Ցեղասպան քաղաքականություն վարողը Հայաստանին է դրանում մեղադրում


Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանցիներն այն անվանում են Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի ունեցավ վերաբնակվող ադրբեջանցիների բնակարանների հանձնման արարողությունը։ Բանալիները հանձնեց Ալիևը՝ հընթացս խոսելով «Խոջալուի ցեղասպանության հուշարձանի կառուցման» մասին (կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սկզբին):

«Երբ Խոջալուում հուշահամալիրը պատրաստ լինի, ողջ աշխարհը կտեսնի հայկական դաժանությունը: Սա ճշմարտություն է, և բոլորը պետք է իմանան դրա մասին։ Հայաստան էլ պետք է խոստովանի դա, պետք է ներողություն խնդրի մեզնից: Դա անելով՝ գուցե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է մի փոքր մեղմել այդ վայրագների, վանդալների, արյունահեղների մեղքը: Եթե Հայաստանի ղեկավարությունը դա չանի, կարծում եմ՝ երբեք չի կարողանա ոտքի կանգնել: Հայաստանը պետք է ճանաչի այս ողբերգությունը, որը ռազմական հանցագործություն է»,- նշեց Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ընդգծեց՝ Հայաստանի ներողությունը «Խոջալուի ցեղասպանության» համար կլինի շուտով: 

Հայկական կողմից Ալիևի այս հայտարարություններին արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

«Տարբեր թեզեր, խոսույթներ հնչում են, ուլտիմատումներ են նաև հնչում: Մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, բայց ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ, որովհետև Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը: Եկե՛ք արձանագրենք, որ այլևս չկա տարածք, որի վրա Ադրբեջանը կարող է կրակ բացել և միջազգային հանրությանը ապացուցել, որ դա իր միջազգայնորեն ճանաչված տարածքն է»,- ասել է Արթուր Հավհաննիսյանը: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ, բայց չանդրադարձավ Խոջալուի մասին Ալիևի հայտարարությանը։

Ալիևի հայտարարությանն անդրադարձել է նաև ՀԱԿ-ը՝ փաստերով ներկայացնելով, որ Խոջալուի դեպքերի պատասխանատուն Հայաստանը չէ, և դրա հետ կապված՝ բազմաթիվ փաստեր ու ապացույցներ կան։ Դրանցից մեկն էլ հենց ադրբեջանական կողմից է ներկայացվել․ Ադրբեջանի նախագահ Մութալիբովի (1991–1992 թթ.) հավաստմամբ` Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանի ազգային ճակատը։

Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով ընդդիմությանն, անդրադարձավ վերոնշյալ թեմային։

«Այս դիսկուրսի ժամանակ ակնհայտ երևում է մեր 30-ամյա դիվանագիտության ողջ թշվառությունը։ Ակնհայտ է, որ դիվանագիտական կորպուսի կատարողականը քննարկելիս խոսում են փամփուշտներից։ Ամենասարսափելին այն է, որ Ալիևը կարիք չունի որևէ հիբրիդային պատերազմ վարելու համար, որևէ այլ ճիգ գործադրելու, որովհետև Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ՝ ՀԱԿ-ը։ Որպես Ալիևի խոսափող՝ այստեղ հանդես են գալիս Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը»,- ասաց պատգամավորը։ 

Ըստ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի՝ Հայաստանը վերջապես կցորդ չէ և ունի դիվանագիտություն, վարում է իր անկախ հարաբերությունները, և դա ակնհայտ է։ «Պարո՛ն Միրզոյան, Ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի»,- հավելեց Վարդանյանը՝ դիմելով արտաքին գործերի նախարարին։

Միրզոյանն, ի հավելումն Վարդանյանի հայտարարության, ասաց«Տիկի՛ն Վարդանյան, ես մի մասով ուզում եմ կիսել դիտարկումը։ Երբեմն անկախ քեզնից նկատում ես, թե ինչ մեծ սինխրոնությամբ են այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում ձևավորում, արտահայտում կամ գործողություն անում Ադրբեջանի ղեկավարությունը, որոշ շրջանկներ և նրանց հետ կապված մեդիա շրջանակներ Հայաստանում և որոշ շրջանակներ, օրինակ, Ռուսաստանում։ Նույնիսկ էդ կոճակը սեղմելիս կարելի է երբեմն լաբորատոր փորձ անել, տեսնել, թե քանի վայրկյան հետո է այդ նույն դիրքորոշումը սկսում հնչել»։

