրատական ճանապարհով ամբողջացնել որակապես նոր ընդդիմադիր հարթակը, հավաքագրել հասարակությանը հուզող խնդիրները ու ներկայացնել համապարփակ քաղաքական օրակարգ,
1991-98, 1998-2008, 2008-2018 և 2018-22թթ-ի ժամանակահատվածներին առանձին- առանձին քաղաքական գնահատականներ տալը։ Մինչև չձևավորվի ընդհանրական իրավա- քաղաքական գնահատական անցյալի ու ներկայի վերաբերյալ, քաղաքական շարժումը չի կարող զարգացման միասնական տեսլական ներկայացնել,
երկրի մոդեռնիզացիան. այդ նպատակով քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների փաթեթի մշակումը,
«Հայաստանի Հանրապետության շահն` առաջին հերթին» թեզի կապիտալիզացիան, ինչը ենթադրում է հայ- թուրքական, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում։ Դրա այլընտրանքը ռուս- թուրքական հարաբերություններում մանրադրամ դառնալն ու պետականությունը կոլապսի առաջ կանգնեցնելն է։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այսօրվանից ձեռնամուխ է իրական այլընտրանք մարմնավորող ընդդիմադիր շարժման նախաձեռնմանը։

  • Մենք դուրս ենք հեղափոխականության, միսիոներականության կարծրատիպերից, քաղաքական գործընթացի վաբանկային պլանավորումներից։
  • Մենք չենք դնելու իշխանությունների հրաժարականի, արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ, մեր խնդիրն է` մշտապես պատրաստ լինել ընտրություններին` լինեն դրանք հերթական, թե արտահերթ։ Մենք իշխանության ենք հավակնելու բացառապես ընտրությունների ճանապարհով։
  • Մենք գնում ենք սեփական էլեկտորալ հնարավորությունները մեծացնելու, այլընտրանքային ծրագրերը մշակելու ճանապարհով։
  • Ուրախ կլինենք, եթե օրվա իշխանությունը տարբեր մակարդակներում իրականություն դարձնի մեր այլընտրանքային առաջարկությունները` մարդկանց կյանքի որակը լավացնելու նպատակով։
  • Մենք իշխանությանը քննադատելու ենք միայն ծրագրային, արժեքային հիմքով` ընտրությունների ժամանակ հասարակությանը համոզելով, որ մեր թիմն ունի ավելի լավ ծրագիր` արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հավատում է ընդդիմության առաջարկվող մոդելի արդյունավետությանը ու գործընթացի առաջին փուլի արդյունքները կամփոփի Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության օրը՝ ներկայացուցչական խորհրդաժողովով։

Մեր հիմքը 88-ի շարժումն է, մեր ուղեցույցը Սեպտեմբերի 21-ի խորհուրդը։

Հ.Գ - բաց ենք համագործակցության համար բոլոր այն քաղաքական ուժերի ու անհատների հետ, որոնք կիսում են մեր արժեքներն ու գաղափարները։