Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնք իրավունք չունեն Վանոյի անունը հնչեցնելու


Եվ ուրեմն,

  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման ժամանակ ևս շարունակվեցին Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հալածանքները, որոնց սկիզբ էին առել 1998-ի ներպալատական հեղաշրջումից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրերից։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման ժամանակ ևս Վանոն շարունակեց մնալ տարագիր, շարունակեց մնալ աստանդական, և ի վերջո իր իսկ հիմնադրած պետության սահմաններից անդին կնքելով մահկանացուն։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման ժամանակ ևս ոչ մի քայլ չարվեց Վանոյին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման ժամանակ ևս ոչ մի քայլ չարվեց Վանոյի նկատմամբ կեղծ ցուցմունքների հիման վրա սարքված շինծու քրեական գործը կարճելու ուղղությամբ, ամենափոքր քայլն անգամ չարվեց, ընդհակառակը՝ աղվանհովսեփյանական այդ այլանդակությունը շարունակվում է առ այսօր։
  • Դեռ ավելին, ինչ-որ մեկը, որի կարիերայի առաջխաղացման հարցում Վանոն անուրանալի դերակատարում է ունեցել, նրա մահից հետո հանդգնություն էր ունեցել հայտարարելու, թե «Ես որպես մարդ, որը նաև եղել է ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել, հանձնվել իրավապահներին, միշտ համարել եմ, որ 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել»։ (Չնայած, իրեն Քրիստոսի հետ համեմատող անձնավորության դեպքում սա կարծես թե նորմալ է)։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման ժամանակ մերժվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, մեծանուն գրող Վանոյին Պանթեոնում հուղարկավորելը։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնց իշխանավարման օրոք կասկածի տակ է հայտնվել նաև Վանոյի ջանքերով հիմնադրված պետության հետագա գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ նաև Վանոյի ջանքերով ազատագրված Ղարաբաղն այլևս Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, ընդ որում՝ հայաթափված։
  • Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, փաստորեն, որոնց նկարագիրը ևս կարելի է համարել Վանոյի այս խոսքերը․ «Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»:

Հ․Գ․  

ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան. - Իսկ այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան:
Վանո Սիրադեղյան․ - Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեադատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը:

Իսկապես, համաձայնվեք, 2018թ․ հետո ևս իրադրության փոփոխություն չեղավ, և գյադաները գնում–գալիս են իշխանության միջանցքներում․․․

Այնպես, որ Վանո Սիրադեղյանին են ցիտում մի ուժի ներկայացուցիչներ, որոնք․․․․ որոնք ուղղակի իրավունք չունեն Վանո Սիրադեղյանի անունը հնչեցնելու։

Արման Գալոյան