Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս․․․


Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Արցախի (Ղարաբաղի) լեռների նույն կաղնին էր:

Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։…

Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,- ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք»:

Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը:

Ավետիք Իսահակյան
 «Իմ հուշերից» 1933թ.