Դերենիկ Խաչատրյան. Տեր Աստված, փրկի՛ր մեզ այսպիսի փրկությունից


Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես այդպես էլ չկարողացա հասկանալ իրենից ի՞նչ է ներկայացնում ոչմիթիզհողակականությունը՝ գաղափարախոսությու՞ն է, հայրենասիրողականությու՞ն է, աղա՞նդ է, աղետ-պատուհասությո՞ւն է,  Աստծո պատի՞ժ, թե՞ փրկություն։ 

Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթական զինադադարի կնքումից հետո, երբ այդ փաստացի հաղթանակը, որը, ի դեպ, հենց ճշգրիտ քաղաքականության,  դիվանագիտության և ռազմավարության արդյունք էր, սկսվեց դիվանագիտական և իրավական ճանապարհով ձևակերպելու փուլը։ 

Միանգամից հայտնվեցին այդ հաղթանակը սեփականաշնորհող և կերտող բազմաթիվ պատեհապաշտներ, որոնք ոչմիթիզհողականությունը դարձրեցին համարյա թե ազգային գաղափարախոսություն, հայրենասիրողականության բարձրագույն դրսևորում, հասցնելով աղանդի աստիճանի։ 

Երբ հանգամանորեն բացատրվեց, որ հարցի  լուծման ճիշտ ճանապարհը փոխզիջումային տարբերակն է, զիջելով մեր կողմից գրավված, բայց մեզ չպատկանող 7 շրջաններից 5-ը՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽԸ) ամբողջությամբ, Հայաստանի  հետ Լաչինի (Քաշաթաղի) շրջանի միջոցով հաստատուն կապով, իսկ Քալբաջարի (Քարվաճառի) շրջանը վերջնական լուծումից հետո, կնքելով խաղաղության պայմանագիր, ապաշրջափակելով լոգիստիկ, տնտեսական և էներգետիկ հաղորդակցությունները։  

Ոչմիթիզական  գաղափարախոսները այդ ճանապարհը համարեցին պարտվողական, դավաճանական և հայտարարեցին, որ կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք։ Նրանք չուզեցին հասկանալ նաև այն տրամաբանական բացատրությունը, որ ստիպված զիջելուց տեղը ոչինչ չենք ստանա, թշնամին կխլի ինչ ուզում է, չհաշված հնարավոր մարդկային կորուստները։ 

Պետական հեղաշրջմամբ իշխանության հասած ոչմիթիզականները 20 տարիների ընթացքում՝ չկատարելով ազգային երազանքների իրագործման ոչ մի խոստում, իշխանությունը թավշյա հեղափոխությամբ զիջեցին, ավելի խիստ ոչմիթիզհողականների, որոնք հայտարարում էին, որ փոխզիջում բառը ընդհանրապես պետք է հանենք մեր բառապաշարից։ 

Հետո կատարվեց այն, որի արդյունքում հասանք աղետ-պատուհասության, թե՞ Աստծո պատժի։ 

Հիմա այդ սուպերոչմիթիզականները բացատրում են, որ մեր միակ փրկությունը զիջողականությունն է, այն էլ մեր պետականության հիմքերի ի սկզբանե սխալ դնելու պատճառով։ Այժմ պետք է նոր հիմքերի մշակում և նոր չորրորդ հանրապետության ստեղծում։ 

Տեր Աստված, եթե դա է մեր փրկությունը, խնդրում եմ փրկի՛ր մեզ, Քո այդպիսի նոր փրկությունից։