Արշակ Կարապետյանն առաջարկում է օգտագործել «Հանրային Տրիբունալի» մեխանիզմը


«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» խորհրդի և ներկա վիճակի մասին։

Շեշտելով, որ «Հայաստանի ողջ տարածքում սկսված անհնազանդության ակցիան և դրա մասսայականությունը ցույց են տալիս, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այլևս ի վիճակի չէ կառավարել երկիրը, իսկ ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել ստեղծված իրավիճակն ու ազգային նվաստացումը» շարժման առաջնորդը գտնում է, որ «այս պայմաններում միակ ելքը կառավարության ողջ կաբինետի կամավոր հրաժարականն է»։

«Հայաստանին անհրաժեշտ է առաջնորդ, որը հենց այսօր պատրաստ է ժողովրդին առաջարկել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործողությունների հստակ և թափանցիկ ծրագիր»,- ասված է հայտարարության մեջ:

Սակայն, լավ իմանալով, որ Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը, այսօր առաջարկվող իմփիչմենթի, նոր ընտրությունների և մյուս տարբերակները թույլ չեն տալիս հաղթահարել ճգնաժամը, այլ միայն խորացնում են համակարգային հակասությունները, հանգեցնում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի, որի գլխավոր պատճառը երկրի ընդդիմադիր շրջանակներում միասնության և համաձայնության բացակայությունն է, ինչն էլ վստահաբար և հաջողությամբ օգտագործվում է իշխանությունների կողմից ՝ իրենց լիազորությունները պահպանելու համար։  

Ուստի, բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն հակահայկական ռեժիմի քաղաքականության և գործողությունների հետ՝ ի հակակշիռ գործող կաբինետի վարչական և ուժային ռեսուրսի, պետք է ընտրեն մեկ միասնական առաջնորդ և վստահեն նրան ՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: «Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել իրենց նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը:

«Առաջին քայլը պետք է լինի Տրիբունալի Խորհրդի ստեղծումը՝ նրա կազմում բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական, երիտասարդական և տեղական կազմակերպությունների լայն ներգրավմամբ: Առաջարկում եմ հենց այսօր դրա կազմում ընդգրկել հայ ժողովրդի հարգանքն ու համակրանքը վայելող Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Բագրատ Գալստանյանին»- ասված է Արշակ Կարապետյանի հայտարարությունում։ «Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա և անվերապահորեն աջակցվի Հայաստանում փոփոխություններ պահանջող և Փաշինյանի գլխավորած իշխանությունների կողմից իրականացվող բեսպրեդելի հետ չհամաձայնվող ողջ հասարակության կողմից»։

Ամբողջական տեքստը՝ ՀՃԿ պաշտոնական կայքում