Դահիճին արդարացնում ու զոհին են մեղադրում


Հանրությանն անհայտ քոչարյանական կայքին հայտնի ինչ որ մի օգտատեր գրառում է արել, ու էդ օգտատիրոջ ամբարտավան ու անտրաբանական գրառումը որպես հույժ կարևոր միտք անմիջապես հրապարակել է քոչարյանական կայքը։ Էս մտքի տիտանն ասում է․ «Ահավոր պիտի չսիրես կյանքը, որ Նիկոլի ու Լևոնի պեսներին իշխանության բերելու համար հելնես, ընգնես փողոցները, մի բան էլ սպանվես (խոսքը վերաբերվում է մարտի մեկի ոճրագործությանը․- Ջ․Ա․)»։

Չգիտենք էլ ոնց սկսենք։ Անկախ մոտիվացիայից ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի կյանքը խլելու։ Մարդն ինչ մեղք էլ գործած լինի պետք է օրենքի առջև պատասխան տա։ Սա իմիջիայլոց։ Եթե մարդը կարող է դահիճին արդարացնել և զոհին մեղադրել (այս պարագայում 10 անմեղ զոհերի, որ իշխանությունները կրակել են ժողավրդի վրա), ապա նա իրավունք չունի կյանքը սիրելու մասին «միտք» արտահայտելու։ 

Եթե առաջնորդվենք էդ կայքի տրամաբանությամբ, ապա արդարություն պահանջողները կյանքը չեն սիրում, իսկ մարդասպանները կյանքը սիրում են։ Սերը աստվածատուր բան է։ Աքսիոմատիկ է, որ նման արարածները չեն կարող հասկանալ թե ով կարող է կյանքը սիրել, իսկ ով կարող է կյանքը չսիրել։ 

Այո, հանրությունը դուրս էր եկել և պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, արդար ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանին էր բերում իշխանության։ Այո, 2008թ․ եթե ընտրությունները չկեղծվեին և իր արդար քվեն պահանջող ժողովրդի վրա չկրակեին Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության կունենար, իսկ մենք կապրեինք միանգամայն այլ երկրում, 44-օրյա պատերազմի աղետը հաստատապես չէինք ունենա և Նիկոլ Փաշինյանն էլ իշխանություն չէր ունենա։ 

Այո, 2021թ․ Քոչարյանը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ միասնական երեք նախկին նախագահներով մասնակցել ընտրություններին և ընտրություններից հետո հեռանալ քաղաքական դաշտից, և Փաշինյանին հնարավորություն տվեց պահել իշխանությունը։ 

Այո, 2021թ․ ընտրություններին եթե Քոչարյանը չլիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը, դարձյալ Նիկոլ Փաշինյանն իշխանության չէր ունենա։ 

Այո, այս պահին եթե Քոչարյանն ու իր մանկլավիկները հեռանան քաղաքական դաշտից, էլի Նիկոլ Փաշինյանն իշխանություն չի ունենա։ Հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանին ո՞վ է բերել իշխանության ու հիմա ո՞վ է պահում։ Եզրրակացությունը թողնում ենք ընթերցողին։ 

Ջավահիր Այվազյան