Ադրբեջանական օրակարգեր՝ արևմտյան կողմնորոշում քարոզելու քողի տակ


Վերջերս կրկին ակտիվացած Էդմոն Մարուքյանը, ով այդպես էլ չարձագանքեց բարձրացված որոշ հարցերի, «ադրբեջանական նարատիվների» թեմայի շրջանակներում անձնավորված կոնկրետ անձանց է անդրադառնում, որոնք, ըստ իրեն, քողարկված կերպով ադրբեջանական օրակարգի պրոպագանդայով են զբաղված:

Չճանաչելով տվյալ անձանց, հարկ եմ համարում խնդրին անդրադառնալ Մարուքյանի կողմից բարձրացված բուն թեմային, այն է՝ «որոշ անձանց կողմից» հասարակությանն արևմտյան կողմնորոշում քարոզելու քողի տակ՝ ադրբեջանական օրակարգեր սպասարկելուն:

1. Եթե հիմք ընդունենք այդ թեմայի վերաբերյալ Մարուքյանի կողմից ներկայացվող ողջ վերլուծական թեզերը, ապա այն, իրականում, տարածվում է շատ ավելի լայն շրջանակների վրա, քան այն կոնկրետ անձինք, որոնց մասին խոսում է Մարուքյանը:  Խնդիրն ամենևին այդ թեզերը չեն, խնդիրը Մարուքյանի կողմից 10-երորդական նշանակություն ունեցող անձանց վրա կենտրոնանալն է: Ու դա այն դեպքում, որ, ինչպես նշվեց, այդ մարդկանցից ավելի մեծ լսարան ունեցող ու վերջին ընտրություններում «նաղդ» տոկոսներ խփած հայտնի շրջանակներ կան, որոնց տարիներ տևող քարոզչությունը ոչնչով չի տարբերվում Մարուքյանի կողմից որպես «ադրբեջանական նարատիվներ» ներկայացվող քարոզչությունից: Միգուցե Մարուքյանի սակրավորական տաղանդը նրանց բացահայտելու հարցում դեռ նոր պետք է ի հայտ գա: Քավ լիցի:

2. Այդ շրջանակներից հայտնի ներկայացուցիչներից մեկն այժմ քարոզում է, որ ռուսները Ալիևին համոզում են, որ պատերազմով Հայաստանից բնակավայրեր գրավի, որպեսզի նրանք՝ ռուսները, այդ պատրվակով զորքով գան մեզ փրկելու, սակայն այդ ամենը տեղի չի ունենում, քանի, որ Ալիևը սարսափում է արևմուտքի հնարավոր արձագանքներից: 

ա/ Փաստորեն, երբ Ադրբեջանը ՀՀ մի քանի հարյուր քառակուսի կմ տարածք է օկուպացրել, դա արևմուտքի համար նորմալ է, իսկ երբ կոնկրետ բնակավայր գրավի, դա, արդեն, նորմալ չի լինի: Այսինքն՝ Ադրբեջանը հանգիստ կարող է Հայաստանում, բնակավայրեր շրջանցող, միջանցքներ բացել, այսինքն՝ Հայաստանից փլավքամիչ սարքել, ու դա նորմալ կլինի՞: Հիմա սա «ադրբեջանական նարատիվ» է, թե՞՝ ոչ:
բ/ «Էս գլխից», ըստ էության, արդեն իսկ դրվում են հնարավոր պատասխանատվությունից խուսափելու հիմքերը: Վաղը, հանկարծ, որ հարձակում տեղի ունենա, այս մարդիկ, ինչպես միշտ, պարզ ճակատով հայտարարելու են, որ ռուսների դրդմամբ է տեղի ունեցել այդ ամենը: Հիմա սա «ադրբեջանական նարատիվ» է, թե՞՝ ոչ:

3. Թե՛ քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմների, թե՛ Արցախի շրջափակման ու հայաթափման պատասխանատվությունը թե՛ տվյալ շրջանակները, թե՛ հենց ներկայիս իշխանություններն ուղղակի ու անուղղակի պրոպագանդիստական եղանակներով ամբողջությամբ  բարդել են ռուսների վրա: 

Ու այդ ամենը, կարևորը, արվում է ոչ միայն ներքին լսարանի համար, այլև՝ արտաքին: Ադրբեջանն իրականացնում է գործողություններ, մենք հայտարարում ենք՝ դրա պատասխանատուն ռուսներն են: Ու դա հայտարարում ենք միջազգային ամբիոններից: Հիմա այս ամենն «ադրբեջանական նարատիվ» է, թե՞՝ ոչ: Ո՞ւմ շահերն են դրանք սպասարկում:

Հարութ Ուլոյան