Ապագան այլընտրանքի մեջ է


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ քաղաքականությունն անբարոյականություն են համարում, նշանակում է, որ քաղաքականությամբ զբաղվող գործիչների գերակշիռ մասը բարոյականության հետ խնդիրներունեն։ Երբ քաղաքականությամբ զբաղվող գործիչների զգալի մասը պարկեշտ մարդիկ են, բնականաբար, որակման կարիք չի էլ լինում։ Հայաստանյան քաղաքական դաշտում այդ բալանսը վաղուց է խախտվել՝ ի վնաս պարկեշտության։ Տեսեք, երկիրը աղետի ճանապարհով տանողներն ու աղետ բերածներն այսօր առնվազն ներողություն խնդրելու կամ քաղաքական դաշտը լքելու փոխարեն ազգի փրկիչներ են ներկայանում կամ շարունակում իրենց աղետաբեր գործունեությունը։ Այս պատճառով է առաջացել արդարանալու պերմանենտ անհրաժեշտությունը. եթե արդարանում ես, ուրեմն քեզ մեղավոր ես զգում, եթե մեղավոր ես և արդարանում ես, ուրեմն ապակողմնորոշում կամ կամ մոլորեցնում ես։ Սա է այսօրվա քաղաքականության պատկերը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մեր երկրում ձևավորվել է քաղաքական մի կուռ համակարգ, որը պարկեշտ մարդկանց դուրս է մղում քաղաքական դաշտից։ Երբ նորմալ մարդը, որ գնահատելով երկրին օգտակար լինելու իր ներուժը, մղում է ունենում իր կարողությունները ծառայեցնել երկրին, հայտնվում է կամ պետությանը աղետի ճանապարհով տարած կամ աղետաբեր ուժերից որևէ մեկի վերահսկողության տակ, հակառակ դեպքում կամ լռության է մատնվում կամ վարկաբեկվում։ Սա քաղաքական դաշտի բարոյական գնահատականը չէ, այլ իրավիճակի արձանագրում։

ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մեր քաղաքական դաշտը եռաշերտ է։ Առաջին ուժը, բնականաբար, իշխող ուժն է, երկրորդը՝ խորհրդարանական ընդդիմությունը։ Երրորդ շերտում առաջին և երկրորդ ուժերին սպասարկող արտախորհրդարանական քաղաքական միավորներն են՝ միանձնյա կուսակցություններն ու գրանտակերները։ Քաղաքական այս դասավորվածությունն անխախտ պահելու անքակտելի բաղադրիչը առաջին երկու ուժերի անսպառ ֆինանսական միջոցներով սնվող լրատվամիջոցներն են՝ հանրությանն ապակողմնորոշող և մոլորեցնող այն հզորագույն գործիքը, որը մեկ բառով կոչվում է քարոզչամեքենա։ Քարոզչամեքենա, որին լծված են նաև մեծ թվով, այսպես կոչված մեկնաբաններ, քաղաքագետներ, քաղաքաառվակներ, քաղաքաստորակետներ և այսպես շարունակ։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանում պետական շահը ստորադասված է մասնավոր շահերին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ինչպե՞ս են ստեղծվում, կառավարվում և ընթանում քաղաքական գործընթացները Հայաստանում։ 

Պետության առջև ծառացած իրական մարտահրավերները հանրությանն անկեղծորեն բացատրելու, լուծումներ առաջարկելու, դիմակայելու և համախմբելու փոխարեն առաջին երկու ուժերն իրենք են հորինում քաղաքական օրակարգեր, իրենց քարոզչամեքենաներով սպասարկում են իրենց իսկ օրակարգերը՝ իրենց ապաշնորհությունն ու ոչ կոմպետենտությունը քողարկելով արկածախնդրությամբ ու մեծախոսությամբ։ Որևէ ողջամիտ գաղափարի, խոսքի կամ մտքի դեմ գործի է դրվում ամենակարող քարոզչական մամլիչը՝ շրջանառելով և տասնյակ հազարներով տիրաժավորելով սուտը, կեղծիքն ու խարդավանքը, շատ հաճախ նաև՝ զրպարտությունն ու վարկաբեկումը։ Իշխանությունն ու ընդդիմությունն իրար փոխկապակցված մեկ մարմին են. առաջին ուժի գոյությամբ պայմանավորված է երկրորդ ուժի գոյությունը,  երկրորդ ուժի գոյությաամբ՝ առաջին ուժի գոյությունը։ Եվ այս անվերջ թվացող շրջապտույտում տեսանելի չէ, թե երբ է մեր երկիրը վերջապես սկսելու դուրս գալ պատուհասած աղետից։ 

Մեկ խոքով կարելի է ասել, որ հայաստանյան գործող քաղաքական դաշտը չի ծառայում մեր պետությանն ու մեր ժողովրդին։ Ուստի արդեն կարծրանում է այն գիտակցումը, որ անհրաժեշտ է պետությունն ազատել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր ուժերի քաղաքական «շրջափակումից»։

ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Բայց ինչպե՞ս կարող ենք գործող քաղաքական դաշտն օտարել պետությունից, երբ գործնականում դա նշանակում է կործանել պետության վերջին փշրանքները։ 
Ուստի, միակ միջոցը, միակ ձևը, համարում ենք այլընտրանքային քաղաքական դաշտի ձևավորումը։ Իմ, «Պետականություն» քաղաքական նախաձեռնության և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Սուրեն Սուրենյանցի հետ համագործակցությունն ու միավորումն այդ գիտակցության արգասիքն է։ 

ՉՈՐՐՈՐԴ ՈՒԺ

Քաղաքական այլընտրանքային դաշտը մերժում է և գործող իշխանական, և ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Այստեղ ստեղծվում, բանավիճում, լուծումներ են առաջարկում և քննարկումներ կազմակերպում գործող քաղաքական դաշտի վերահսկողությունից դուրս գտնվող  քաղաքական ուժերը, գործիչները, քաղաքագետները, մեկնաբաններն ու անհատները։ Այս համատեքստում արդեն իսկ գործարկվում է լրատվական հարթակ՝ հանրությանը զերծ պահելու կեղծիքից ու խարդավանքներից, տեղեկացնելու միմիայն ճշմարտությունն ու իրականությունը, որքան էլ այն դառը լինի։

Առաջարկում եմ պայմանականորեն այդ դաշտն անվանել «IV ուժ»։ Ավելի հարմար անվանումն ընդունելի է։ 

ԱՊԱԳԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՄԵՋ Է

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության այս համագումարը այլընտրանքային քաղաքական դաշտի կայացման հավաստիքն է։ Համոզված եմ, որ ակտիվ գործելու պարագայում կարճ ժամանակ անց հենց այլընտրանքի միջից է լինելու հանրության ընտրությունը։

Արմեն Գևորգյան

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարի ելույթից