Նիկոլի համար արևմտյան պատուհանը փակվում է, գոնե կարողանա Սոչիում արդյունավետ բանակցել...


Արցախի էլիտան քաղաքական միտք, բովանդակություն չունի: Հակառակ պարագայում՝ Արցախի ԱԺ այսօրվա հայտարարությունը չէր ծնվի, որը, մի կողմից, որևէ առնչություն չունի ռեալպոլիտիկի հետ, մյուս կողմից՝ դրանում չկա որևէ ակնարկ այն մասին, որ ԼՂ-ն պատրաստ է վերագտնել իր սուբեկտությունը, քաղաքական պատասխանատվությունը:

Պուտինը, բնականաբար, չի կարող բավարարել արցախցիների ակնկալիքները, հատկապես` անկախության մասով: Դա իրական չէ, Դոնբասի տարբերակը Ղարաբաղում աշխատել չի կարող:

Վաղը ու տեսանելի ապագայում ռուսական առաջարկի վերաբերյալ Սոչիում կոնսենսուս չի կայանա, բայց Մոսկվան հնարավորություն ունի՝ տորպեդահարել նաև ԱՄՆ/ ԵՄ նախաձեռնությունը:

Նման բանակցային փակուղին Երևանում և Ստեփանակերտում ոգևորություն չպետք է առաջացնի, որովհետև էսկալացիայի ռիսկերն են ավելանալու, մանավանդ՝ միջնորդական հարթակների գլոբալ հակադրության համատեքստում:

Փաշինյանին այս վիճակը չի հուզում, որովհետև նա վաղուց սովոր է ոչ թե զիջել թղթով, այլ հանձնել արյունով:

Այս վիճակը Հայաստանի մտածող քաղաքացիներին պետք է հուզի, այն մարդկանց, ովքեր «էստի համեցեք» չեն անում Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի իրենց «տերերին»:

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Քոչարյանի թիմը՝ Ստեփանակերտի քաղաքական դասին դարձնելով Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ:

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Փաշինյանի շրջապատը՝ կենցաղային հողի վրա ատելություն սերմանելով հասարակ արցախցիների հանդեպ, որոնց անհանգստությունն է տարել Վերածննդի հրապարակ, ոչ թե՝ «էլիտար» օրակարգը:

Ստեփանակերտում այսօր կարող էին, բայց չմեծացրեցին Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը:

Նիկոլի համար արևմտյան պատուհանը փոքրանում է, գոնե կարողանա Սոչիում արդյունավետ բանակցել...

Սուրեն Սուրենյանց