Վերոնշյալներից զատ՝ այս պահին ՀՀ իշխանությունները որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել՝ ի պատասխան Ալիևի հայտարարության։

Այսօր դրան անդրադարձել է նաև Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շեշտելով՝ իշխանությունները համարժեք պատասխան չեն տալիս ադրբեջանաթուրքական քարոզչությանը։

«Իրենց որ նվաստացնում են՝ որպես այս պետության գլխին ոչ բարով կանգնած մարդիկ, ո՞վ է նվաստանում դրանից․ միայն իրենց ընտանիքներն ու իրե՞նք։ Չե՞ն հասկանում էդքանը։ Ուղեղ չունե՞ն։ Ալիևին ասում է՝ «Խոջալուի համար պիտի ներողություն խնդրեք», «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է»։ Ձևը գտել են։ Ասում են՝ սա ուզել ենք, էլի՛ ենք ուզելու։ Լեգիտիմ են, սուվերեն են, դե թո՛ղ խոսեն։ Ինչ խոսում են, ասում են՝ ինքնիշխան ենք։ Հա՛, ինքնիշխան եք։ Ձեր ժողովրդին են նվաստացնում, ա՛յ անգրագետներ։ Որ միայն ձեզ նվաստացնեն, գլուխը քարը, բայց էս ողջ ժողովրդին, դրոշն են նվաստացնում, գյուղացիներիդ ասում են՝ ա՛ջ գնա, ձա՛խ գնա․․․ ինչ ուզում, անում են, մտնում են, չգիտեմ՝ ինչեր են անում, դրանց պատասխանն ո՞վ է տալու»,- ասաց Բագրատ սրբազանը։

«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանն, անդրադառնալով Ալիևի հայտարարությանն ու հայկական կողմից համարժեք պատասխան չհնչեցնելու փաստին, մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Արդյո՞ք Արցախի հանձնումը, ազգաբնակչության տեղահանումն ավելի մեծ մեղք չէր, քան Խոջալուի մասին ինչ-որ կարծիք հայտնելը։ Իրենք (նկատի ունի ՀՀ իշխանություններին - հեղ․) Ադրբեջանի հովանավորությամբ իշխանության եկած քոչվոր գլոբալիստներ են և կատարում են այն բոլոր պահանջները, հանձնարարականները, որոնք ներկայացվում է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի կողմից։ Դրա համար էլ ինչ-որ զարմանալի բան չկա»,- կարծում է Հովհաննես Շահինյանը։

Նա հիշեցրեց՝ Խոջալուի դեպքերը կազմակերպեց Ադրբեջանի ազգային ճակատը։

«Մի Նիկոլ էլ իրենք ունեին՝ Էլչիբեյ անունով։ Էլչիբեյը թափառական, կիսագրագետ մարդ էր՝ Հեյդար Ալիևի գործիքներից մեկը՝ պահպանողական, ազգայնական գաղափարախոսության ներկայացուցիչ։ Եվ որպեսզի Ադրբեջանում կազմակերպվեր իշխանափոխություն, այդ մարդկանց էին առաջ բերել։ Սա մոտավորապես կարելի է համեմատել Մարտի մեկի հետ, երբ ինչ-որ երեխայի կոշիկ էին գտել, ասում էին՝ դիակը թաքցրել են, բայց կոշիկի մի զույգը մնացել է․․․ Սա որպես օրինակ եմ ասում։ Մի բան էին ասում, որ մարդկանց մեջ զայրույթի ալիք բարձրացնեին»,- հիշեցնում է Հովհաննես Շահինյանը։

Նա հիշեցրեց՝ այս կամ այն պատրվակով ադրբեջանցիները մարդկանց են առևանգել՝ տարբեր մեղքերի համար մեղադրելով, օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանին կամ մյուսներին՝ ասելով դուք չպետք է լինեիք այդ հատվածում, քանի որ սա երեկ երեկոյան արդեն Ադրբեջանին է անցել, սահմանի խախտում է եղել։

«Սա նոր մահակ է նոր մարդկանց ձերբակալելու համար՝ այս իշխանության ձեռքով։ Այս իշխանությունն ադրբեջանցիների կողմից բացված դուստր ձեռնարկություն է։ Նրանց միջոցով ուզում են ում հետ ինչ հարցեր ունեն, խնդիրներ ունեն, բերեն, կապեն այս Խոջալուի դեպքերի հետ, գործեր հարուցեն, միջազգային հետախուզում հայտարարեն․․․»,- ասում է Հովհաննես Շահինյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարծում է՝ կատարվող իրադարձությունները փաստում են մի բանի մասին. Հայաստանի ներկայիս իշխանությունների զիջողական քաղաքականությունը հանգեցնում է Ադրբեջանի նորանոր պահանջների։ 

«Մենք բազմիցս զգուշացնում էինք, որ սա միայն Արցախի կամ Տավուշի հարցը չէ, հենց սրա համար էինք ասում։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ Ադրբեջանն՝ ինքը վարելով ցեղասպանական քաղաքականություն, մեզ է փորձում մեղադրել դրանում։ Թշնամու նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեզ մինչև վերջ ծնկի բերելը։ Այս օրերի մեր պայքարն ուղղված է այս իրավիճակը փոխելուն, մեր մեջքը շտկելուն, արժանապատվությունը վերականգնելուն»,- նշում է Դաիելյանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը հիշեցնում է՝ այս իշխանության կողմից արձագանք է եղել Ալիևի հայտարարությանը, թե անգամ չեն պատրաստվում այդ հարցը քննարկել։ Քաղաքագետն ասում է՝ իշխանությունը չի գնա այն քայլին, որ ադրբեջանցիների հորջորջած «Խոջալուի ցեղասպանությունը ճանաչի»։ Բայց, այսուհանդերձ, ստեղծված իրավիճակում այս իշխանությունը պիտի հասկանա, եզրակացություններ անի, ընկալի, որ Ադրբեջանի ուզածը խախաղությունը չէ։ Նրանք այս գործընթացում ուղղակի Հայաստանի դեմ թղթապանակ են պատրաստում հետագայում միջազգային ատյաններում Հայաստանը որպես պատերազմական հանցագործ, ագրեսոր ներկայացնելու համար։ Դա կարող է ունենալ ծանրագույն հետևանքներ՝ փոխհատուցումներ․․․

«Հայաստանի իշխանությունները պիտի հասկանան, որ այդ խաղաղության համաձայնագիր կոչվածն ընդամենը փուչիկ է, Ադրբեջանի ուզածը դա չէ։ Հետևաբար, պետք չէ կուլ տալ այդ խայծն ու գնալ զիջումների»,- նշեց Բաղդասարյանը։

Արմեն Բաղդասարյանը հավելեց՝ Հայաստանը, բարեբախտաբար, ունի շատ լուրջ, զորավոր փաստարկներ Խոջալուի դեպքերի հետ կապված։ Հայաստանը պիտի առանց վախենալու իր ունեցած ծանրակշիռ փաստարկները ներկայացնի միջազգային հանրությանը, կառույցներին, ոչ թե առաջնորդվի այն սկզբունքով, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝  անդրադառնալով Արցախում մեր մշակութային արժեքները վերացնելու հարցին, Փաշինյանը հայտարարեց՝ եթե մենք շատ հետևողական լինենք այդ հարցում, դա կարող է հանգեցնել լարվածության։ Հիմա այս դեպքում էլ գուցե կարծեն՝ եթե հետևողականորեն հերքենք, հակասենք Ադրբեջանին, դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։ Այս մոտեցումն անընդունելի է, որովհետև մեր կողմից ցանկացած լռություն կամ ոչ կոշտ հակազդեցություն Ադրբեջանն ընկալելու է որպես թուլության ու համաձայնության նշան և իրենք ավելի են սաստկացնելու ճնշումներն ու մեղադրանքները»,- եզրափակեց քաղաքագետը։

Հասմիկ Բալեյան,
Լրագրողների միջազգային միության անդամ